Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյան. «Արեւելյան գործընկերության ծրագիրը կենսունակ է»


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Հայաստանի արտգործնախարարը Բրյուսելում մասնակցեց Արեւելյան գործընկերության նախարարական հանդիպմանը։

Արեւելյան գործընկերության Պրահայի հիմնադիր գագաթնաժողովից դեպի Վարշավայի գագաթնաժողով անցած ճանապարհը եւ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ կատարվող աշխատանքները վկայում են ծրագրի կենսունակության մասին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` երկուշաբթի օրը Բրյուսելում ելույթ ունենալով Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

«Արեւելյան գործընկերության նախարարական հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում մտքեր փոխանակելու համագործակցության խթանմանն առնչվող տարբեր հարցերի շուրջ, ամփոփելու արդեն կատարվածը եւ ներկայացնելու սպասելիքները, ինչպես նաեւ մշակելու նոր ձեռնարկվելիք քայլեր», - Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ասել է Նալբանդյանը։

Նրա խոսքերով` Ասոցիացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկից երկու տարի անց Հայաստանը նշանակալից առաջընթաց է արձանագրել. 29 բանակցային գլխից 28-ը արդեն փակվել են եւ ընդամենը մեկ ոլորտին վերաբերող գլուխ է մնացել համաձայնեցնելու:

«Հիմնվելով այն դրական փորձի վրա, որ կուտակվել է Ասոցիացման համաձայնագրի բանակցություններում՝ մենք սահուն առաջընթաց ենք ակնկալում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններում: Մեր նպատակն է մոտենալ դրանց ավարտական փուլին մինչ Վիլնյուսի գագաթնաժողովը», - նշել է Հայաստանի արտգործնախարարը։

«Մարդկանց միջեւ շփումները եւ շարժունակության խթանումը համագործակցության մեկ այլ կարեւոր բաղադրիչ են: Ես ուրախ եմ նշել, որ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերը այժմ վերջնական տեսքի են բերված, եւ առաջիկայում ակնկալում ենք դրանց ստորագրումը և վավերացումը», - ասել է Նալբանդյանը:

Նախարարական հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, համատեղ հայտարարություն է ընդունվել։ Փաստաթղթում ընդգծվում է, մասնավորապես, որ Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրամիության փոխնախագահ, Բարձր ներկայացուցչի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզը լավ հիմք է Վիլնյուսի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ Պրահայի եւ Վարշավայի գագաթնաժողովներում մշակված նպատակներով առաջնորդվելու համար: Նշվել է, որ 2013 թվականին կայանալիք Արեւելյան գործընկերության հաջորդ նախարարական հանդիպումը լավ առիթ կլինի դիտարկելու եւ նախանշելու ձեռնարկվելիք հետագա քայլերը:

Նիստից առաջ տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի եւ Շտեֆան Ֆյուլեի հանդիպումը, որի ժամանակ հանգամանալից քննարկվել են Հայաստանում բարեփոխումների աջակցության դոնորների համաժողովի հրավիրման կազմակերպչական հարցերը, առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի ժամանակացույցը:

Զրուցակիցներն անդրադարձել են Ասոցիացման համաձայնագրի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ռեադմիսիայի, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրերի շուրջ բանակցություններին, քննարկել Հայաստան - Եվրամիություն գործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Նույն օրը երեկոյան Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսի հետ:

Հայաստանի եւ Բելգիայի արտգործնախարարները մանրամասն քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտաքին գործերի նախարարությունների միջեւ կանոնավոր խորհրդատվությունների անցկացման, տնտեսական համագործակցության խթանման, միջխորհրդարանական կապերի ակտիվացման նպատակով համապատասխան քայլերի ձեռնարկմանը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան - ԵՄ հարաբերությունների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանի եւ Դիդյե Ռեյնդերսի զրույցի ընթացքում արծարծվել է նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը:

Էդվարդ Նալբանդյանն իր բելգիացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG