Մատչելիության հղումներ

logo-print

Տրանսպորտի նախարարությունը պայմանավորվել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ


«Քինգ դելյուքս»-ի ավտոբուսները

«Քինգ դելյուքս»-ի ավտոբուսները

Աշխատանքները կկազմակերպվեն այնպես, որ «բարեգործությունը ծառայի հանրության շահերին, իսկ կանոնավոր ուղեւորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարվի»։

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուղեւորափոխադրումներով զբաղվող «Քինգ դելյուքս» եւ «Տրանս կոմֆորտ» տրանսպորտային կազմակերպությունների եւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեության միջեւ ծագած հակասությունների հարցով, նախարարության կողմից ուսումնասիրությունների եւ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բարեգործական հիմնադրամի հետ աշխատանքները կազմակերպելու այնպես, որ բարեգործությունը ծառայի հանրության շահերին, իսկ կանոնավոր ուղեւորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարվի։

«Նախարարությունը, կարեւորելով բարեգործության նշանակությունը մեր ժողովրդի սոցիալական շերտերի համար, այսուհետ ավելի հետեւողական է լինելու, որպեսզի այդ գործառույթները իրար չխոչընդոտեն», - տեղեկացնում է տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունը։

«Քինգ դելյուքս» եւ «Տրանս կոմֆորտ» ընկերությունները դիմում էին ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։ Տնտեսվարողները դժգոհություն էին հայտնել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ավտոբուսները խոչընդոտում են իրենց կանոնավոր ուղեւորափոխադրումները։

Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր. - «Մեր ուսումնասիրության արդյունքներով հանձնաժողովը պարզեց, որ խնդիրը գտնվում է տրանսպորտի եւ կապի նախարարության կարգավորման դաշտում»։

Այս ամիս ավելի վաղ «Քինգ դելյուքս» ընկերությանը պատկանող Աբովյան - Երեւան եւ Չարենցավան - Երեւան երթուղու մի քանի տասնյակ վարորդներ գործադուլ էին հայտարարել` պնդելով, թե բարեգործական ավտոբուսները իրենց երթուղուն զուգահեռ են աշխատում եւ խլում են իրենց ուղեւորներին:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ բարեգործական անվճար ավտոբուսները շարունակելու են սպասարկել Կոտայքի մարզի բնակիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG