Մատչելիության հղումներ

Կառավարությունը փակ նիստում քննարկել է սիրիահայերի հարցը


«Հայազն» միության անդամներն ու սիրիահայերը Կառավարության շենքի մոտ:

«Հայազն» միության անդամներն ու սիրիահայերը Կառավարության շենքի մոտ:

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը փակ նիստում քննարկել է սիրիահայերի հարցը:

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը փակ նիստում քննարկել է սիրիահայերի հարցը:

Նիստից հետո Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողներին փոխանցեց, որ վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել տարբեր գերատեսչությունների:

Նիստին զուգահեռ Կառավարության շենքի դիմաց ցույց էր կազմակերպել «Հայազն» միությունը` պահանջելով մշակել այլ երկրներից հայրենիք եկածներին սատարելու հատուկ ծրագիր:

«Բազմաթիվ հայ ընտանիքների հայրենիք վերադառնալու կամահայտնություն ունեն: Սակայն հայրենի իշխանությունները այդ առումով գործնական փաստորեն ոչ մի քայլ չեն ձեռնարկել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց միության անդամներից մեկը:

Միությունը նամակներ է հասցեագրել վարչապետին, Սփյուռքի եւ Արտաքին գործերի նախարարներին, որոնք մինչեւ հանձնելը հրապարակեցին:

«Հայազն» միության ներկայացուցիչներին միացավ նաեւ սիրիահայերի մի խումբ:

Նրանցից 17-ամյա Անդրանիկ Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ որոշակի դժվարությունների են բախվում Հայաստանում, եւ ցանկալի կլինի, որ Հայաստանի պետությունը օգնի իրենց բնակարանի կամ աշխատանքի հարցում:

Նրա խոսքով` Սիրիայի իշխանությունները «խաղաղ բնակչության վրա կրակ չեն բացում»:

Վարդանյանի պնդմամբ` իրենց հիմնական նպատակն այն է, որ «գոնե ժամանակավորապես» սիրիահայերը հավաքվեն Հայաստանում:

Սիրիահայերը խնդիրներով Հայաստանում զբաղվում են մի քանի կառավարական գերատեսչություններ` Միգրացիոն ծառայությունը, Սփյուռքի նախարարությունն ու Ոստիկանությունը:

Դատական փորձագետների եւ իրավագետների ասոցիացիայի նախագահ Լյուդվիգ Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշելով, թե Հայաստանում չկա որեւէ կառույց, որը իրավական աջակցություն կցուցաբերեր օտարերկրացիներին` հավելեց, որ իրենց ասոցիացիան մեկ ամիս առաջ սկսել է իրականացնել «Միգրանտների միջսահմանային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը:

Ավելի քան 3 հազար Սիրիայի քաղաքացիներ են այս տարվա առաջին կեսին դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG