Մատչելիության հղումներ

Հուլիսի 20-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Թերեւս ոչ ոք մեզանում այնքան չի սիրում վերամբարձ դատողություններ անել սեփական հայրենասիրության մասին, որքան հայրենի օլիգարխները։ Թվում է, թե նրանց խոսքերում այդժամ նույնիսկ ինչ-որ մետաղ է հնչում, գուցե, ոմանց համար նույնիսկ թանկարժեք։ Իսկ իրականում օլիգարխը կարող է լինել բարի, եթե հրամայեն, դաժան, եթե ասեն, եւ, հավանաբար, նույնիսկ ինքնուրույն, եթե չափազանց համառորեն պնդեն։ Բայց հավատալ նրա հայրենասիրությանը կարող է միայն նա, ով այլեւս մխիթարական ուրիշ ոչինչ չունի։ Նրանց համար քաղաքականությունն ընդամենը ներդրումների տեսակներից է, որը պիտի փոխհատուցվի։ Իսկ ինչպե՞ս կարող է փոխհատուցվել։ Այնպիսի իրավական դաշտի ստեղծմամբ, որը կոնկրետ իրենց բիզնեսի համար նպաստավոր է»։

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «1995 թվականից սկսած՝ այն ամենը, ինչը Հայաստանում կապված է ընտրությունների հետ, զարմանալիորեն կրկնվում է: Մասնավորապես, կան կեղծ գաղափարներ, որոնց ընդդիմադիրները եւ հասարակության մի մասը իսկապես հավատում են. այդպիսի մի գաղափար է ընդդիմության միավորումը եւ միասնական թեկնածուով հանդես գալը: Իրականում դա ծուղակ է, որի մեջ պարբերաբար ընկնում են ընդդիմադիրները, եւ դրան, իհարկե, մեծ հաճույքով նպաստում են իշխանության ներկայացուցիչները: Իսկ ընտրություններից հետո իշխանությունները, որպես կանոն, ասում են՝ «այ, տեսաք, մենք զգուշացնում էինք, բայց ընդդիմությունը չմիավորվեց, դրա համար էլ պարտվեց»: Հիմա, հավանաբար, կլինեն ընդդիմադիր մի քանի թեկնածուներ, որոնցից ամեն մեկը կհայտարարի, որ հենց ինքն է միասնական թեկնածուն, իսկ մնացածը դհոլներ են ու հաճախորդներ: Բայց խնդիրը դա չէ. միասնական թեկնածուի փնտրտուքը եւ դրա շուրջ վեճերը սկզբունքային, մեթոդոլոգիական սխալ են: Այսօր պետք չէ ոչ ընդդիմադիր, ոչ էլ միասնական թեկնածու: Այսօր պետք է քաղաքական ուժ եւ թեկնածու, որը պոզիտիվ առումով ասելիք ունի, եւ այդ պոզիտիվ ասելիքը պետք է իսկապես ընդունելի լինի հասարակության համար»:

«Հրապարակ»-ը զրուցել է Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (ՀՀԿ) հետ: Լրագրողը հարցնում է. - «Կարծում եք միայն Վարդան Ղուկասյանի անձո՞վ է պայմանավորված Գյումրիի եւ գյումրեցիների վիճակը»: Պատասխան. - «Ընտրությունների ձախողումներն իր անձով են պայմանավորված: Քաղաքում ապրող մարդը պետք է ունենա բոլոր կոմունիկացիաները: Եթե մի քաղաքապետ 10 տարի աշխատում է, եւ շատերը կարող են 5 անգամ տուն ստանալ, շատերը մնալ տնակների մեջ եւ պետքարան էլ նույնիսկ չունենան, դա ի՞նչ քաղաքապետ է»: Հարց. - «Մինչեւ հիմա քննարկվե՞լ է, ճի՞շտ է, որ ՀՀԿ-ն այլեւս չի սատարի Վարդան Ղուկասյանին»: Պատասխան. - «Մեզ մոտ դեռ չի քննարկվել, բայց եթե քննարկվի էլ, ես, որպես անձ, մարդ… (ես իր հետ անձնական ոչինչ չունեմ, եւ ընդհանրապես մարդու անձն ինձ հետաքրքրում է այնքանով, թե նա ինչքանով է պատրաստ իր ուսերին կրել այն բարդույթները եւ ծանր երեւույթները)…Պաշտոնը ոչ թե օգտագործման միջոց է անձնական շահի, այլ հասարակությանը պիտանի լինելու: Պաշտոն ունենամ, որ գալստուկով, կոստյումով խոսեմ, էդ խոսելով չի, հերիք է այդ խոսացողներին պաշտոն տան, գործարարներին է պետք պաշտոն տալ, որոնք ոչ փողի կարիք ունեն, ոչ խրախճանքի»:

«Ժողովուրդ»-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի անդամ Զոյա Թադեւոսյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱԿ-ի կազմաքանդման մասին հայտարարությունները»: Պատասխան. - «Դե ՀԱԿ-ը լքողների շարքում վերջին ժամանակներս պարզապես ակտիվություն չի նկատվում: Ուղղակի ժողովրդի վրա մեծ ազդեցություն թողեց եւ ընդդիմադիր հանրության վրա նույնպես մեծ ազդեցություն ունեցավ մեր հարգարժան Դավիթ Շահնազարյանի հեռանալը ՀԱԿ-ից: Եվ այս ամենը քննարկումների առիթ տվեց, ինչը բնական է: Լքել ՀԱԿ-ը, չի նշանակում լքել քաղաքական պայքարը: Պետք չէ այս ամենից ողբերգություն սարքել»: Հարց. - «Ի՞նչն է պատճառը, որ լքում են ՀԱԿ-ը»: Պատասխան. - «Ձեր տված հարցից կարելի է եզրակացնել, որ ՀԱԿ-ը լքում են մասսայաբար: Դա այդպես չէ, այդ ամենը տեղի է ունենում ժամանակ առ ժամանակ` կապված տարբեր իրադարձությունների հետ, այս կամ այն անձի սպասումների չիրականանալու հետ, գաղափարական տեսանկյունների անհամատեղելիության, հիասթափությունների հետ»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ում կարդում ենք. - «Սիրիահայերի` Հայաստանում ապաստան գտնելու հետ կապված դժվարությունները հերթական անգամ բացահայտեցին այն իրողությունը, թե իրականում ինչ վերաբերմունք ունեն Հայաստանի իշխանությունները Սփյուռքի, «հայկական աշխարհի», եւ ընդհանրապես պետության նկատմամբ: Խոսքը «Արմավիա»-ի մասին չէ, խոսքը պետական կառույցների մասին է: Խոսքն այն մասին է, որ հայ ժողովրդի մի հատվածը հայտնվել է շատ ծանր իրավիճակում, ու բոլորը միանգամից իրար խառնված ձգտում են անպայման ինչ-որ «քյար ունենալ» այդ վիճակից: Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանի իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի հանկարծ սիրիահայերը Հայաստան չգան: Ինչո՞ւ: Որովհետեւ Սիրիայում ապրող հայը պոտենցիալ զբոսաշրջիկ է` Մասիսով հիացող եւ«հայրենիքին մեջ» գումարներ ծախսող, իսկ Հայաստան տեղափոխվածը` շարքային փախստական, որի վրա պետությունը ինքի պիտի փող ծախսի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG