Մատչելիության հղումներ

Սիրիահայերը մտահոգված են Հալեպի վրա ապստամբների գրոհներով


«Սիրիական ազատ բանակի» զինվորները Ազզազում, Հալեպի շրջան, 19 հուլիսի, 2012

«Սիրիական ազատ բանակի» զինվորները Ազզազում, Հալեպի շրջան, 19 հուլիսի, 2012

Սիրիացի ապստամբների կողմից հայաշատ Հալեպ քաղաքի գրոհումը խիստ մտահոգում է սիրիահայերին: Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում եւ Հալեպում կառավարական ուժերի ու ապստամբների միջեւ շարունակվում են մարտերը:

Երկու շաբաթ առաջ Հալեպից Երեւան տեղափոխված Կարպիս Արաբաթլյանին կինն ու որդին մնացել են Հալեպում: Արաբաթլյանը պարբերաբար կապ է պահպանում հարազատների հետ, ասում է, թեեւ իրենց թաղամասը հեռու է ապստամբներից, բայց «մտահոգությունը մեծ է»:

«Վախենում են, բարով-խերով գան, ուրիշ բան չեն մտածում», - «Ազատություն» ռադիոկայանին ասում է նա:

Արաբաթլյան պատմում է, որ անցած շաբաթ ապստամբները Հալեպում առեւանգել էին իր հայ ընկերոջ որդուն: Նրանք վերջինիս բաց են թողել 100 հազար դոլար փրկագնի դիմաց:

Արաբաթլյանի որդին ու կինը չեն կարողանում գալ Հայաստան, քանի որ Հալեպ-Երեւան ինքնաթիռի տոմսերի սպառվել են: Կնոջն ու որդուն Հալեպում թողած սիրիահայը Հայաստանի կառավարությանն ընդամենը մեկ խնդրանք ունի` ավելացնել Հալեպ-Երեւան թռիչքների քանակը:

«Միայն ես չեմ, ինձ նման շատերը կան, ուզում են գալ... մենք շատ բան չենք ուզում, ոչ տուն ենք ուզում, ոչ գործ ենք ուզում, բարով-խերով թող հասնեն, ամեն մարդ թող իր լումայով իր հարցերը լուծի: Գոնե ճամփա տվեք, մտնենք, մե՞ղք չեն, բոլորս էլ հայ ենք», - ասում է Արաբաթլյանը:

Կես տարի առաջ Հայաստան եկած սիրիահայ Անդրանիկ Վարդանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմում է, որ հարազատներից ու ընկերներից տեղեկություններ են ստացել օրերս Հալեպի անհանգիստ իրավիճակի մասին: տեղի ունեցածի մասին:

«Հորաքրոջս ամուսնու խանութը վտանգավոր շրջանի մեջ է: Մոտ շաբաթ առաջ [ապստամբները] պատերի վրա գրել էին` խնդրում ենք խանութները չբացել, այսինքն կխփենք եւ այլն: Երեկ թնդանոթներով էին մտել ոչ հայկական թաղամաս, բայց խոսել եմ բարեկամներիս եւ ընկերներիս հետ, ասում են, որ կրակոցների ձայնը լսվում է», - ասաց Վարդանյանը:

Սիրիայի խորհրդարանի միակ հայ պատգամավոր Սմբուլ Սմբուլյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հակառակն է պնդում. նրա խոսքով` Հալեպում իրավիճակը վտանգավոր չէ: Սմբուլյանն ասում է, որ քաղաքի ներսում արտակարգ որեւէ պատահար մինչ այժմ չի արձանագրվել:

«Հալեպ քաղաքի կենտրոնը հանգիստ է, որեւէ մի դեպք չի արձանագրվում Հալեպ քաղաքի մեջ, սակայն կլսենք, որ Հալեպի մոտակա գյուղերի մեջ պատահում են դեպքեր, երբ օրինավոր, պետական բանակը կացության տերը կդառնան», - ասաց նա:

Սիրիահայ պատգամավորը ասում է, որ հայկական համայնքի ներկայացուցիչների մեծ մասն այս պահին չեն ուզում վերջնականապես լքել Սիրիան, առայժմ նրանցից շատերը շրջագայությունների են մեկնում իրենց ցանկացած երկիր:

«Կարող է պահել, շատ բնական է, որ օրինակ, նա, ով հայաստանյան ինքնություն ունի, Հայաստան ճամփորդի, ով լիբանանյան ինքնություն ունի, կարող է ճամփորդել Լիբանան, եվրոպական ինքնություն ունեցողը կարող է Եվրոպա ճամփորդած լինել, սակայն չի կարելի ասել, որ այսպես հավաքական, ծրագրված գաղթի ծրագիր գոյություն ունի», - ասում է Սմբուլյանը:

Սիրիահայն ասում է, որ լրացուցիչ տոմսերի կարիք կա դեպի Հայաստան, ու Հայաստան մեկնելու ցանկություն ունեցող սիրիահայերի շրջանում դժգոհություն կա ինչպես տոմսի սղության, այնպես էլ սակագնի վերաբերյալ:

Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ այսօր արդեն կպատասխանեն սփյուռքի նախարարության նամակին: Նախարարությունը «Արմավիա»-ից խնդրել էր վերանայել Հալեպ-Երեւան չվերթի տոմսերի գինը եւ ավելացնել չվերթերի թիվը: «Արմավիան» առայժմ չի մանրամասնում իր պատասխանը:

«Սիրիական ավիաուղիները» եւ «Արմավիան» շաբաթական մեկական թռիչք են իրականացնում Հալեպ-Երեւան-Հալեպ ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG