Մատչելիության հղումներ

logo-print
Այս տարվանից բուհերի ընդունելիության քննությունների շրջանակներում ռուսաց լեզուն կարելի է հանձնել որպես օտար լեզու: Եթե մինչ այս դիմորդը իր նախընտրած ֆակուլտետն ընդունվելու համար հանձնում էր համապատասխան քննություններ, որոնց թվում նաեւ օտար լեզուներն էին` անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, այժմ նրանք կարող են ընտրել նաեւ ռուսերենը:

Ռուսաց լեզվի գրավոր քննություն անցկացվել է բոլոր այն բուհերի ֆակուլտետների համար, որտեղ ընդունվելու համար անհրաժեշտ էր օտար լեզվի գնահատական:

«Ռուսաց լեզու առարկայի գրավոր քննության նորամուծության մասին դիմորդներն ուշ իմացան», - նշեց կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Լիլյա Բալասանյանը:

Ռուսաց լեզվի մասին տեղեկությունը փետրվարին արդեն տեղադրված էր Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կայքում, բայց ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը, շատ դիմորդներ այդ հարցով սկսել են ահազանգել մարտից:

Գայանե Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այս տարի ռուսաց լեզվի միասնական քննության համար դիմել է 1285 դիմորդ, 2010-ի համեմատ դիմորդների թիվն աճել է 298-ով:

Իսկ Լիլյա Բալասանյանը վստահ է, որ մյուս տարի այդ թիվը կավելանա.

«Այս տարվա շատ-շատ դիմորդներ շատ ուշ իմացան: Իրենք տեղյակ չէին, որ ռուսերենի նկատմամբ վերաբերմունքը մի փոքր փոխվել է: Եվ շատ երեխաներ, ովքեր մինչ այդ ընտրել էին օտար լեզու անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, շատ հանգիստ կարող էին հանձնել ռուսերենը», - նշեց Բալասանյանը:

Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչը խոսեց նաեւ ռուսաց լեզվի բանավոր քննությունների մասին: Ըստ Բալասանյանի տրամադրած տվյալների, այս տարի ռուսաց լեզվի բանավոր քննություն են հանձնել 115 դիմորդ, որոնցից միայն 72-ն են հաղթահարել քննական շեմը: Եվ դա, ըստ նրա, այնքան էլ լավ արդյունք չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG