Մատչելիության հղումներ

Հուլիսի 18-ի մամուլ


«Հրապարակ»-ի մեկնաբանը գրում է. - «Զավեշտական է, որ հրապարակ է հանվել ընդդիմության միասնական թեկնածուի հարցը, երբ միասնական թեկնածու ունենալուց առաջ պետք է միասնական ընդդիմություն ունենալ: Առավել զավեշտալին այն է, երբ իշխանական կողմն էլ է գոհունակությամբ խաղում ընդդիմության խաղը՝ նշելով, որ ցանկալի է ունենալ ընդդիմության միասնական թեկնածու: Քաղաքական ողջ դաշտը խոսում է ընդդիմության միասնական թեկնածուի մասին, ժողովուրդն ավելի է պրկվում՝ ո՞ւր է ընդդիմություն ասվածը…Ժողովրդի կողմից ընդդիմություն ասվածը պատկերվում է Գագիկ Ծառուկյանի ներմուծված կերպարով, ՀԱԿ-ը դուրս է մղվել առաջնորդողի գծից: Սա պատերազմի ժամանակ հակառակորդին խաբելու ու ապակողմնորոշելու տակտիկական քայլ է: Հակառակորդի զգոնությունը թուլացնելու ու կրկին հարձակվելու քայլ, որը, կարծում եմ, սառնասրտորեն իրագործում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Շուտով նա երկրորդ քայլը կանի: Կանցնի վճռորոշ հարձակման՝ դավաճանի խարանն իր ճակատից մաքրելու ու կրկին ակտիվ քաղաքականություն մտնելու համար»:

«Հայոց Աշխարհ»-ը «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանին հարցնում է. - ««Ժառանգություն»-ը այսօր «Ազատ դեմոկրատներ»-ի հետ խորհրդարանում, քաղաքական դաշտում որեւէ միասնական աշխատանք կատարո՞ւմ է»: Պատասխան. - «Անկեղծ ասած, առկա քաղաքական իրավիճակում միակ առաջնային խնդիրը, որին լուծում տալու նպատակով «Ժառանգություն»-ը եւ «Ազատ դեմոկրատներ»-ը պետք է համատեղ անելիք ունենան, առաջիկա նախագահական ընտրություններն են: Կարող եմ հավաստիացնել, որ հասարակական նշանակություն ունեցող որեւէ խնդրի շուրջ մեր երկու կուսակցությունները տարբերվող մոտեցումներ չունեն: Նախագահական ընտրություններին առնչվող հարցերում եւս որեւէ տարակարծություն չկա: «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել, որ պաշտպանելու են Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Ամառային արձակուրդներից հետո «Ժառանգություն»-ը եւ «Ազատ դեմոկրատներ»-ը, կարծում եմ, նախագահական ընտրություններին նախապատրաստվելու միասնական գործունեություն կծավալեն»:

«Առավոտ»-ի խմբագիրը հարցնում է. - «Ո՞ր տարբերակն է ավելի գերադասելի Գյումրիի բնակիչների համար՝ եթե քաղաքապետ մնա Վարդան Ղուկասյա՞նը, թե՞ այդ պաշտոնը զբաղեցնի ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի դրածոն։ Շարքային գյումրեցիների համար պետք է որ բացարձակապես միեւնույն լինի՝ այդ երկուսից որ մեկն է ստանձնելու այդ պաշտոնը: Քրեական հակումներ ունեցող երկու խմբավորումների ղեկավարները, որոնց մեջ, կարծես թե, նաեւ «արյուն» կա, կռվելու են այդ պաշտոնի համար՝ հուսանք, այս անգամ առանց կրակոցների: Ի՞նչն է դրանից փոխվելու՝ տնակներում 24 տարի ապրող մարդիկ տո՞ւն կստանան, անգործ տղամարդկանց համար աշխատատեղե՞ր կստեղծվեն, թե՞ կենտրոնից դուրս քարուքանդ փողոցները կսարքվեն: Պայքարը ուժային, վարչական, տնտեսական լծակների համար է: Պայքար, որում կողմերը ոչնչի առաջ չեն կանգնի»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հայաստանի իշխանությունները պայքարում են կոռուպցիայի դեմ: Մի քանի օր առաջ, օրինակ, բռնեցին ու 40 հազար դրամ կաշառք վերցնելու համար ձերբակալեցին Կոտայքի փոխմարզպետին: Բայց այդ նույն իշխանությունները, չգիտես ինչու, չեն պատրաստվում քրեական գործ հարուցել «Վիզկոն» ՍՊԸ հիմնադիր Պավել Անդերսոնի ցուցմունքների հիման վրա: Մինչդեռ մարդը մանրամասն ներկայացնում է, թե ինչպես է հարյուր հազարավոր դոլարներ կաշառք տվել պետական պաշտոնյաներին ու դատավորներին, ինչ նպատակով, ինչ է ստացել դրա դիմաց եւ այլն: Իսկ ինչո՞ւ է այդպես: Որովհետեւ Հայաստանի իշխանությունները իրենք են որոշում` որ դեպքերում պայքարել կոռուպցիայի դեմ, եւ որ դեպքերում իրենց «շլանգի տեղ դնել»: Ընդ որում` այդ որոշումները հենց այնպես չեն կայացվում. կոռուպցիան էլ է լինում «ճիշտ» եւ «սխալ»: Պարզ ասած` պետությունից գողանալը դատապարտելի չէ, «շեֆից» թաքուն գողանալն է դատապարտելի, որովհետեւ դա նշանակում է «շեֆից» գողանալ: Տեսեք` մի երկրում, որտեղ աղքատության մակարդակը առանձնապես չի տարբերվում աֆրիկյան երկրների ցուցանիշներից, պաշտոնապես միլիոնատերեր են ե'ւ վարչապետն ու նախարարները, ե'ւ պատգամավորներն ու մարզպետները: Եվ նրանցից ոչ մեկը իր միլիոնները հայտարարագրելու պրոբլեմ չունի: Ինչո՞ւ: Որովհետեւ «շեֆը» տեղյակ է, եւ կարեւորը դա է»:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ-Հայաստան» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ: Նրա խոսքով` տասը բալանոց սանդղակով, որտեղ զրոն բացարձակ կոռումպացված երկրներն են, իսկ 10-ը` կոռուպցիա չունեցողները, Հայաստանի վերջին` ամենաթարմ ցուցանիշը եղել է երեք: «Տարբեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման ցուցանիշը վկայում է երկրում առկա համակարգային կոռուպցիայի մասին: Իրավիճակը դանդաղ, բայց հաստատուն ձեւով գնում է դեպի վատը», - ասել է Հոկտանյանը: Նրա փոխանցմամբ` ՀՀ իշխանություններն անցած տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի երկու ծրագիր են մշակել, բազմաթիվ օրենքներ են փոխել, բայց միեւնույն է` այդպիսով խնդիրը չի լուծվում: «Երբ կոռուպցիան երկրում համակարգային է, դրա դեմ պայքարի երկու ճանապարհ գոյություն ունի` իշխանափոխություն կամ էլ, ինչպես ընդունված է ասել, քաղաքական կամքի դրսեւորում, երբ իշխանություններն իրենք են որոշում, որ իրավիճակը օրհասական է, եւ սկսում են արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպես դա տեղի ունեցավ Սինգապուրում: Ներկա վարչակազմից կարող եմ ակնկալել միայն մանր վարչական կոռուպցիոն երեւույթների կրճատում», - ասել է նա:

please wait

No media source currently available

0:00 0:05:04 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG