Մատչելիության հղումներ

Հայ հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը կարծում է, որ ցանկալի է, որպեսզի սիրիահայ համայնքը մնա Սիրիայում: Մանոյանը, ընդգծելով, որ Հայաստան գալ ցանկացողներին պետք է հնարավորինս օգնել, միաժամանակ համոզմունք հայտնեց, որ չպետք է թույլ տալ, որպեսզի դասական այդ համայնքը քանդվի:

Ողջ Սիրիայի տարածքում 100 հազարից ավելի հայեր են բնակվում:

«Մեր մոտեցումը հետեւյալն է, որ համայնքը պետք է մնա Սիրիայում. առայժմ բոլոր տեսանկյուններից ճիշտ կլինի, որ համայնքը մնա Սիրիայում, մնա կենսունակ, եւ փորձենք նվազագույն կորուստներով այս ամբողջից դուրս գալ: Համայնք քանդելը համեմատաբար հեշտ բան է, բայց համայնք կազմակերպելը շատ դժվար է: Այս պայմաններում կազմակերպված համայնքը պահելը շատ ավելի հեշտ է բոլոր դժվարություններով հանդերձ, քան թե խուճապի մթնոլորտ ստեղծել, աջ ու ձախ մեղադրել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մանոյանը:

Մանոյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը անում է հնարավորը սիրիահայ համայնքի անվտանգությունն ապահովելու համար: Այդ նպատակով քաղաքական համապատասխան շրջանակների հետ աշխատանքներ են տարվում:

«...որ հանկարծ հակահայ արարքներ չլինեն, որովհետեւ մի կողմից իշխանությունն է, մյուս կողմից պառակտված ընդդիմությունն է: Որ մասը ինչ կանի եւ այլն, բավական բարդ հարց է», - ասաց Մանոյանը:

Կիրո Մանոյանը «չափազանցված» եւ «խուճապի մթնոլորտ ստեղծող» համարեց այն տեղեկությունները, թե սիրիահայերը զանգվածաբար ցանկանում են գալ Հայաստան, բայց չեն կարողանում: Համաձայնելով, որ չվերթների հետ կապված դժվարություններ «Արմավիա» ընկերությունն առաջացրել է, եւ անընդունելի համարելով «իրավիճակից օգտվելու» ավիաընկերության փորձերը, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրենը միաժամանակ հերքեց, որ «բոլոր հայերը թողնում, դուրս են գալիս Սիրիայից»: Իսկ ինչ վերաբերում է հաճախ հնչող այն կարծիքներին, որ Հայաստանի կառավարությունը պետք է հատուկ օդանավեր ուղարկի սիրիահայերին Հայաստանի տեղափոխելու համար, Մանոյանն ասաց` այդ հարցը բավական բարդ է:

«Այն օրը, որ Հայաստանը` որպես պետություն, ասի, որ ես տանում եմ սիրիահայերին, դա նշանակում է, որ բոլորին պետք է տանի, մնացողները ի՞նչ են ուրեմն: Դա մնացողների վրա գիծ քաշել է նշանակում, բայց որ մարդիկ իսկապես ուզում են գալ, նրանց հնարավորություն պետք է տրվի, բայց ոչ թե նախաձեռնենք մենք, որ բերում ենք: Հիմա շատերը կարող են մեղադրել, ամեն մարդ իր կարծիքը ունենալու ազատություն ունի, բայց նաեւ պատասխանատվության հարց կա: Պետք է պատկերացնեն, որ նման դեպքերում ինչ կլինի: Ասենք, լավ, 10 հազար հոգի բերեցինք, 10 հազար բնակարան տվեցինք, իսկ մնացածը՞, 100 հազարից ավելի հայ կա ամբողջ Սիրիայում: Մարդ կա իսկապես չի ուզում իր կալվածքը թողնի, որովհետեւ թողնել, լքել, դուրս գալ նշանակում է, որ ամեն ինչ կորցրին: Պետք է փորձենք հնարավորինս քիչ կորուստներով այս ամբողջից դուրս գալ` միաժամանակ հնարավորություն տալ ցանկացողներին Հայաստան գալ», - ասաց նա:

Մանոյանի կարծիքով, եթե նույնիսկ «Արմավիան» չի կարողանա դա ապահովել, ապա պետությունը կարող է ցանկացողներին Հայաստան բերելու այլ ուղիներ գտնել:

«Կարծում եմ, այնքան էլ դժվար չէ, թեեւ չգիտեմ այն իրավական մանրամասնությունները, որ Սիրիայի պետության հետ պետք է լուծվեն, որ ուրիշ մի ընկերություն ձեւավորվի, չարտերային թռիչքներ ունենա առանց շահի: Եվ եթե պետք է նույնիսկ դրա մեջ որոշ բարեսիրական կազմակերպություններ մասնակցեն, որ ոմանց պարագայում նույնիսկ հեշտացնեն, բայց պետք չէ այնպիսի ձեւով անել, որ խուճապ առաջանա», - ասաց Հայ դատի գրասենյակի ղեկավարը:

Կիրո Մանոյանը շեշտեց, որ իրենք աջակցում են սիրիահայերին երկրի ներսում, կօգնեն նաեւ արտագաղթածներին, եթե նրանք Հայաստանում կամ այլ երկրում դրա կարիքը ունենան:

Բողոքի ակցիա «Արմավիա»-ի դեմ

Դաշնակցությունից բացի, առայժմ քաղաքական ուժերից Հայ ազգային կոնգրեսն է դիրքորոշում հայտնել սիրիահայերի Հայաստան վերադարձի կապակցությամբ` մեղադրելով Հայաստանի կառավարությանը սիրիահայ փախստականների մուտքը Հայաստան «անուղղակի ձեւով խոչընդոտելու եւ դժվարացնելու մեջ», իսկ «Արմավիա»-ին` տոմսերի գները «անամոթաբար» բարձրացնելու համար: Իշխող հանրապետական կուսակցությունը առայժմ դիրքորոշում չի հայտնում:

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությունը, այսօր մի խումբ ակտիվիստներ բողոքի ցույց էին անցկացնում «Արմավիա» ընկերության կենտրոնական գրասենյակի մոտ` պահանջելով հրաժարվել «ազգային ավիափոխադրողի» կարգավիճակից: եւ Ապրես Զոհրաբյանը բնորոշեցին:

«Եթե դուք չեք կարողանում իրական քաղաքականություն վարել, ուրեմն գրողի ծոցը կորչի ձեր ազգային լինելը, կոչվեք ուղղակի «Արմավիա» եւ մասնակցեք հավասար պայմաններում միջազգային մրցակցությանը», - հայտարարեց ակտիվիստներից Նվարդ Մանասյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG