Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարի սպանությունը մտահոգել է սիրիահայերին


Հարութ Փալուլյան
Հարութ Փալուլյան
Ինքնասպան ահաբեկչի կողմից Սիրիայի պաշտպանության նախարարի սպանության փաստը նոր մտահոգությունների առիթ է տվել սիրիահայ համայնքի անդամներին, որոնց մի մասը պատերազմական իրավիճակի պատճառով հանգրվանել է Հայաստանում եւ այլ երկրներում:

Սիրիայի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջան սպանվեց չորեքաբթի օրը Դամասկոսում` Ազգային անվտանգության կենտրոնակայանում ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետեւանքով:

Սիրիահայերը չեն բացառում, որ եթե ընդդիմադիրները գան իշխանության, հալածանքներ կսկսվեն քրիստոնյաների նկատմամբ:

«Եթե հիմիկվա պետությունը մնա, հայերը հանգիստ կլինեն, որովհետեւ նախագահ Բաշար Ասադը հայերին շատ է սիրում, հայերին միշտ օգնում է: Եթե մյուս մուսուլմանները գան, գահին նստեն, արդեն կկարծեմ, որ մենք այստեղից օդանավեր պիտի ուղարկենք օգնության, որ հայերը շտապ այստեղ գան», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մեկ շաբաթ առաջ Հալեպից Երեւան ժամանած Հարութ Փալուլյանը:

Փալուլյանն ասում է, որ շատ սիրիահայեր են ուզում Հայաստան գալ ու թեկուզ ժամանակավոր ապաստան ստանալ այստեղ, սակայն Հալեպ-Երեւան չվերթների քանակը («Արմավիա» եւ «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունները շաբաթական մեկական թռիչք են իրականացնում) ու տոմսերի բարձր գները լուրջ խնդիրներ են ստեղծում Հայաստան գալու մտադրություն ունեցող սիրահայերի համար:

Նշենք, որ մինչեւ սեպտեմբեր Հալեպից Երեւան ինքնաթիռների տոմսերը վաճառված են, ու սիրահայերը չգիտեն ինչպես հասնել Հայաստան: Թուրքիայով գալ չի լինում, քանի որ այդ երկիրը, ինչպես Փալուլյանն է իր օրինակով ներկայացնում, խոչընդոտներ ստեղծում, իսկ այլ երկրներով Հայաստան հասնելը շատ ավելի թանկ արժի:

Սիրիահայերը հինգշաբթի առավոտյան նախատեսում են երթով հասնել Հայաստանի կառավարության շենք, նամակ հանձնել կառավարությանը` պահանջելով պատշաճ կերպով կազմակերպել սիրիահայերի հայրենադարձությունը:

Սիրիայում Կաթողիկե եկեղեցու քահանայապետ հայր Անդրանիկը, ով արդեն մեկ շաբաթ է Երեւանում է, ասում է, որ այդ ակցիային չի մասնակցի, բայց արդեն հասցրել է իր պահանջը ներկայացնել Հայաստանի իշխանություններին: Նա հանդիպել է Հայաստանի կառավարության ներկայացուցիչներին` խնդրելով աջակցել Սիրիայից Հայաստան տեղափոխվածներին: Հայր Անդրանիկն հույս ունի, որ իշխանությունները առաջին հերթին լուծում կտան Սիրիայից Երեւան իրականացվող չվերթների խնդրին, այսինքն թռիչքները կավելացվեն, կլուծվի նաեւ տոմսերի բարձի գնի հարցը:

Սակայն սիրիահայերի դժվարությունները միայն Հայաստան հասնելով չեն ավարտվում: Մի շարք խնդիրների էլ նրանք ստիպված են լինում բախվել արդեն Հայաստանի ներսում: Փալուլյանը առաջինը մատնանշում է աշխատանք գտնելու եւ բնակարանի վարձը հոգալու հարցերը եւ ասում է, որ իշխանությունները «իրենց համարյա չեն աջակցում»:

«Սիրիայի մեջ թագավորի նման ապրել ենք…, բայց [այստեղ] շատերը մատուցող են աշխատում, որ գոնե տան վարձը հանեն: Օրինակ, բանկ պիտի դիմեմ աշխատանքի համար, բայց ասում են, որ ռուսերեն պիտի իմանաս: Հալեպի ժողովուրդը ռուսերեն չգիտի, գիտի անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, հայերեն», - ասում է նա:

Փալուլյանը Հայաստան է տեղափոխվել, որպեսզի խուսափի Սիրիայի զինված ուժերում ծառայելուց: Ասում է` իր նման շատ հայ երիտասարդներն են այդ քայլին դիմել, բայց, միեւնույն է, սպասում են իրավիճակի շտկմանը, խաղաղության հաստատմանը, որպեսզի կարողանան վերադառնալ Սիրիա:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ չնայած դժվարություններին, Հայաստանի դեսպանատունն ու հյուպատոսությունը Սիրիայում շարունակում են իրենց գործունեությունը:

please wait

No media source currently available

0:00 0:04:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG