Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի զինծառայող է սպանվել` «օրեր առաջ»


Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում օրեր առաջ սպանվել է ադրբեջանցի 22-ամյա պայմանագրային զինծառայող Իլքին Օրուջեւը, որի հուղարկավորությունը կայացել է այսօր նրա հայրենի` Թերթերի շրջանի Սեյիդիմլի գյուղում։ Այդ մասին հաղորդում է 1news.az ինտերնետային պարբերականը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Հայաստանի Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական Թովուզի շրջանի առաջնային գծում ծառայություն իրականացնող Օրուջեւը սպանվել է հայկական ուժերի կողմից։ Նրա դիակը երկու օր մնացել է չեզոք գոտում, եւ միայն այսօր է հաջողվել այն հանձնել զինծառայողի ընտանիքին, հաղորդում է 1news.az-ը։

Շփման գծում զինծառայողի սպանվելու վերաբերյալ հաղորդագրություն Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները անցած մի քանի օրերին չեն տարածել։

Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանությամբ հանդես եկավ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկության վերաբերյալ, որ հայ - ադրբեջանական շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում` Այգեձոր գյուղի մերձակայքում, չեզոք գոտում հայտնաբերվել է ադրբեջանական բանակի զինվորի դիակը:

«Սա ադրբեջանական կողմի հերթական արկածախնդրության հետեւանքն է: Եվ փաստը, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է մեր դիրքապահների հսկողության գոտում, վկայում է հենց այդ մասին: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ ադրբեջանական զինվորական ղեկավարության, կամ, ինչու չէ, անհատ զինծառայողի ձեռնարկած այս սադրանքը եւս ձախողվել է: Սահմանախախտը մեր դիրքապահների կողմից հայտնաբերվել եւ թիրախավորվել է: Ըստ երեւույթին, վերջինս վիրավորվել է հայ դիրքապահների ձեռնարկած գործողությունների արդյունքում եւ փորձել է նահանջել սեփական դիրքեր, սակայն չի կարողացել դուրս գալ չեզոք գոտուց», - պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ասել է Արծրուն Հովհաննիսյանը` ամփոփելով. - «Ամեն դեպքում, այս միջադեպի պատասխանատվությունն ամբողջովին կրում է հարեւան երկրի ռազմական գերատեսչությունը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG