Մատչելիության հղումներ

Քաղաքագետները հավանական չեն համարում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին, 24 հուլիսի, 2012
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին, 24 հուլիսի, 2012
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի Երեւանում արած հայտարարությունը գնահատում է բացառապես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած ծրագրի քարոզչության համատեքստում, եւ հավանական չի համարում Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու հեռանկարը:

Ռուսաստանի Պետդումայի նախագահը երկուշաբթի օրը հայտարարեց, թե իր երեւանյան հանդիպումներում Հայաստանի ղեկավարների հետ քննարկել է ԵվրԱզԷս-Հայաստան ձեւաչափով համագործակցության զարգացման հեռանկարները:

«Հայաստանի ղեկավարությունն ուշադրությամբ հետեւում է, թե ինչպես է զարգանում եվրասիական նախագիծը` ձգտելով իր տեղը որոշել այդ նախագծում, հասկանալով, որ եվրասիական տնտեսական տարածքը հեռանկարային է առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման առումով», - մասնավորապես նշել էր Սերգեյ Նարիշկինը:

Ըստ Մինասյանի, Հայաստանը արդեն քանիցս պաշտոնապես հստակեցրել է իր դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ` նշելով, որ տնտեսապես ձեռնտու չէ այդ կառույցին անդամակցությունը: Ավելին, քաղաքագետը պնդեց, որ Ռուսաստանը նույնպես, շատ լավ հասկանալով, որ Հայաստանի համար այդ կառույցը որեւէ տնտեսական հեռանկար չունի, ինքը եւս պատրաստ չէ հսկայական դոտացիաներ տրամադրել Երեւանին:

«Տնտեսական առումով Հայաստանի մասնակցությունը ԵվրԱզԷս-ին ինչ-որ դոտացիոն պրոյեկտ է լինելու, այսինքն Ռուսաստանը, ելնելով իր աշխարհաքաղաքական ցանկություններից, այդքան գումարներ պատրա՞ստ է տրամադրել Հայաստանի անդամակցության համար, եւ արդյոք Ռուսաստանին պե՞տք է մի երկիր, որը տնտեսական բեռ է լինելու Ռուսաստանի համար: Դա հարց է, որը ուղղված է հենց Ռուսաստանին», - ասաց Մինասյանը:

Մյուս կողմից, սակայն, ըստ քաղաքագետի, Հայաստանում շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանի ղեկավարության կամ որոշ ղեկավար անդամների համար «անձնական-նոստալգիկ» հավակնությունների արտահայտություն հանդիսացող այս նախագծի հանդեպ հարկ է զգուշավոր վերաբերմունք ունենալ, հետեւաբար, պաշտոնական Երեւանը կամ կխուսափի Նարիշկինի հիշյալ հայտարարության, ու առհասարակ Եվրասիական միության հետ հետագա հարաբերությունների մասին նոր խոսք ասելուց, կամ կբավարարվի անորոշ, անհստակ հայտարարություններով: Ամեն դեպքում, ըստ Սերգեյ Մինասյանի, Մոսկվան չի փորձի ճնշում գործադրել Երեւանի նկատմամբ, քանի որ Հայաստանն առանց այդ էլ Ռուսաստանի հետ համագործակցում է շատ ավելի լուրջ ռազմաքաղաքական կառույցի՝ ՀԱՊԿ-ի շրջանակում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ էդգար Վարդանյանը եւս, «Ազատություն» ռադիոկայանի զրույցում քիչ հավանական համարեց Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հնարավորությունը, թեեւ ամբողջովին չբացառեց դա` նշելով, թե նման զարգացման կարելի է սպասել միայն տարածաշրջանում հեղափոխական փոփոխությունների դեպքում: Ներկայումս, մինչդեռ, ըստ փորձագետի, Հայաստանն ակնհայտորեն նախապատվությունը տալիս է առավել լուրջ տնտեսական հեռանկարներ խոստացող Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին, քանի որ, եթե ոմանք Արեւելյան գործընկերությունն ու ԵվրԱզԷս-ը գնահատում են իբրեւ մրցակից ծրագրեր, ապա ԵվրԱզԷս-ը մեր պարագայում պարզապես մրցակցությանը չի դիմանում:

Հարցին, այդ դեպքում ի՞նչ խնդիր է հետապնդում Մոսկվան` ժամանակ առ ժամանակ Երեւանին Եվրասիական միություն բերելուն միտված իր քայլերով, Վարդանյանը պատասխանեց - .«Ռուսաստանը ցանկանում է ուղղակի Հայաստանին շահագրգռել իր պրոտեկցիայով: Տրամաբանություն չեմ տեսնում, թե ինչպես կարող է ձեռնտու լինել, բայց հենց դրա համար եմ ասում, որ այստեղ քաղաքական խնդիր է դրված, եւ իմ կարծիքով` Ռուսաստանը ցանկանում է ասել, որ եթե դուք ինտեգրվեք այս ծրագրերի մեջ, մենք քաղաքական պրոտեկցիայի մակարդակը կարող ենք բարձրացնել եւ տարբեր հարցերում դուք մեր աջակցությունը կարող եք ստանալ»:

Այս համապատկերում Վարդանյանը Ռուսաստանի Պետդումայի նախագահի այցը Հայաստան եւ վերջինիս արած հայտարարությունները գնահատում է իբրեւ քաղաքական որոշակի տեխնոլոգիայի արտահայտություն, ինչի հանդեպ Հայաստանը, հաշվի առնելով մեր տարածաշրջանային իրողություններն ու մասնավորապես, Մոսկվայից կախվածության մեծ աստիճանը, թերեւս հարկադրված կլինի զգուշավոր վարքագիծ դրսեւորել: Մեծ հաշվով, սակայն, եվրասիական ուղղությունը չի կարող հրապուրիչ լինել մեզ համար, ասում է փորձագետը:

«Որովհետեւ մենք տեսնում ենք, թե Ռուսաստանը եւ իր գործընկեր երկրները ինչ դիրքորոշում ունեն եվրոպական արժեքների, եվրոպական ինստիտուտների նկատմամբ: Մենք տեսնում ենք լրիվ հակառակ գործընթաց», - ասաց փորձագետը:

please wait

No media source currently available

0:00 0:04:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG