Մատչելիության հղումներ

Երեւանի Աբովյան փողոցում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի հարեւանությամբ տարվող շինարարությունը չորեքշաբթի օրը դադարեցվեց: Շինարարությունը առաջացրել էր տեղի բնակիչների եւ հասարակական ակտիվիստների դժգոհությունը:

ԴԱՀԿ աշխատակիցները եկան եւ շինարարական աշխատանքներ իրականացնող «Հորիզոն 95» ընկերությանը եւ պատվիրատուին տեղեկացրեցին, որ շինարարությունը ժամանակավորապես դադարեցվում է` մինչեւ դատարանի կողմից համապատասխան դատավճռի կայացումը:

Ավելի վաղ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Աբովյան 3 եւ Աբովյան 3/1 հասցեների յոթ բնակիչների միջնորդությունը ընդդեմ «Լոկալ Դիվելոփերս» ընկերության, որը շինարարական աշխատանքներ է իրականացնում ԱՕԿՍ-ի շենքի հարեւանությամբ: Բնակիչները միջնորդել էին արգելել Աբովյան փողոցի շինարարական աշխատանքները, որոնք, ըստ նրանց, ապօրինի են եւ խախտում են քաղաքաշինական նորմերը:

Հիշեցնենք, մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն ու «Լոկալ Դիվելոփերս» ընկերության նախագահը մամուլում հերքել էին այն լուրերը, թե ԱՕԿՍ-ի շենքը քանդվելու է: Իսկ ակտիվիստների նախորդ բողոքի ակցիայի ժամանակ մշակույթի նախարարության ներկայացուցիչն ասել էր, թե շենքը ընդամենը ապամոնտաժվելու է, որպեսզի հետո վերականգնվի: Ակտիվիստներն այդպիսի մոտեցումն անընդունելի են համարում:

«Իմաստը՞, ես չեմ հասկանում, էդ շենքը որ փլուզվեց, ոնց են վերականգնելու», - հարցնում էր ակտիվիստներից մեկը:

Բնակիչները եւ ակտիվիստները նաեւ մտահոգված են շինհրապարակի մոտ փակցված ցուցանակի առնչությամբ, որը, ըստ ակտիվիստ Վարդան Գերավետյանի, հստակ ցույց է տալիս, որ շենքը կառուցվելու է նաեւ ԱՕԿՍ-ի տեղում:

«Եթե ուշադիր նայենք, Աբովյան 3 շենքի տեղում է, այսինքն նշանակում է` ինքը կառուցելու է դա, հետագայում սա երեւի էլի կմտցնեն գերակա շահի տակ, էլի կբերեն, կհամարակալեն, որ տեղափոխեն, էս մարդկանց կվտարեն, շենքը կամ ինքն իրեն վերցնի, կամ կքանդի, կսարքի: Փաստորեն պարզվում է, որ իրենք նախնական նախագիծ ունեին, որ ԱՕԿՍ պիտի քանդեն: Բայց մինչեւ հիմա ոչ մի իրավական փաստաթուղթ չկա, որ ԱՕԿՍ-ի շենքը քանդեն», - ասաց Գերավետյանը:

Ակտիվիստների հետ նախորդ հանդիպումների ժամանակ մշակույթի նախարարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ կբացվի նաեւ Աբովյան փողոցից դեպի Հյուսիսային պողոտա տանող նեղլիկ Լալայանց փողոցը: Սակայն ակտիվիստները վստահ են, որ դա արդեն իսկ ներկայացված նախագծով անհնար է:

ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ շինարարական աշխատանքները կարող են վերսկսվել միայն համապատասխան դատական ակտի առկայության դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG