Մատչելիության հղումներ

logo-print
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով սիրիահայերը իրենց ապագան կապում են Հայաստանի հետ, մինչդեռ մեր երկիրը պատրաստ չէ ընդունել մեծ թվով փախստականների: Նրա խոսքով, առաջին օգնությունը, իհարկե, կտրամադվի, բայց ինչ վերաբերում է նրանց ապագային, ապա այստեղ կան լուրջ խնդիրներ:

Գալով Հայաստան` սիրիահայերը պետք է նոր կյանք սկսեն, մինչդեռ մեր երկիրը տնտեսապես չի կարող նման մեծ քանակությամբ մարդկանց ապահովել աշխատանքով եւ կացարաններով:

Չնայած առկա խնդիրներին` Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ սիրիահայերի մեծամասնությունը դեռեւս չի պատրաստվում լքել երկիրը: Նրանք դեռեւս հավատում են նախագահ Բաշար ալ Ասադի հաղթանակին, իսկ երկիրը կլքեն միայն այն դեպքում, եթե գործող ռեժիմը տապալվի: Ըստ քաղաքագետի, դրա պատճառը գործող նախագահի լավ վերաբերմունքն է հայերի հանդեպ, ինչը, սիրիահայերի կարծիքով, կփոխվի ռեժիմի տապալման դեպքում: Սիրիահայերի համար, ըստ Մելիք-Շահնազարյանի, անվտանգության լուրջ խնդիր կառաջացնի նաեւ հակամարտության մեջ միջազգային ուժերի ներգրավվումը. - «Միջագային ուժերի միջամտության դեպքում, գաղտնիք չէ, որ առաջին հերթին Սիրիա կմտնեն թուրքական զորքերը, իսկ նման զարգացման դեպքում, ակնհայտ է, որ սիրիահայերը կհայտնվեն վտանգավոր իրավիճակում, եւ այդ պարագայում պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել նրաց Հայաստան տեղափոխեու համար»:

Կենտրոական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կարծիքով, հենց այս պահին պետք է սկսել քայլեր ձեռնարկել, քանի որ խնդիրը իրական է, եւ ավելի հեշտ այն կհաղթահարենք, եթե նախապես պատրաստվենք դրան. - «Մենք պետք է համախմբվենք, գտնենք ձեւեր եւ միջոցներ ու լուծենք այս հարցը: Կարող ենք նաեւ ներգրավել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները»:

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Սիրիայում շարունակվում է ընդդիմադիր ուժերի եւ գործող իշխանության հակամարտությունը: Այս ընթացքում միջազգային տարբեր հարթակներում թեեւ խոսվել է ուժային միջամտության մասին, բայց գործնականում միայն տնտեսական պատժամիջոցներ են կիրառվել:

Ինչ վերաբերում է հայ-սիրիական տնտեսական կապերին` ապա, Ասատրյանի խոսքով, մոտ 5 միլիոն դոլարի հասնող առեւտրաշրջանառության մեջ արտահանմանը շատ փոքր բաժին է հասնում, այդ իսկ պատճառով էլ լուրջ վնասներ մենք չենք կրի:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Սիրիայի ներկայիս իշխանությունների փոփոխությունը Հայաստանին ձեռնտու չէ նաեւ այն առումով, որ մենք կկորցնենք միջազգային հարթակներում եւս մեկ դաշնակցի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG