Մատչելիության հղումներ

Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը հայտարարում է, որ կքննարկի Սիրիայից Հայաստան չվերթերի ավելացման հարցը եւ անհրաժեշտության դեպքում դրանք կավելացնի:

Մինչ «Արմավիա»-ն պնդում է, որ սփյուռքի նախարարությունից նամակ չի ստացել, նախարարությունը հայտարարում է, թե դեռ մեկ շաբաթ առաջ են նամակ հղել ավիաընկերությանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց սփյուռքի նախարարությունում սիրիահայերի հարցերով ձեւավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը: Նախարարությունը «Արմավիա»-ից խնդրել է վերանայել Հալեպ-Երեւան չվերթի տոմսերի գինը եւ ավելացնել չվերթերի թիվը:

Ներկայումս «Արմավիան» եւ «Սիրիական ավիաուղիները» շաբաթական մեկական չվերթ է իրականացնում Հալեպ-Երեւան-Հալեպ ուղղությամբ, եւ մինչեւ սեպտեմբեր երկու ընկերությունների տոմսերը սպառված են:

«Արմավիա»-ի վաճառքի գծով տնօրեն Կարեն Եղիկյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ Սիրիայում ստեղծված բարդ իրավիճակի պատճառով այդ գոտում աշխատելը դժվար է, այդ պատճառով էլ ընկերությունը բարձրացրել է տոմսերի գները միջինը 20 հազար դրամով: «Արմավիա»-ն հերքում է մամուլում տարածված լուրերը, թե ընկերությունը կտրուկ բարձրացրել է Երեւան-Հալեպ չվերթի գինը` այն 119 հազարից դարձնելով 237 հազար դրամ:

Ըստ Եղիկյանի, մի ուղղությամբ ամենաէժան տոմսն այժմ արժե 117 հազար դրամ, իսկ ամենաթանկը` 192 հազար դրամ: Եղիկյանը թվարկում է մի քանի գործոններ, որոնք նպաստել են տոմսերի թանկացմանը. իրենք թանկ գներով ինքնաթիռ են ձեռքբերել, միեւնույն ժամանակ, չվերթն իրականացնելու համար բավականին բարձր ապահովագրական գումարներ են վճարում, նաեւ լրացուցիչ խթաններ են անհրաժեշտ անձնակազմին տվյալ գոտի ուղարկելու համար այն դեպքում, երբ եվրոպական երկրները Սիրիա ինքնաթիռներ չեն ուղարկում:

Մինչդեռ սիրիահայերը պնդում են, որ տոմսերը թանկացել են առնվազն 100 դոլարով: Նրանք նաեւ պնդում են, թե «Արմավիա»-ն վաճառում է միայն երկու ուղղությամբ նախատեսված տոմսեր: «Արմավիա»-ն այս տեղեկությունը եւս հերքում է:

Հայաստան եկած շատ սիրիահայեր շարունակում են պնդել, թե տոմսերի գնի նվազումն ու չվերթների ավելացումը կդյուրացնեն պատերազմական իրավիճակից փախչել ցանկացող սիրիահայերի Հայաստան գալու հարցը:

Սիրիահայ գրող Տիգրան Գաբոյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե «Արմավիա»-ին առնչվող հարցերից բացի սփյուռքի նախարարության հետ քննարկել են նաեւ վիզաների դյուրացման անհրաժեշտության հարցը: Սիրիահայերին Հայաստանի մուտքի վիզա տալիս են Սիրիայում Հայաստանի դեսպանությունում ու հյուպատոսությունում: Սիրիահայերը, սակայն, կարծում են, որ գոնե այս շրջանում հարկավոր է հանել վիզային ռեժիմը:

Դրամահավաք սիրիահայ ընտանիքների համար

Սիրահայերին աջակցելու համար այսօր Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ դրամահավաք է նախաձեռնել «Հայազն» միությունը: Նրանք այս կերպ ուզում են օգնել այն ընտանիքներին, որոնք բնակվելու տեղ չունեն եւ ապրում են ծանոթների կամ բարեկամների տներում: Միության անդամ Արմեն Մկրտչյանն ասաց, որ այսօր հանգանակված գումարը կփոխանցվի Հայաստան գաղթած Հայեցյանների ընտանիքին:

«Իրենց բարեկամների մի սենյականոց բնակարանի մեջ ապրում են յոթ հոգով, որոշեցինք գոնե առաջինը իրենց օգնել, առնվազն վեց ամսով ապահովենք վարձով բնակարան, թեկուզ Երեւանի ծայրամասերից մեկում», - ասաց Մկրտչյանը:

Մինչ երեւանցիներն իրենց օգնությունն էին փոխանցում սիրիահայերին, «Գաֆէսճյան» թանգարան-հիմնադրամի անվտանգության աշխատակիցները դրամը հավաքելու համար նախատեսված արկղը վերցրեցին ու տեղափոխեցին մայթ: Նրանք պնդում էին, թե Թամանյանի արձանի տարածքը եւս թանգարան-հիմնադրամին է պատկանում, հետեւաբար իրենք թույլ չեն տալիս այդտեղ հանգանակություն կազմակերպել:

Սիրիայից կես տարի առաջ Հայաստան տեղափոխված երիտասարդ Անդրանիկ Վարդանյանը զայրացած էր. - «Մենք ուրիշ երկրի մեջ Հայաստանի համար ենք փող հավաքում, մուսուլմանների մեջ, ի տարբերություն ձեզ», - ասում էր նա:

Վեճը հարթվեց, երբ հիմնադրամի ներկայացուցիչները համոզեցին, որ տարածքն իրենցն է: Արկղը տեղափոխվեց մայթ: Հիմնադրամի անվտանգության պետը, ով մի քանի րոպե առաջ վեճի էր բռնվել միության տղաների հետ, եւս գումար հատկացրեց սիրիահայերին:

Ավելի ուշ միության ներկայացուցիչ Արմենը Մկրտչյանն «Ազատություն» ռադիոկայանի հայտնեց, որ տարածք են ժամանել ոստիկաններն ու բացատրել «Գաֆէսճյանի» աշխատակիցներին, որ Թամանյանի արձանի տարածքը հանրությանն է պատկանում, ոչ թե հիմնադրամին: Դրանից հետո արկղը մայթից հետ է վերադարձվել Թամանյանի արձանի տարածք: Հանգանակությունը կտեւի մինչեւ ուշ երեկո: Հետագայում երիտասարդները հնարավոր է այլ ընտանիքների համար եւս հանգանակություն կազմակերպեն:

Սիրահայերին աջակցելու համար հայտարարություն է տարածել նաեւ ֆինանսական կառավարման համակարգեր մշակող «Հայկական ծրագրեր» ընկերությունը: Այն, ինչպես նաեւ մի քանի այլ խոշոր ընկերություններ մտադրություն են հայտնել աշխատանքի վերցնել համապատասխան մասնագիտություններ ունեցող սիրիահայերին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG