Մատչելիության հղումներ

Հարկայինի պետը «անբացատրելի» է որակում առեւտրականների պահանջները


Նստացույցին մասնակցող չարենացավանցի առեւտրականները, 20 հուլիսի, 2012
Նստացույցին մասնակցող չարենացավանցի առեւտրականները, 20 հուլիսի, 2012
Չարենցավանի տարածքային հարկային տեսչության պետ Արման Զարգարյանը «անհասկանալի» եւ «անբացատրելի» է որակում տեղի առեւտրականների պահանջները:

«Չէի ասի, որ լարվածություն է առաջացել, նույն մարդկանց առանձին խմբերի հետ որ խոսում ենք, լարվածություն չկա: Ինձ համար հասկանալի, առավել եւս բացատրելի չէ, երբ Հայաստանում ամբողջ տնտեսական դաշտը այսօր հաշվառվում է, եւ կան որոշ խմբի սուբյեկտներ, որ չեն ցանկանում մտնել օրինական դաշտ: Ես չեմ կարող բացատրել, թե ինչու է այդ դժգոհությունը իրենց մոտ առաջանում», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Զարգարյանը:

Չարենցավանի կենտրոնական հրապարակում` քաղաքապետարանի առջեւ արդեն չորրորդ օրը նստացույց անող մի քանի տասնյակ առեւտրականներ պնդում են, թե հարկային տեսչությունից զգուշացում են ստացել, որ եթե չանցնեն հարկային դաշտ, ձեռք բերելով հաշվիչ-դրամարկղային մեքենաներ, ապա կտուգանվեն: Քաղաքի տարբեր հատվածներում միրգ եւ բանջարեղեն վաճառող մարդիկ ասում են, որ չնչին եկամուտ են ստանում եւ չեն կարող ձեռք բերել դրամարկղային մեքենաներ, որոնք նաեւ հարկային պարտավորություններ են առաջացնում: Հարկային տեսչության պետը հակադարձում է` ոչ հավասար պայմաններ են ստեղծվում կողք կողքի աշխատող մարդկանց համար:

«Ընդհանրապես այս տնտեսվարող սուբյեկտները գաղափար չունեն հարկ վճարելուց: Այսինքն ո՞նց կարող ենք խոսել ավելացման կամ պակասեցման մասին, երբ մարդը ընդհանրապես ապօրինի գործունեություն է իրականացնում: Մենք նրանց հրավիրել ենք հաշվառման կանգնելու, որից հետո, ըստ իրենց գործունեության արդյունքների, կհայտարարագրեն, կտեսնենք, եթե վնասով է աշխատում, հետեւաբար օրենսդրության համաձայն չի առաջանում հարկ: Մենք հարկի մասին ընդհանրապես չենք խոսել, դա իրենց մտավախությունն է», - ասաց Զարգարյանը:

Զարգարյանն ասում է, որ առեւտրականներին որեւէ վերջնաժամկետ չի տրվել, այդ ժամկետը վաղուց սպառված է, քանի որ մինչեւ գործունեությունը սկսել է պետք է հաշվառվեին, հարկայինից միայն տեղեկացրել են, որ առեւտուրն ապօրինի է, ինչը կարող է հանգեցնել պատասխանատվության:

«Ընդ որում այդ ֆինանսական պատժամիջոցները հաստատ կլինեն ավելի շատ, քան եթե նորմալ ռեժիմով հարկվեին», - զգուշացնում է հարկային տեսչության պետը:

Նստացույցի մասնակիցները շարունակում են պնդել, որ չեն խուսափում հարկային դաշտ մտնելուց, սակայն պատրաստ են միայն հաստատագրված հարկ վճարել:

Հաստատագրված հարկ սահմանելը մեր որոշելիքը չէ, ասում է հարկային տեսչության պետը` մատնացույց անելով հարկային օրենսդրությունը: Միեւնույն ժամանակ Զարգարյանը վստահեցնում է, որ հարկվել դեռ չի նշանակում անտրամաբանական ահռելի գումարներ վճարել: Առեւտրականները համաձայն չեն, որ ՀԴՄ-ներով չաշխատելով իրենք արտոնյալ վիճակում են հայտնվում քաղաքի մյուս առեւտրականների համեմատ:

«Իրենց հին հացն էլ վաղը հետ են տանում, մեր բանջարեղենը ո՞վ է հետ տանելու», - հարցնում են նրանք:

Չարենցավանի հարկայինի պետի փոխանցմամբ, հարկային դաշտից դուրս են մոտ 35 տնտեսվարողներ: Զարգարյանը վստահեցնում է, որ թեեւ նրանք միրգ ու բանջարեղեն են վաճառում, բայց բոլորն էլ խանութներ ունեն եւ աշխատում են նույնիսկ նստացույցի օրերին, չնայած իրենց նախազգուշացումներին:

Առեւտրականները դժգոհում էին, որ նստացույցի չորս օրերի ընթացքում ոչ մեկը չի հետաքրքրվել իրենցով, փորձել օգնել: Հարկային տեսչության պետը պատասխանում է, թե բոլորին էլ ընդունել է իր աշխատասենյակում. ոմանք, ըստ Զարգարյանի, ընդունել են, որ ապօրինի են աշխատում եւ արդեն հաշվառման դիմումներ են գրել:

Նստացույցի մասնակիցները շարունակում են բողոքի ակցիան` ակնկալելով շուտափույթ լուծում:

please wait

No media source currently available

0:00 0:04:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG