Մատչելիության հղումներ

logo-print

Հուլիսի 19-ի մամուլ


«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը գրում է. - «Վահե Ավետյանի ողբերգական մահվան արդյունքում ծայր առած եւ մինչեւ օրս չմարող հասարակական ընդվզման դրսեւորումներին հետեւելիս հավանաբար շատերի մոտ է առաջացել այն հարցադրումը, թե ինչու նմանատիպ ընդվզում տեղի չունեցավ 2008 թվականի մարտի 1-ի սպանդից հետո: Ինչո՞ւ է ուրեմն Վահե Ավետյանի մահվան դեպքում հասարակությունը ուղղորդում քաղաքական ուժերին, եւ ոչ թե հակառակը: Հավանաբար պատճառն այն է, որ անցած 4 տարիներին եւ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում հասարակությունը վերջնականապես հասկացավ, որ իր շահերի, իրավունքների եւ անգամ կյանքի պաշտպանության համար պետք է պայքարի ինքը` հույսը չդնելով որեւէ քաղաքական ուժի վրա, քանի որ իրեն մարտի 1-ի քաղաքական պահանջատեր հռչակած Հայ ազգային կոնգրեսի գործողությունները ցույց տվեցին, որ քաղաքական շահերի բախման արդյունքում կրած կորուստներն ու զոհերի արյունը շատ արագ մոռացվում են այդ քաղաքական շահերի համընկնման դեպքում: Այն աստիճան, որ երեկվա «մարդասպանները», «գազանները» ու «ձեռքերը արյան մեջ թաթախած» գործիչները սահուն կերպով վերածվում են գործընկերների ու անգամ նախագահի հնարավոր միասնական թեկնածուների»:

«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը գրում է. - «Առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմությունը վայթե չկարողանա հանդես գալ միասնական թեկնածուով։ Չէինք ցանկանա նախապես հոռետեսություն ցուցաբերել, բայց ընդդիմադիր հիմնական ուժերն այժմ հարցին մոտենում են «հայելի ջան, հայելի, ո՞վ է ինձնից նազելի» սկզբունքով, ինչն էլ նշանակում է, որ միասնական թեկնածուի գործը գլուխ չի գալու։ Իրականում միասնական թեկնածուի շուրջ բանակցություններն ավելի շատ Սերժ Սարգսյանին են ձեռնտու, եւ ահա թե ինչու։ Նախ` այդ «բանակցություններն» այսպես թե այնպես վերածվելու են միմյանց հասցեին հնչեցվող «է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն» կարգի գնահատականների, ինչն էլ հրճվանքի անմոռանալի պահեր է պարգեւելու իշխանական քարոզչամեքենային։ Երկրորդ` հասարակությունը հազիվ թե դրական կարծիք կազմի քաղաքական այն ուժերի մասին, որոնք լրջորեն մտածում են, թե հնարավոր է, ասենք, «Ժառանգության» հետ բանակցել միասնական թեկնածուի հարցով։ Հասարակությունը «ջուր ծեծող» կուսակցություններին առանձնապես չի վստահում եւ ձայն չի տալիս»։

«168 ժամ»-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Փաստորեն, Դուք ավելի շատ հակված եք ընտրություններին ներկայանալ սեփական թեկնածուով, քան աջակցել ընդդիմության հնարավոր միասնական թեկնածուի՞ն, որի մասին այդքան խոսվում է»: Պատասխան. - «Մենք դեռեւս այդ հարցը չենք քննարկել, սակայն ես կարծում եմ, որ այսօր քաղաքական ընդդիմադիր դաշտում չկա ավելի խարիզմատիկ առաջնորդ, քան Րաֆֆի Հովհաննիսյանն է, եւ չկա ավելի հարմար մի թեկնածու, ով կարող է այդքան համախմբող ներուժ ունենալ Րաֆֆի Հովհաննիսյանի պես»: Հարց. - «Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը խարիզմատիկ առաջնորդ չէ՞»: Պատասխան. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը խարիզմատիկ առաջնորդ եղել է: Այն գործընթացները, որոնք տեղի ունեցան 2008 թվականից հետո, ինձ համար ուղենիշ են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող միասնական թեկնածու լինել. առաջին հերթին` նա համախմբելու փոխարեն անընդհատ վանում է մարդկանց: Սկզբում ՀԱԿ-ը իրենից վանեց «Ժառանգություն»-ը, երկրորդը` նրանք իրենց գործողություններով կարողացան հենց ՀԱԿ-ի միջից մի քանի ուժերի դուրս մղել, եւ, վերջապես, այդ հսկայածավալ միտինգները դարձան ընդամենը մի քանի հազարանոց միտինգներ: Ինչի՞ մասին ենք մենք խոսում, երբ եղավ երկխոսություն իշխանության հետ, միասնական շտաբ»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է պատգամավոր Հովհաննես Սահակյանի (ՀՀԿ) հետ, ով ասում է. - «Բնականաբար մեզ համար ցանկալի կլիներ ունենալ միասնական թեկնածու նաեւ իշխանական ճամբարում. մենք գնահատում ենք քաղաքական ուժերի ներուժը, ծրագրային դրույթները, եւ այսօր էլ պատրաստ ենք քննարկել նախագահական ընտրություններին միասին մասնակցելու եւ հետագայում միասնական ծրագիր իրականացնելու հարցը»։

«Առավոտ»-ի հետ զրույցում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Լյուդմիլա Սարգսյանն ասում է. - «Ես այն կարծիքին եմ, որ բոլոր այն ուժերը, առանձին քաղաքական գործիչներ, որոնք ինչ-որ «փոփոխությունների», «շեղումների» պատճառով լքում են ՀԱԿ-ը, նրանք դրանով չեն ուժեղացնում համազգային շարժումը: Իսկ այսօր բոլորիս գերխնդիրը պետք է լինի ամուր պահել այդ շարժումը եւ չօժանդակել իշխանություններին այն քայքայման գործընթացում, որ նպատակային փորձում են իրականացնել ՀԱԿ-ում: Որոշ դեպքերում կարելի է ասել, որ ՀԱԿ-ը մաքրվում է, որոշ դեպքերում ես ցավ եմ ապրում, որ մեր գործընկերները, համենայնդեպս, չկարողացան վեր կանգնել ինչ-որ խնդիրներից եւ միասնական պայքարը շարունակել: Միաժամանակ, հույս ունեմ, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք նորից միավորվելու եւ միասնական ճակատ ստեղծելու հնարավորություն ենք ունենալու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG