Մատչելիության հղումներ

Միջնորդները ընդունում են Ղարաբաղում «ժողովրդավարական ընթացակարգի» անհրաժեշտությունը


Մինսկի խմբի համանախագահները, արխիվային լուսանկար

Մինսկի խմբի համանախագահները, արխիվային լուսանկար

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Ժակ Ֆորը այսօր հայտարարությամբ են հանդես եկել հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ։

Հայտարարությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում, ղարաբաղյան կարգավորման միջնորդները, ընտրություններ բառը վերցնելով չակերտների մեջ, միաժամանակ «ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների կողմից իրենց բնակչության հանրային կյանքը նման ընթացակարգով ժողովրդավարական եղանակով կազմակերպելու ջանքերի անհրաժեշտությունը»։

«Այդուհանդերձ, համանախագահները նշում են, որ իրենց երկրներից ոչ մեկը եւ ոչ էլ որեւէ այլ երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը անկախ եւ ինքնիշխան պետություն», - ասված է փաստաթղթում։

Համանախագահները նաեւ «ընդգծում են, որ հուլիսի 19-ի ընթացակարգը որեւէ կերպ չի ազդում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տեւական եւ խաղաղ կարգավորման հասցնելուն ուղղված շարունակվող բանակցությունների արդյունքի վրա»։

Ղարաբաղում անցկացված նախորդ` 2007 թվականի հուլիսի 19-ի նախագահական ընտրությունների կապակցությամբ իրենց հայտարարությունում եւս ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները մատնանշել էին Ղարաբաղի չճանաչված լինելու հանգամանքը, սակայն «ժողովրդավարական եղանակով հանրային կյանքը կազմակերպելու անհրաժեշտությունը ընդունելու» մասին ոչինչ չէին ասել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG