Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին 48 միլիոն դոլար է փոխանցել Վրաստանի պետբյուջե


Վրաց միլիարդատեր եւ քաղաքական գործիչ, «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի պետբյուջե է փոխանցել 80 միլիոն լարի (մոտ 48 միլիոն դոլար): Այդ մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Facebook-ում Իվանիշվիլիի պաշտոնական էջի հաղորդագրությունը։

Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները փակել են իր բոլոր ճանապարհները, եւ կարիքավոր մարդկանց օգնություն ցուցաբերելու միակ օրինական ուղին մնում է «ապօրինաբար սահմանված տուգանքների» վճարումը։

Դատարանի նշած հաշվին փոխանցելով վերոհիշյալ գումարը` վրաց մեծահարուստը ընդգծել է, որ այն նախատեսված է աղետից տուժածներին լիարժեք օգնություն ցուցաբերելու համար, իսկ «Վրացական երազանք»-ը այդ միջոցների օգտագործման նկատմամբ դիտարկում է իրականացնելու։

«Գրուզիա օնլայն»-ը, մինչդեռ, նշում է, որ որպես տուգանք փոխանցված միջոցները, ըստ օրենքի, տնօրինելու է կառավարությունը։

Վրաստանի վերաքննիչ դատարանը անցած ամիս Իվանիշվիլիին տուգանեց շուրջ 74 միլիոն լարիով` կրկնակի կրճատելով Թբիլիսիի քաղաքային դատարանի սահմանած տուգանքի չափը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG