Մատչելիության հղումներ

«Ամենաթունավոր օձը շատ ավելի բանական է, քան արշավին անպատրաստ գնացած շարքային քաղաքացին», - ասում է 15 տարի արշավագնացությամբ զբաղվող Վահագն Վարդումյանը:

Վարդումյանի պնդմամբ` կա գրականություն, որի շնորհիվ մարդ նախեւառաջ պետք է ծանոթանա բնության կանոններին եւ սովորի գոյատեւման հմտություններ, հետո նոր մտածի արշավ գնալու մասին:

Վահագնը եւ իր ընկերները գնում են արշավների հիմնականում սեփական հանգստի համար, բայց երբեմն տարբեր երկրներից երիտասարդներ են գալիս հատուկ իրենց հետ արշավագնացության համար: Բայց, ինչպես Վարդումյանն է նշում, այս ամենը բիզնես չի կարելի համարել, որովհետեւ մեծամասամբ իրենք իրենց ընկերներին պարզապես հրավիրում են համատեղ արշավագնացության:

Զբոսաշրջիկները, ովքեր Հայաստան են գալիս լեռնային արշավային տուրերին մասնակցելու նպատակով, հիմնականում փորձառու են եւ նախապես պատրաստում են արշավի համար նախատեսված հատուկ հանդերձանքը, զինվում տեսական գիտելիքներով: Նույնը, սակայն, չի կարելի ասել հայերի մասին, փաստում է «Նատուրա տուր» տուրիստական գործակալության հիմնադիր Էդվարդ Գեւորգյանը: Նրա խոսքով` հայերի շրջանում կան այնպիսիները, ովքեր առաջին անգամ են արշավ գնում, եւ նրանց հետ աշխատելը համեմատաբար ավելի դժվար է:

«Արշավ գնացողն իր հետ պետք է ունենա քնապարկ, վրան, դանակ, կրակայրոցներ, լապտերներ», - ասում է Էդվարդ Գեւորգյանը եւ հավելում, որ դրանք հիմնական պարագաներն են:

Արշավ գնացողն իր հանդերձանքի վրա ծախսում է մոտավորապես 700-800 դոլար: Ոչ բոլոր հայ արշավագնացները պատրաստի ունեն անհրաժեշտ հավաքածուն, ինչը չի կարելի ասել զբոսաշրջիկների մասին, որոնք գրեթե միշտ պատրաստ են:

«Եթե պատրաստ չգնացիր, չես վայելի հաստատ: Ես դա վերջին արշավի ժամանակ զգացի, որովհետեւ ես լավ էի պատրաստվել, բայց դեռ տեղ ունեի: Մեկ-երկու անգամ որ ընկնում ես 1 սմ տրամագծով կարկուտի հատիկների տակ, լավ դաղվում ես, զգում ես, որ պիտի գլխարկն էլ պինդ լինի», - ասում է Վարդումյանը:

Գեւորգյանը նշեց, որ Հայաստանում արշավագնացության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մտահոգություն կա: Հիմնական խնդիրը բարեկարգ վիճակում գտնվող սանհանգույցների բացակայությունն է: Նաեւ հավելեց, որ ամառային արշավագնացությունը կազմում է իրենց տուրերի 95 տոկոսը, իսկ ձմռանը` 5 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG