Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետարանում հանրային լսումները ձախողվեցին


Վարդանանց հրապարակում, Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող տարածքի շուրջ աղմուկ էր բարձրացել դեռ 3 տարի առաջ, երբ այստեղ ծառեր ու թփեր հատվեցին, ինչ-որ անհատներ շինարարական աշխատանքներ սկսեցին: Կարճ ժամանակ անց, սակայն, աշխատանքները դադարեցվեցին:

Իսկ վերջերս սկսեցին լուրեր շրջանառվել, թե այստեղ կառուցվելու է հայաստանյան բանկերից մեկի մասնաճյուղի շենքը:

Քաղաքապետարանի կազմակերպած հանրային լսումները անմիջապես վերաճեցին վիճաբանության: Գյումրու «Օրհուս» կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանի հարցին, թե ինչպիսին է այդ տարածքի կարգավիճակը, երբ է այն վարձակալության տրվել կամ օտարվել, եւ որքանով է այդ կառուցապատումը համապատասխանում քաղաքի գլխավոր հատակագծին, քաղաքապետարանի ներկայացուցիչն արձագանքեց. - «Քննարկման ժամանակ կներկայացվի նաեւ նրա կարգավիճակի ճշգրտման հարցը: Ներկա դրությամբ այն նախատեսված է աճուրդային կարգով օտարման: Կարգավիճակի հարցը, եթե փոփոխության կարիք կա, նորից պիտի քննարկվի այդ առաջարկության շրջանակներում»:

Գեւորգ Պետրոսյանն առարկեց` ասելով, որ նախ պետք է տարածքի կարգավիճակը հստակ լինի, հասկանալի լինի, որ դրա շուրջ քննարկում ծավալվի. - «Ստացվում է աբսուրդ հանրային քննարկում: Այսինքն` հանրային քննարկում ոչնչի մասին»:

Հարցին, թե հողատարածքն ինչ կարգավիճակ ունի, քաղաքապետարանի ներկայացուցիչն ասաց, թե այն սեփականություն է` հավելելով, սակայն, թե չգիտի կոնկրետ ում է պատկանում:

Լսումներին համակիրների խմբի ուղեկցությամբ ներկա էր Գյումրիի թաղային հեղինակություններից մեկը` «Շարամ» մականունով հայտնի Ռուդիկ Խոջոյանը, ով «Պինգվին» ՍՊԸ-ի հիմնադիրն է: Այս ընկերության ներկայացուցիչ Էդիկ Խոջոյանը հայտարարեց, թե այդ տարածքն իրենց ընկերության սեփականությունն է:

«20 տարուց ավելի այդ տարածքը «Պինգվին» ՍՊԸ-ինն է եղել: Հարց եմ տալիս իշխանություններին` ո՞նց են օտարել այդ տարածքը: Մեր հողը մեզնից չենք կարող խլել», - ասաց Էդիկ Խոջոյանը:

Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք այդ տարածքը պատկանում է «Պինգվին» ընկերությանը, արձագանքեց. - «Իրեն հարցրեք»:

Էդիկ Խոջոյանը հարցին, թե ինչով կարող են հիմնավորել, որ տարածքն իրենց է պատկանում, պատասխանեց. - «Մնա մյուս անգամ»:

Գյումրու «Օրհուս» կենտրոնի համակարգողը նաեւ ներկայացրեց մի շարք հասարակական կազմակերպությունների` օրեր առաջ տարածած հայտարարությունը. - «Պահանջում ենք հրաժարվել Շահումյան փողոցի 188 շենքի եւ Վարդանանց հրապարակի միջեւ գտնվող նախկին կանաչապատ տարածքը կառուցապատելու մտքից»:

Հանրային լսումները, ըստ էության, ձախողվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG