Մատչելիության հղումներ

Գերմանիայի նորանշանակ դեսպանը ժամանեց Հայաստան


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպան Ռայներ Մորելին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին հայ - գերմանական քաղաքական երկխոսությունը եւ բազմաբնույթ համագործակցությունը զարգանում են դինամիկ կերպով, ինտենսիվ բարձրաստիճան փոխայցելություններ են կատարվում: Նա հույս է հայտնել, որ դեսպան Մորելն իր ներդրումը կունենա Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ երկկողմ գործընկերության առավել ամրապնդման եւ ընդլայնման գործում:

Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հաստատված գործակցությունը եւ վստահեցրել, որ ջանքեր կգործադրի փոխհարաբերությունների սերտացման ուղղությամբ:

Նալբանդյանն ու Մորելը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարները, անդրադարձել Հայաստան - Եվրամիություն համագործակցությանը` Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք խնդիրների:

Որպես երկկողմ գործակցության կարեւոր բաղադրիչ` հանդիպման ժամանակ գոհունակությամբ նշվել է Աֆղանստանում գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ծառայության մասին, փոխանցում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Գերմանիայի նախկին դեսպան Հանս Յոխեն Շմիդտը իր շուրջ եռամյա դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտեց անցած ամիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG