Մատչելիության հղումներ

Հայ լավագույն դերասանուհիներից Գալյա Նովենցի մահվան բոթը ցնցել է շատ-շատերին։ Նա մեկ ամիս պառկած էր հիվանդանոցում, որտեղ եւ հուլիսի 22-ին վախճանվեց 75-ամյա հասակում։

Մինչ այդ, սակայն, դեռ հունիսին Գալյա Նովենցը, փաստորեն, խաղաց իր վերջին դերը` «Տարօրինակ միսիս Սեվիջը» բեմադրության մեջ։

Իսկ առհասարակ, վերջին հինգ տասնամյակներում կամ մի փոքր ավելի` սկսած 1958 թվականից, նա հայկական թատրոնի բեմում եւ հայ կինոյում հինգ տասնյակից ավելի դերեր է կերտել, կանացի հրաշալի, խորը կերպարներ, որոնք կարող են հիացնել ցանկացած մարդու` անկախ տարիքից ու ազգությունից։ Նրան հաճախ էին համեմատում Աննա Մանյանիի հետ։

Թե՛ կինոյում, թե՛ թատրոնում Գալյա Նովենցը աշխատել է հայ լավագույն դերասանների ու ռեժիսորների հետ, եւ, թերեւս, պատահական չէ, որ այն ֆիլմերը, որտեղ նա նկարահանվել է, մինչեւ օրս էլ դիտվում են մեծագույն հաճույքով` «Բարեւ, ես եմ», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Գիքորը», «Սպիտակ անուրջներ» եւ շատ ու շատ ուրիշ ֆիլմեր, որտեղ դերասանուհին հայ կնոջ անկրկնելի կերպարներ է ստեղծել, մեծ ճանաչում ու հռչակ բերեցին դերասանուհուն, որը կինոյում նկարահանվելուն զուգահեռ` երբեք չդադարեցրեց ստեղծագործական աշխատանքը թատրոնում։

Թատերագետ Լեւոն Մութաֆյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Գալյա Նովենցը իսկապես ֆենոմենալ երեւույթ էր ազգային կինեմատոգրաֆում։ Թող գերագնահատություն կամ չափազանցություն չդիտարկվի` բոլոր ժամանակների ազգային կինոյի ամենամեծ դերասանուհին Գալյա Նովենցն էր։ Հավատարիմ իր ստեղծագործական թեմային, իր գեղարվեստական-գեղագիտական սկզբունքներին»։

«Նրա առաջատար թեման տառապած կնոջ իրավունքների պաշտպանության թեման էր` հարգենք կնոջ տառապանքը, հարգենք կնոջ ցավը։ Նա էկրան բերեց տառապանք, բերեց լուռ ցավի, լուռ տվայտանքների արտահայտությունը` հրաժարվելով ճչան տոներից, հրաժարվելով արտաքին էֆեկտիվ լուծումներից», - նշեց թատերագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG