Մատչելիության հղումներ

ՀՀԿ պատգամավորի որդին կասկածվում է երկու մեքենա առեւանգելու մեջ


Նահապետ Գեւորգյանի որդին` Արտակ Գեւորգյանը ձերբակալված է, մինչեւ շաբաթավերջ կպարզվի նրա խափանման միջոցի հարցը։

Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պաշտոնապես հաստատեցին, որ Հայաստանի Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին` չորեքշաբթի օրը ձերբակալված Արտակ Գեւորգյանը կասկածվում է բռնություն գործադրելու սպառնալիքով երկու մեքենա առեւանգելու մեջ:

Մինչեւ այս շաբաթավերջ հայտնի կդառնա` 30-ամյա Արտակ Գեւորգյանը, ում անունը նախկինում շրջանառվել է մի շարք աղմկահարույց միջադեպերի հետ կապված, կմնա՞ անազատության մեջ, թե՞ ստորագրությամբ ազատ կարձակվի։ Խափանման միջոցը որոշելու համար սահմանված 72 ժամը լրանում է ուրբաթ երեկոյան:

Այն հոդվածները, որոնցով հարուցված է քրեական գործը, նախատեսում են 5-ից մինչեւ 8 տարվա ազատազրկում:

Արմավիրում «Նովո» մականունով հայտնի Նահապետ Գեւորգյանի որդու հետ կապված միջադեպը տեղի է ունեցել երեկ ուշ գիշերին: «Ազատություն» ռադիոկայանի ունեցած նախնական տեղեկություններով` Արտակ Գեւորգյանը ինչ-որ տեղից վերադառնալիս իր «Մերսեդես Բրաբուս» ջիփ մեքենան կայանել է գազալցակայանում՝ լիցքավորելու նպատակով։ Հետո, չհամբերելով մինչ իր մեքենան լիցքավորեն, նստել է կողքին կայանված «Գազ-24» մակնիշի ավտոմեքենայի ղեկին, որի վարորդը ներսում չի եղել, եւ հեռացել է: Ճանապարհին` Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ, այս մեքենայի տիրոջ ծանոթները կանգնեցրել են մեքենան` ճշտելու, թե ով է ղեկին, Գեւորգյանը իջել է «Գազ-24»-ից, ատրճանակի սպառնալիքով այդ գյուղացիներին իջեցրել է նրանց պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայից, հիմա էլ նստել է այդ մեքենան ու հեռացել: «ՎԱԶ-2106»-ի տերը՝ Վիրաբ անունով, գիշերվա ժամը 3։35 իր մեքենայի առեւանգման առիթով դիմել է ոստիկանություն, ինչից հետո պատգամավորի որդուն ձերբակալել են:

Դեռեւս հստակեցված չէ` Արտակ Գեւորգյանը սթա՞փ վիճակում է եղել, թե՞` ոչ. ըստ նախնական վարկածների` նա եղել է անսթափ վիճակում:

Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին նաեւ, որ դեպքից հետո երեկ երեկոյան խուզարկելով երիտասարդին պատկանող բնակարանը` Երեւանի Տերյան փողոցում, բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերել են «Բայկալ» օդամղիչ ատրճանակ: Սակայն դեռ հայտնի չէ` որքանով է զենքը օրինական: Բացի այդ, երեկ երեկոյան ոստիկանները տարել են պատգամավոր Նահապետ Գեւորգյանին պատկանող «Մերսեդես Ջի» մակնիշի մեքենան. ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ մեքենան, նախնական տեղեկություններով, կապ չունի միջադեպի հետ` այն տարել են խուզարկության նպատակով:

Նահապետ Գեւորգյանի որդու հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածների երեք մասերի հատկանիշներով` ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը (փախցնելը)` կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, եւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը` Քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մաս, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ եւ 235 հոդվածի 1-ին մաս:

Պատգամավոր Նահապետ Գեւորգյանը երեկվանից չի պատասխանում հեռախոսազանգերին:

Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարակուսանք հայտնեց, թե ինչու կարող է հանրապետական պատգամավորը պատասխանատու լինել իր որդու արարքների համար։

«Եթե ձեր որդիներից մեկը մանկապարտեզում մեկին վիրավորում է, գալիս` ձե՞զ են պատժում։ Որեւէ խնդիր չեմ տեսնում: Մամուլում տարածված նյութերը նաեւ նպատակ ունեն պատգամավորին վարկաբեկել», - ասաց Սահակյանը։

«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, որ եղել են նախադեպեր, երբ պաշտոնյաները իրենց զավակների արարքների պատճառով հրաժարականի դիմումներ ներկայացրել են, ուստի որդու մեղքը հաստատվելու պարագայում ՀՀԿ-ն կտեսնի՞ Նահապետ Գեւորգյանի` մանդատը վայր դնելու անհրաժեշտություն, Գալուստ Սահակյանը հակադարձեց, որ պետք է հարգել անմեղության կանխավարկածը. այս փուլում որեւէ հանցանք հաստատված եւ ապացուցված չէ, եւ այն, ինչ շրջանառվում է՝ ընդամենը «վարկածներ են»։ Բացի այդ, ըստ Հանրապետականի փոխնախագահի, «կուսակցությունները պատժիչ մարմիններ չեն, նրանք քաղաքականությամբ են զբաղվում»: «Կուսակցությունը միշտ էլ իր խոսքն ասել է, որ եթե հանցագործություն կա՝ հանցագործները պետք է խստորեն պատժվեն», - ասաց Սահակյանը։

Ի դեպ, Արտակ Գեւորգյանի անունը կապվում էր նաեւ գարնանը խորհրդարանական ընտրություններից առաջ Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքի մեծամասնական անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանին ծեծի ենթարկելու աղմկահարույց միջադեպի հետ: Ոստիկանությունը նույնպես հաստատել էր Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտ ապրիլի 6-ի լուսադեմին տեղի ունեցած ծեծկռտուքի փաստը, որի հետեւանքով թեկնածուն ստացել էր ուղեղի ցնցում եւ օրեր անց ինքնաբացարկ հայտարարեց. այստեղից պատգամավոր ընտրվեց Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Ալեքսան Պետրոսյանը: Չնայած դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործին` ոչ ոք կատարվածի համար այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` ոստիկանությունից հիմնավորեցին, որ Մերուժան Մխոյանը իր ցուցմունքներում չի հաստատել ծեծը եւ հայտարարել է, որ վնասվածք ստացել է ծառից ընկնելու պատճառով: Իսկ դիտարկմանը, թե գուցե նրա վրա ճնշումներ են գործադրվել, պատասխանեցին, որ իրավապահ մարմինները հիմնվում են վկայությունների ու փաստերի վրա:

please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG