Մատչելիության հղումներ

Թուրքիան ԱՄՆ-ում առեւտրային արտոնություն չի ստանա


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը` Կապիտոլիումը
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը` Կապիտոլիումը
Վաշինգտոնում գործող հայ եւ հույն լոբբիստներին երկուշաբթի օրը հաջողվել է տապալել Թուրքիայի համար Միացյալ Նահանգներում արտոնյալ առեւտրային պայմաններ նախատեսող օրինագծի ընդունումը, որի նախաձեռնողն էր Օկլահոմայից ընտրված հանրապետական կոնգրեսական Թոմ Քոլը:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի այս անդամն առաջարկում էր բացառություն սահմանել թուրքական ընկերությունների համար` դրանց իրավունք շնորհելով ներդումներ իրականացնել ամերիկյան բնիկների` հնդկացիների բնակության ավանդական շրջաններում:

Կապիտոլիումում ծավալած ակտիվ հակաքայլերի արդյունքում, սակայն, այս նախաձեռնությունը, ի վերջո, փաստացի տապալվեց, քանի որ ամերիկահայ կազմակերպություններն ու դրանց միացած հունական լոբբիստական կառույցները պնդում էին, որ հնդկացիական տարածքներում ներդումներ իրականացնելու իրավունքը պետք է շնորհվի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցող բոլոր պետություններին, այլ ոչ` միայն Թուրքիային:

Ի վերջո, կոնգրեսականները քվեների 222 կողմ եւ 160 դեմ հարաբերակցությամբ որոշեցին ընթացք չտալ օրինագծի ընդունմանը` կիրառելով Կոնգրեսում ընդունված «քննարկվող խնդրի սառեցման» կարգը:

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս առթիվ հայտարարել է. - «Անկարայի իշխանավորները նպատակադրվել են ամերիկացի բնիկների հետ համերաշխության կեղծ տպավորություն ստեղծել: Բացահայտ ցինիզմ պարունակող այս ջանքերը, սակայն, չպետք է ստվերեն եւ որեւէ պարագայում մոռացության մատնեն այն հանգամանքը, որ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Թուրքիան նաեւ շարունակում է ճնշել քրդերին, հալածանքների է ենթարկում երկրի տարածքում բնակվող քրիստոնյաներին եւ չի դադարեցնում Կիպրոսի օկուպացիան»։

Համբարյանը հատուկ ընդգծել է, որ «եթե Թուրքիան ցանկանում է աջակցել բնիկ ազգաբնակչությանը, այն նախեւառաջ պետք է դադարեցնի Անատոլիայի բնիկների հանդեպ իր իսկ կողմից կիրառվող խտրականության ու բռնությունների քաղաքականությունը»:

Ի դեպ, Հայ դատի գրասենյակը երկուշաբթի օրը կայացած քննարկումներից առաջ նաեւ հատուկ հուշաթերթիկ է պատրաստել Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամների համար, որում, մասնավորաբար, նշված է. - «Մի իրավիճակում, երբ Թուրքիան շարունակում է մեր դաշնակից Կիպրոսի օկուպացիան եւ սպառնում է մեր մեկ այլ դաշնակցին` Իսրայելին, թե դուրս կմղի նրան միջազգային մի շարք ծրագրերից, նման օրենքի ընդունումը սխալ կլինի եւ չի արտացոլի Միացյալ Նահանգների քաղաքացիների դավանած արժեքները: Բացի այդ, մենք չպետք է որեւէ տեսակի առեւտրային արտոնություն սահմանենք Թուրքիայի համար, որն արդեն գրեթե 20 տարի է, ինչ փակ է պահում դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ իր սահմանը: Հիմնականում հենց Թուրքիայի այս քայլի արդյունքում է, որ Հայաստանի բնակչության մոտ մեկ քառորդը ստիպված է եղել լքել հայրենիքը` այն տնտեսական դժվարությունների հետեւանքով, որոնք ծագել են Եվրոպայի վերջին փակ սահմանի առկայության պատճառով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG