Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը «ապօրինի» է համարում երիտասարդ ակտիվիստների դատավճիռը


Հրապարակվում է ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների դատավճիռը:

Հրապարակվում է ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների դատավճիռը:

Հայ ազգային կոնգրեսը երեկ տարածել է հայտարարություն իր երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Սարգիս Գեւորգյանին ազատազրկման դատապարտելու կապակցությամբ:

«Այս ապօրինի դատավճռով վարչախումբը Հայաստանը վերստին դասեց քաղբանտարկյալներ ունեցող երկրների շարքում: Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ իր բոլոր կարողությունները ներդնելու է հայ հասարակության առաջ, ինչպես նաեւ իրավապաշտպան եւ Հայաստանի անդամակցած բոլոր միջազգային կառույցներում քաղբանտարկյալների գոյության փաստն արձանագրելու եւ վարչախմբի նկատմամբ համապատասխան վերաբերմունք ձեւավորելու հարցում», - ասված է ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարությունը` ասաց, որ չի ընդունում այն ձեւակերպումը, որ ՀԱԿ-ի ազատազրկման դատապարտված ակտիվիստները քաղբանտարկյալներ են:

«Ոչ մեր օրենսդրությամբ եւ ոչ էլ աշխարհի որեւէ երկրի օրենսդրությամբ քաղբանտարկյալներ հասկացողություն չկա: Ես ինչքանով որ ինֆորմացված եմ, փաստորեն դա քրեական պատասխանատվության է ենթարկվում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սահակյանը` շարունակելով. - «Քաղբանտարկյալ հասկացողությունը առաջացել է, երբ փորձել են համակարգեր փոխել: Կարծում եմ, մեր երկրում որեւէ համակարգ չի փոխվում: Տնտեսական, քաղաքական համակարգը պաշտպանվում է, եւ չի կարող քաղաքական բանտարկյալ լինել»:

Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ կարդում ենք - «Վարչախումբը նպատակ է դրել առաջիկա նախագահական ընտրություններից առաջ հոգեբանական գրոհի ենթարկել ազատ, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդներին, մյուս քաղաքացիներին, որպեսզի նրանք ձեռնպահ մնան վարչախմբի դեմ պայքարից»:

Սահակյանի արձագանքը այդ դիտարկմանը հետեւյալն է. - «Ծանրաձողը շատ են բարձրացրել: Որովհետեւ անիմաստ է մտածել, որ ինչ-որ մի երիտասարդ այնքան պիտի խանգարի, որ ամբողջ վարչախումբը փորձի ինչ-որ դրսեւորում ձեւավորել: Ավելացնեմ` այսօր ՀԱԿ-ի վիճակը այնպիսին է, որ ինքն անգամ չի կարող խանգարել իշխանություններին»:

Գալուստ Սահակյանը, այդուհանդերձ, հավելեց, որ երիտասարդ ակտիվիստների դատապարտումն իրեն ցավ է պատճառում. - «Ես կարծում եմ, որ շատ կարգին երիտասարդներ կձեւավորվեին, եւ կարգին էլ հեղինակություն կունենային հասարակության մեջ` եթե փափուկ բարձեր ձեռքների տակ չդնեին: Պիտի այդ պատասխանատվությունը նախ եւ առաջ իրենք վերցնեն: Իրենք թող գնային այդ շանտաժին եւ ոչ թե երիտասարդներին ուղարկեին»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Էլինար Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստներին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ հարցը դեռ չի քննարկվել եւ արտահայտեց իր անձնական տեսակետը` զերծ մնալով նաեւ իրավական գնահատականներից:

Պատգամավորի խոսքով, երիտասարդ ակտիվիստների նկատմամբ կիրառված պատժաչափերը լուրջ վտանգի տակ են դնում հասարակական հանդուրժողականության մթնոլորտը. - «Ավելին` ես կարծում եմ, որ սրան որպես հակազդեցություն հասարակական բուռն ակտիվություն է սպասվում»:

«Գտնում եմ, որ պատիժը խստագույն է եւ արդարացված չէ», -հավելեց Էլինար Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ուրբաթ օրը վճռեց անցած տարվա օգոստոսի 9-ից կալանավորված Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման: Կարապի լճի շրջակայքում տեղի ունեցած նույն միջադեպի առնչությամբ մեղադրվող եւ չհեռանալու մասին ստորագրությամբ այն ժամանակ ազատ արձակված Արտակ Կարապետյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, իսկ Սարգիս Գեւորգյանի ու Դավիթ Քիրամիջյանի համար դատարանը վճռեց ՝ երկու տարվա ազատազրկում:

XS
SM
MD
LG