Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիայի ապստամբները գրոհում են Հալեպը


Սիրիացի ապստամբները Հալեպի նահանգի Ազազ բնակավայրում, 19-ը հուլիսի, 2012թ.

Սիրիացի ապստամբները Հալեպի նահանգի Ազազ բնակավայրում, 19-ը հուլիսի, 2012թ.

«Առաջին անգամ մենք զգացինք, որ Հալեպում պատերազմ է», - հեռախոսով Reuters լրատվական գործակալությանը ասել է մի կին` չհայտնելով իր անունը:

Հալեպը՝ Սիրիայի երկրորդ խոշոր քաղաքը, համարվում է երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի աջակիցների հիմնական բնակավայրերից մեկը։ Ուրբաթ գիշերվանից ապստամբները սկսեցին հարձակվել քաղաքի վրա: Կիրակի օրը հաղորդվում էր, որ ապստամբները գիշերը ցած են գցել քաղաքի կենտրոնում տեղադրված` Բաշար ալ-Ասադի հոր` երկրի նախկին նախագահ Հաֆեզ ալ-Ասադի քարակերտ արձանը: Կառավարական զորքերի ու ապստամբների միջեւ փոխհրաձգություն էր տեղի ունենում քաղաքի արվարձաններում, ինչպես նաեւ կենտրոնում, փողոցներում, կառավարական զորքերի զորակայանի մոտ:

Համացանցում տեղադրված տեսանյութում ապստամբերից մեկն ասում է, թե գնում են «ազատագրելու» Հալեպը, հետո պայքարը կշարունակեն Դամասկոսում` «նախագահական պալատը դավաճանից ազատելու համար»:

Սիրիահայերի մեծ մասը ապրում է Հալեպում: Մինչ մարտերի սաստկանալը հայաստանյան ավիափոխադրողը՝ «Արմավիա»-ն դադարեցրել էր թռիչքները, իսկ վերջերս վերականգնեց` թանկացնելով տոմսերը: Սիրիայից հեռանալ ցանկացող հայերին սպասարկում էր միայն «Սիրիական ավիաուղիներ»-ը, որի օդանավերի տոմսերը մինչեւ աշուն սպառված են:

Մինչ Հալեպի վրա գրոհելը ապստամբ ուժերը իրենց հսկողության տակ են առել երկրի արտաքին սահմանային որոշ անցակետեր՝ Իրաքի հետ, ինչպես նաեւ Թուրքիայի հետ սահմանին:

Կիրակի օրը ապստամբները հայտարարեցին, որ գրավել են Թուրքիայի սահմանի հիմնական անցակետը՝ Բաբ ալ-Սալամը: Տեսանյութում երեւում է, որ ապստամբներից մեկը տանում է իրենց դրոշը եւ հայտարարում, որ կառավարական զորքերը նահանջել են` ծանր կորուստներ կրելով։

France-Presse-ը եւս, վկայակոչելով Թուրքիայի անանուն պաշտոնյայի, հաղորդում է, որ ապստամբները վերահսկում են այդ անցակետը։

Սիրիայից ստացվող տեղեկությունները դժվար է հաստատել անկախ աղբյուրներով, արտասահմանյան լրատվամիջոցների մուտքը երկիր չի թույլատրվում, իշխանություններն ու ընդդիմությունը հակասական տեղեկատվություն են հաղորդում: Իրավիճակը շատ արագ է փոխվում:

Այնուհանդերձ, Սիրիայի հարեւան երկրները իրավիճակին հետեւում են մեծ անհանգստությամբ:

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը կիրակի օրն ասել է, թե թույլ չեն տա, որ Սիրիայի քիմիական զենքը հասնի Լիբանանի «Հըզբոլա»-ի զինյալներին:

Նա հրաժարվել է մեկնաբանել ավելի վաղ արած հայտարարությունը, թե Իսրայելը կարող է մարտական գործողություն իրականացնել Սիրիայի տարածքում՝ կանխելու համար քիմիական զենքի տեղափոխումը:

Կիրակի օրը Իսրայելի պաշտպանության նախարարության մեկ այլ պաշտոնյա` Ամոս Գիլադն ասել է, թե Սիրիան հնարավորինս լավագույն ձեւով պաշտպանում է քիմիական զենքերի պահեստները, բայց նաեւ նշել է, որ իրավիճակի վատթարացման հետեւանքով Իսրայելը վախենում է, որ դրանք կարող են հայտնվել «Հըզբոլա»-ի ձեռքերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG