Մատչելիության հղումներ

ՏՄՊՊՀ-ն խախտումներ է արձանագրում Վանաձորում


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)` Լոռու մարզում իրականացրած ստուգումների կենտրոնում առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքներն էին:

Մի շարք խախտումներ արձանագրվեցին Վանաձորի խոշոր առեւտրային կետերում, հայտնաբերվեցին ժամկետանց ապրանքներ:

Հանձնաժողովի փորձագետներից Հայկ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե իրենք ենթադրում են, որ որոշ կետերում կարագի փոխարեն սպրեդ են վաճառում. - «Ընդ որում ասեմ, որ [վաճառվում է] 900, 1400, 1700 դրամ գներով, այն դեպքում, երբ կարագի գները, ըստ հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների, 2 անգամ ավելի բարձր են»:

Արձանագրվել են նաեւ այլ խախտումներ: Մասնավորապես, կաթնամթերքի վրա բացակայում է անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ ձվի վրա` համապատասխան մակնշումը:

«Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն իրականացրեց նախորդ տարվա ընթացքում ձվի արտադրության եւ իրացման շուկայում, խնդիրները բարձրաձայնվեցին, մի շարք արտադրողներ տուգանվեցին, բայց այժմ տեսնում ենք, որ նման խախտումները շարունակվում են», - ասաց փորձագետը:

ՏՄՊՊՀ-ի նախագահ Աշոտ Շաբոյանը տեղեկացրեց, որ թեեւ իրենք մարզերից բողոքներ չեն ստանում, սակայն մարզային այցելությունների միջոցով փորձում են ակտիվացնել իրենց գործունեությունը:

«Այսպիսի այցերի միջոցով մենք ուզում ենք մեր գործունեությունը ակտիվացնել մարզերում եւս, ավելացնենք ճանաչողությունը մարզերում մեր հանձնաժողովի նկատմամբ», - ասաց Շաբոյանը` հավելելով, որ առաջիկայում պատրաստվում են ավելի հաճախ այցելել մարզեր:

please wait

No media source currently available

0:00 0:02:41 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG