Մատչելիության հղումներ

Գյումրիում հակասական լուրեր են շրջանառվում Ղուկասյանի որդու մասին


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Վերջին օրերին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` Սպարտակի մասին հակասական լուրեր են շրջանառվում:

Երեկ, օրինակ, լուրեր էին տարածվել, թե իշխանությունները 24 ժամ են տվել քաղաքապետի որդուն Հայաստանից հեռացնելու համար: Նույն օրը` ավելի ուշ, արդեն մամուլում հրապարակումներ եղան, թե Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները Սպարտակ Ղուկասյանին թույլ չեն տվել մեկնել Մոսկվա:

Գյումրիի քաղաքապետի խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ օդանավակայանում տեղի ունեցածի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չունի:

ԱԱԾ-ի մամլո ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ իրենք կապ չունեն, պարզաբանումներ պետք է տա ոստիկանությունը: Իսկ վերջինիս լրատվական ծառայությունից հայտնեցին, թե Սպարտակ Ղուկասյանի` Հայաստանից հեռանալու որեւէ արգելք չկա:

Ոստիկանության լրատվական ծառայությունը անպատասխան թողեց «Ազատություն» ռադիոկայանի հարցը, թե նման միջադեպ «Շիրակ» օդանավակայանում եղե՞լ է, թե՞ չի եղել:

Մի քանի օր առաջ, հիշեցնենք, մամուլում հրապարակվեց, թե Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, սեպտեմբերի 9-ին նշանակված Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ամենահավանական թեկնածուներից մեկի` Սամվել Բալասանյանի (ում թեկնածությունն առաջադրելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը) տնից մոտ 30 մ հեռավորության վրա մեքենայով կանգնել եւ բարձրաձայն հայհոյանքներ եւ սպառնալիքներ է հնչեցրել: Սամվել Բալասանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, որ իրեն այդ մասին պատմել են ականատեսները:

Մամուլում այսօր նաեւ տեղեկություն է տարածվել, թե Վարդան Ղուկասյանը, ով, հիշեցնենք, մի քանի օր առաջ հրաժարվել էր Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնցից, դիմում է գրել նաեւ կուսակցությունից դուրս գալու մասին: Այս կապակցությամբ Լիլիթ Աղեկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե այդպիսի դիմում Ղուկասյանը չի ներկայացրել: Նույնը ասացին նաեւ ՀՀԿ-ում:

Գյումրեցիների շրջանում ամենաքննարկվող հարցը քաղաքապետի առաջիկա ընտրությունն է:

please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG