Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՆԳՆ-ի եւ Հայաստանի ոստիկանության կոլեգիայի նիստ Երեւանում


Լուսանկարը` Հայաստանի ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը` Հայաստանի ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության

Երկուշաբթի օրը Երեւանում տեղի է ունեցել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի ոստիկանության միավորված կոլեգիայի 13-րդ նիստը, որը նախագահել են Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը եւ Ռուսաստանի ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցեւը:

Հայաստանի ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստին մասնակցել են միավորված կոլեգիայի անդամները, ինչպես նաեւ Հայաստանի ոստիկանության եւ Ռուսաստանի ՆԳ նախարարության կենտրոնական ապարատի եւ օպերատիվ վարչությունների պետերը:

Նիստի օրակարգում երկու հարց էր` 2010-2011 թվականներին միջազգային կազմակերպված հանցավոր խմբերի եւ հանցավոր ընկերակցությունների պարագլուխների ու կազմակերպիչների, ինչպես եւ անդամների հանցավոր գործունեության կանխման ուղղությամբ Հայաստանի ոստիկանության եւ Ռուսաստանի ՆԳՆ-ի համագործակցության արձանագրության կատարման ընթացքը, Ռուսաստանի ՆԳՆ-ի եւ Հայաստանի ոստիկանության միավորված կոլեգիայի 2013 թվականի աշխատանքի պլանի նախագիծը:

Օրակարգի առաջին հարցի շրջանակներում նշվել է, որ կոնկրետ քայլեր են կատարվել Ռուսաստանի ՆԳՆ-ի եւ Հայաստանի ոստիկանության համապատասխան ծառայությունների օպերատիվ-փնտրողական գործունեության ոլորտում, այդ առումով` հիմնականում ուշադրություն է դարձվել օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը, նպատակային աշխատանքային խմբերի կազմավորմանը` միջազգային կազմակերպված հանցավոր խմբերի եւ հանցավոր ընկերակցությունների պարագլուխների ու կազմակերպիչների, ինչպես եւ անդամների հանցավոր գործունեության փաստաթղթավորման եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ երկու երկրների իրավապահ մարմինների գործընկերության արդյունավետության բնութագրական ցուցիչ է նաեւ նախաքննությունից ու դատարանից խուսափող անձանց գտնվելու վայրերի հայտնաբերմանն ուղղված համատեղ աշխատանքը:

2011 թվականին եւ 2012 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի տարածքում ձերբակալվել են 244 անձինք, որոնց նկատմամբ հետախուզում էր հայտարարված Հայաստանի իրավապահ մարմինների կողմից, միեւնույն ժամանակ հայկական կողմը ձերբակալել է 192 անձանց, որոնք հետախուզվում էին Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից:

Անցած տարի Ռուսաստանից Հայաստան էքստրադիցիայի է ենթարկվել 37 հանցագործ: Հայկական կողմը, իր հերթին, այդ ընթացքում Ռուսաստանին է հանձնել 4 անձանց, որոնք որոնվում էին ռուսական իրավապահ մարմինների կողմից:

Ընթացիկ տարում Հայաստան էքստրադիցիայի ենթարկվածների թիվը 20-ն է:

Նիստի ընթացքում նշվել է, որ պլանաչափ զարգանում է նաեւ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված համագործակցությունը:

Կազմակերպվել է տեղեկատվության, այդ թվում` օպերատիվ տեղեկատվության փոխանակում թմրամիջոցների հետ անօրինական գործողություններ կատարելու մեջ կասկածվող կամ այդպիսի գործողությունների համար Ռուսաստանի կամ Հայաստանի տարածքում ձերբակալված անձանց, ինչպես եւ թմրամիջոցների տեղափոխման ճանապարհների ու երթուղիների վերաբերյալ:

Քննարկումների արդյունքում ստորագրվել է Հայաստանի ոստիկանության եւ Ռուսաստանի ՆԳՆ-ի համատեղ որոշում այդ հարցի վերաբերյալ:

Օրակարգի երկրորդ հարցի քննարկման ընթացքում հաստատվել են Ռուսաստանի ՆԳՆ-ի եւ Հայաստանի ոստիկանության միավորված կոլեգիայի հերթական նիստի օրակարգը եւ անցկացման ժամկետները:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի ոստիկանության միավորված կոլեգիայի հաջորդ նիստը տեղի կունենա 2013 թվականի հուլիսին` Ռուսաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG