Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Սյաոյու Ժաոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների կապերի վարչության փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ ասիական տարածաշրջանում: Նա հույս է հայտնել, որ ԱԶԲ-ի փոխնախագահի այցը կխթանի Հայաստանի հետ բանկի արգասաբեր համագործակցության հետագա զարգացումը՝ ուղղված երկրի տնտեսական կայուն աճի ապահովմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը:

Սյաոյու Ժաոն նշել է, որ այժմ Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում միջազգային հանրության կողմից ֆինանսավորվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ուղղությամբ:

Զրուցակիցների բնորոշմամբ` Հայաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող այդ ծրագրի իրագործումն զգալիորեն կխթանի նաեւ այլ ոլորտների զարգացումը:

Երկուստեք կարեւորվել է բանկի օժանդակությամբ Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը հեռանկարային այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, եւ կառավարության կողմից երկրի տնտեսական առաջնահերթություններ համարվող այլ ոլորտներում, որոնք տեղ կգտնեն Հայաստանի կառավարության եւ ԱԶԲ-ի կողմից հաստատվելիք համագործակցության ռազմավարական ծրագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG