Մատչելիության հղումներ

Բողոքող մայրերը կառավարության շենքի ներսում հանդիպում էին պահանջում վարչապետի հետ


Գործադիրի նիստից րոպեներ առաջ կառավարության շենք ներխուժեցին բանակում մահացած մի քանի զինծառայողների ծնողներ, ովքեր գրեթե ամեն հինգշաբթի բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջեւ:

Կառավարության առջեւ հավաքված մեկ տասնյակից ավելի ոստիկաններին չհաջողվեց կանխել ծնողների մուտքը կառավարության շենք: Բանակում մահացած զինվորների մայրերը հանդիպում էին պահանջում վարչապետի եւ պաշտպանության նախարարի հետ, ասում էին, որ դուրս չեն գա շենքից, մինչեւ պատասխան չստանան:

«Թող իջնի վարչապետը, վերջապես վարչապետին պիտի՞ հետաքրքրի էս մեր էրեխեքի սպանությունները, կարող է մեր էրեխեքը իրենց համար խաղալիքնե՞ր էին, ուղարկեցինք բանակ, հոշոտեցին, ու էսօր պատասխան չեն ուզում տալ: 2 տարի, 4 ամիս է ես կանգնած եմ էստեղ, օրերից մի օր մեր վարչապետը չի եկել էս գլխավոր մուտքից մտել ու ասի` «ես ձեր ցավը հասկանում եմ», - ասում էր ըստ պաշտոնական վարկածի բանակում բանակում ինքնասպանություն գործած Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը (մայրը պնդում է, որ որդուն սպանել են, քանի որ սյունը, որից կախվել էր որդին, նրա հասակից ցածր է եղել):

Ծնողները պահանջում էին, որ իրենց որդիների մահվան գործով մեղավորները արժանի պատիժ ստանան: Չնայած նրանց պահանջին, ոչ վարչապետը, ոչ պաշտպանության նախարարը չհանդիպեցին նրանց հետ: Փոխարենը կառավարության շենքի ներսում մայրերի հետ հանդիպեց ու զրուցեց կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա փորձում էր ծնողներին բացատրել, որ մարդ կարող է մահանալ նաեւ խաղաղ պայմաններում:

«Էս զոհերը տան բակում էլ է լինում, ինստիտուտում էլ է լինում», - ասում էր նա:

Մոտ 30 րոպե անց ոստիկաններին հաջողվեց կառավարության շենքից դուրս հանել վրդովված ծնողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG