Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան Ռուսաստանի «ռազմավարական ու հուսալի գործընկերն է»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Մոսկվայում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ, 18-ը հուլիսի, 2012թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Մոսկվայում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ, 18-ը հուլիսի, 2012թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով չորեքշաբթի օրը կարճատեւ աշխատանքային այցով Մոսկվայում էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։

Պուտին - Էրդողան հանդիպմանը հետեւած մամլո ասուլիսին կողմերը նոր հայտարարություններ Սիրիայի հարցով չեն արել, խոսել են մեծամասամբ ռուս - թուրքական տարեցտարի թափ առնող համագործակցության մասին: Սակայն Անկարա վերադառնալուն պես Էրդողանը, ըստ թուրքական լրատվամիջոցների, հայտարարել է, որ «պաշտոնական Մոսկվան դրական է գնահատում Սիրիայում անցումային կառավարության ստեղծման եւ այդ երկրում ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու հեռանկարը»:

Թեեւ թուրքական մամուլը նախօրեին գրում էր, որ ռուս - թուրքական բանակցությունների օրակարգում հիմնականում Սիրիայի հարցն է, Էրդողանն ու Պուտինը մեծամասամբ առեւտրատնտեսական հարաբերություններից են խոսել։

Այդուհանդերձ, հանդիպմանը հետեւած ասուլիսին Պուտինը փոխանցել է, որ Էրդողանի հետ մանրամասն քննարկել են Սիրիայի ճգնաժամը:

Սիրիայի մասով, Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է Ժնեւում Սիրիայի հարցով ընդունված «ճանապարհային քարտեզը», եւ հերթական անգամ դատապարտել է Ասադի ռեժիմը:

Դեռ մինչ հանդիպումը փորձագետները նկատում էին, որ Էրդողանն ու Պուտինը Ասադի հարցում համաձայնության դժվար թե գան: Այս ամենի ֆոնին, Էրդողանի հայտարարությունը Անկարայում` Մոսկվայից վերադառնալուն պես, բավական հետաքրքիր է։

Ռուս - թուրքական երկկողմ հարաբերությունների առնչությամբ Պուտինը, մասնավորապես, հայտարարել է. - «Թուրքիան եղել ու մնում է Ռուսաստանի կարեւոր ռազմավարական ու հուսալի գործընկերը, հուսալի»: Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ անցած տարի աճել է 28 տոկոսով եւ կազմել է 32 միլիարդ դոլար, եւ Մոսկվան ու Անկարան մտադիր են այն հասցնել մինչեւ 100 միլիարդ:

Հատկապես արդյունավետ է ռուս - թուրքական համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, այդ թվում` ատոմային էներգետիկայի։ Մասնավորապես, էրդողանի փոխանցմամբ, Ռուսաստանը մտադիր է Թուրքիայում կառուցել առաջին ատոմակայանը. ծրագրի արժեքը, ըստ փորձագետների, 20 միլիարդ դոլար է:

Թուրքիայի վարչապետը ասուլիսի ժամանակ նշել է նաեւ, որ պաշտոնական Անկարան ու Մոսկվան համագործակցում են նաեւ պաշտպանական արդյունաբերության բնագավառում:

Պուտին - Էրդողան հանդիպման նախօրեին թուրքական մամուլը գրել էր, թե Անկարան մտադիր է Մոսկվայից գնել C-400 հակաօդային պաշտպանության համակարգ: Այս թեմայով պաշտոնական հայտարարություն երեկ չի հնչել, ինչպես նաեւ ո՛չ Պուտինը եւ ո՛չ էլ Էրդողանը չեն հայտնել` պայմանավորվե՞լ են արդյոք ռուսական գազի նոր գնի շուրջ։

Թուրքիան, որը ռուսական գազ սպառող երկրների ցանկում երկրորդ տեղում է եւ զիջում է միայն Գերմանիային, նոր` ավելի մատչելի գին է ակնկալում:

Հայտարարություններ Ղարաբաղի կամ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ երեկ չեն հնչել, իսկ թե ինչ են խոսել Պուտինն ու Էրդողանը առանձնազրույցի ժամանակ` գոնե այս պահին հայտնի չէ:

Ի դեպ, երեկ Կրեմլում թուրքական պատվիրակությանը ընդունելիս Ռուսաստանի նախագահը տարօրինակ ժեստով է կանչել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, եւ այդ կադրերը մեծ աղմուկ են բարձրացրել թուրքական մամուլում։ Թուրք լրագրողները այսօր գրել են, թե իր այս ժեստով Պուտինը վիրավորել է Թուրքիայի արտգործնախարարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG