Մատչելիության հղումներ

logo-print

Պետդումայի նախագահը Հայաստանում քննարկել է «եվրասիական նախագիծը»


Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ճեպազրույցի ժամանակ:

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ճեպազրույցի ժամանակ:

«Հայաստանի ղեկավարությունն ուշադրությամբ հետեւում է, թե ինչպես է զարգանում եվրասիական նախագիծը` ձգտելով իր տեղը որոշել այդ նախագծում, հասկանալով, որ եվրասիական տնտեսական տարածքը հեռանկարային է առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման առումով», - Հայաստանի Ազգային ժողովի շենքի առջեւ կայացած ճապազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

Նարիշկինը հատուկ ընգծեց, որ Հայաստանում իր ունեցած հանդիպումներում, այդ թվում՝ նախագահի եւ վարչապետի հետ զրույցների ընթացքում քննարկել է ԵՎՐԱԶԵՍ (Եվրասիական տնտեսական ընկերակցություն) - Հայաստան ձեւաչափով համագործակցության զարգացման հեռանկարները:

Նկատենք, որ ԵՎՐԱԶԵՍ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Հայաստանում առանձնապես չեն շտապում Ռուսաստանի նախաձեռնությամբ ձեւավորված տնտեսական այս նոր միությանն ու դրա շրջանակում ստեղծված մաքսային միությանն անդամակցելու հարցում: Ավելին՝ անցած տարի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում ունեցած իր ելույթում նշել էր, թե այն ռեժիմները, որոնք ներդրվել են Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից` այդ կառույցի միասնական մաքսային գոտու շրջանակներում, տեխնիկապես հնարավոր չէ ներդնել Հայաստանի համար:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

«Համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որի համաձայն` երկիրը, չունենալով ընդհանուր սահման մաքսային միության հետ, անդամակցի դրան: Եթե ապրանքները պետք է երկրորդ երկրի միջոցով արտահանվեն, դա նշանակում է, որ մաքսազերծման բոլոր գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել: Այսինքն, մաքսային գոտու բոլոր առավելությունները դուրս են մղվում: Այդ տեսակետից, անիմաստ է դառնում մաքսային միությանն անդամակցելը», - ասել էր Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ որ այս պարագայում Հայաստանի պատասխանը հասկանալի է գործընկեր երկրների համար:

Հայաստանյան մի շարք մեկնաբաններ, մինչդեռ, պնդում են, որ Հայաստանն առհասարակ շահագրգիռ չէ ԵՎՐԱԶԵՍ-ի հետ համագործակցությամբ, քանի որ Երեւանը նախապատվությունը տալիս է Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին:

Ռուսաստանի Պետդումայի նախագահը գոհունակությամբ փաստեց, որ Հայաստանում արդեն մշակվել են ԱՊՀ երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Համաձայնագիրը, հիշեցնենք, ստորագրվել է անցած տարի Սանկտ Պետերբուրգում: Դրա շնորհիվ, Հայաստանի կառավարության մեկնաբանությամբ, Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները կարող են համաձայնագրին միացած երկրների տարածք արտահանել իրենց ապրանքներն ու ծառայությունները` առանց որեւէ սահմանափակման:

Սերգեյ Նարիշկինն անդրադարձավ նաեւ Հայաստան - Ռուսաստան երկկողմ տնտեսական հարաբերություններին` նշելով, թե վերականգնվել են երկու երկրների մինչճգնաժամային առեւտրային ծավալները:

Հայաստանի տնտեսության մեջ ռուսական խոշոր ընկերությունների ներդրումներրի ծավալը, ըստ Սերգեյ Նարիշկինի, կազմում է մոտ 3 միլիոն դոլար:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը, նշեց, թե այս համատեքստում Հայաստանը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ. - «Հայկական կողմն առաջարկեց քննարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում երկու խորհրդարանների ներկայացուցիչների ինստիտուտի ձեւավորման հնարավորությունը»:

Ամփոփելով ճեպազրույցը` Սերգեյ Նարիշկինը նշեց, թե երախտապարտ են Հայաստանի նախագահին, վարչապետին ու խորհրդարանին Հայաստանում ռուսաց լեզվի պահպանմանը ցուցաբերվող աջակցության համար:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG