Մատչելիության հղումներ

Նալբանդյանը մասնակցեց Արեւելյան գործընկերության հանդիպմանը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ելույթ ունենալով նիստին՝ Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, ասել է, որ Արեւելյան գործընկերության Պրահայի հիմնադիր գագաթնաժողովից դեպի Վարշավայի գագաթնաժողով անցած ճանապարհը եւ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ կատարվող աշխատանքները վկայում են ծրագրի կենսունակության մասին: Նրա խոսքերով` Ասոցիացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկից երկու տարի անց Հայաստանը նշանակալից առաջընթաց է արձանագրել. 29 բանակցային գլխից 28-ը արդեն փակվել են եւ ընդամենը մեկ ոլորտին վերաբերող գլուխ է մնացել համաձայնեցնելու:

Նախարարական հանդիպմանը համատեղ հայտարարություն է ընդունվել, որտեղ ընդգծվում է, որ Եվրոպական հանձնաժողովի եւ ԵՄ-ի փոխնախագահ, Բարձր ներկայացուցչի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզը լավ հիմք է Վիլնյուսի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ Պրահայի եւ Վարշավայի գագաթնաժողովներում մշակված նպատակներով առաջնորդվելու համար: Նշվել է, որ 2013 թվականին կայանալիք Արեւելյան գործընկերության հաջորդ նախարարական հանդիպումը լավ առիթ կլինի դիտարկելու եւ նախանշելու ձեռնարկվելիք հետագա քայլերը:

Նույն օրը տեղի են ունեցել Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի եւ Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG