Մատչելիության հղումներ

Փաստաբանը ԵԴ-ի որոշումը որակում է որպես «մեծ ապտակ» Հայաստանի իրավապահներին


Փաստաբան Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանը իր գործով Եվրադատարանի կայացրած որոշումը համարում է «մեծ ապտակ» Հայաստանի քննչական մարմիններին ու դատախազությանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անցած շաբաթ որոշել է, որ փաստաբանի դեմ 2005 թվականին սկսված եւ փաստացի մինչ օրս շարունակվող քրեական հետապնդմամբ խախտվում է նրա արդար դատաքննության իրավունքը, քանի որ 7 տարին ողջամիտ ժամկետ չէ գործը ընթացի մեջ պահելու համար, եւ այդ իրավունքի խախտման համար պետությունը պետք է փաստաբանին վճարի 2500 եվրո: Այսինքն Վահե Գրիգորյանի դեմ այն ժամանակ «խարդախության եւ փաստաթղթերի կեղծման» հատկանիշներով հարուցված քրեական գործը ոչ դատարան է ուղարկվում, ոչ կարճվում է, եւ ոչ էլ նա արդարացվում է:

Ընդդիմադիրների, մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հարազատների, ինչպես նաեւ այդ տարիներին պետական կարիքների համար իրենց տներից բռնի վտարված քաղաքացիների շահերը ներկայացնող Վահե Գրիգորյանը համոզված է, որ սա ուղղված է իր փաստաբանական գործունեության դեմ:

Գրիգորյանի դեմ այս քրեական գործը հարուցվել էր Երեւանի կենտրոնի իրենց տներից մարդկանց ոչ համարժեք փոխհատուցումների դիմաց զանգվածաբար բռնի վտարելու թեժ փուլում: Գրիգորյանը այն ժամանակ այս մարդկանց շահերը պաշտպանող բացառիկ փաստաբաններից էր: Նա ձերբակալվեց 2005-ի հոկտեմբերին, հենց այն օրերին, երբ Հյուսիսային պողոտայի վտարվող բնակիչները սկսել էին ընդվզել եւ բարիկադներ կառուցել: Գրիգորյանը չորս ու կես ամիս մնաց կալանավորված, այդ ընթացքում տեղական մի շարք հասարակական կազմակերպություններ նրան անվանեցին «քաղբանտարկյալ», սկսվեցին բողոքի ակցիաներ, միջազգային կազմակերպությունները մտահոգություն հայտնեցին նրան անազատության մեջ պահելու առնչությամբ:

Գրիգորյանը համոզված է, որ իր դեմ «շինծու» քրեական գործի հարուցումը, որն ապացուցող որեւէ փաստ մինչ օրս չի հայտնաբերվել, պետության կարիքների համար իրենց տներից զրկվող մարդկանց ընդվզումը եւ դատական գործընթացները կանխելու նպատակ ուներ:

«Նպատակ ուներ համարձակություն դրսեւորած փաստաբանների գործունեությունը սառեցնելու, նրանց վախեցնելու եւ առավել ակտիվությունից զերծ պահելու, մյուս կողմից էլ նաեւ վերջնականապես հուսահատեցնելու այդ տարածքների բնակիչներին, որ դատական պաշտպանության միջոցով նրանք ի վերջո ոչնչի չեն հասնի», - ասաց Գրիգորյանը. - «Սա մասամբ ճիշտ էր, դատական պաշտպանության դիմելու միջոցով Հայաստանի Հանրապետությունում նրանք ոչնչի չհասան, բայց գոնե կարողացան այդ փաստաբանների միջոցով գրագետ ձեւով սպառել ներպետական ատյանները հետագայում Եվրոպական դատարան դիմելու հնարավորություն ունենալու համար»:

Փաստաբանն ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ իր դեմ «խարդախության եւ փաստաթղթերի կեղծման» մեղադրանքով այդ թեժ փուլում քրեական հետապնդում սկսվեց երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար. իրեն մեղադրեցին իր հաճախորդ մասնավոր ընկերության միջոցները յուրացնելու մեջ` այն դեպքում, որ այդ գործով ոչ բողոք կար, ոչ էլ գործով որեւէ տուժող հայտնաբերվեց:

Գործը յոթ տարի է կասեցված է այն պատճառաբանությամբ, որ Գրիգորյանի դեմ ցուցմունք տվող վկաները փախել են Հայաստանից եւ հետախուզման մեջ են: Փաստաբանը հայտարարեց, որ երկու հոգի են եղել այդ անձինք, որոնցից ցուցմունքները կորզվել են` ճնշումներով ու սպառնալիքով:

«Մեկը իմ հաճախորդ ընկերության տնօրենի հայրն է` բազամաթիվ հիվանդություններ ունեցող, որին երեք անգամ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, բնակարան այցելելով, առաջարկել են իմ դեմ ցուցմունք տալ, որ ես յուրացրել եմ իր որդու եւ որդու ընկերության գումարները: Երեք անգամ այդ մարդը ասել է, որ տեղյակ չէ այդ պատմություններից, չորրորդ անգամ նրան մեկ ու կես օր պահել են Գլխավոր դատախազության շենքում եւ զրկել են իր դեղերն ընդունելու հնարավորությունից: Այդ ամենը կատարվել է Անդրանիկ Միրզոյանի գլխավորությամբ եւ այդ մարդը մեկ ու կես օր հետո ցուցմունք է տվել, որ ես յուրացրել եմ իր որդու ղեկավարած ընկերության գումարները: Այսինքն չկա իր որդին, չկա որեւէ պետական պաշտոնատար անձ, չկա որեւէ փաստաթուղթ այդ մասին: Երկրորդ անձը այդ ծեր մարդու դստեր ամուսինն է, որն այդ ժամանակ պայմանական վաղաժամկետ ազատվել էր, եւ նրան բազմիցս սպառնացել են, որ պայմանական ազատման մասին որոշումները չեղյալ կհամարեն, եւ ինքը հետ կվերադառնա ազատազրման վայր, եթե իմ դեմ ցուցմունք չտա: Այդ տղան ոչ մի անգամ ցուցմունք էլ չի տվել իմ դեմ», - պատմեց Գրիգորյանը:

Փաստաբանը հայտարարեց, որ հիմա` Եվրադատարանի վճռից հետո, պետք է դիմի, որպեսզի վերացվի իր դեմ հարուցված քրեական գործի կասեցումը, որ կամ քննությունը վերսկսվի, կամ գործն ուղարկվի դարարան կամ կարճվի եւ ինքն արդարացվի: Բացի այդ պետք է անի հնարավորը, որպեսզի Եվրադատարանի սահմանած տուգանքը վճարեն իր իրավունքների խախտման համար պատասխանատու պաշտոնյաները:

«Այդ փոխհատուցումը պետական բյուջեից ստացվելու դեպքում ես հետամուտ եմ լինելու, որպեսզի այդ գումարը վերականգվի այն անձանց միջոցներով, ում գործողություններին պատճառով թեկուզ այդ չնչին գումարը պետք է փոխհատուցվի ինձ: Մինչ այսօր ռեգրեսիվ հայցով բռնագանձման դեպքեր չեն եղել, բայց դա չի նշանակում, որ չի էլ լինի», - ասաց փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG