Մատչելիության հղումներ

Հայաստանում ինտերնետը ոչ թե վերահսկվում, այլ ուսումնասիրվում է: «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղյանի խոսքով, եթե մեզ մոտ հայտնաբերվում է որեւէ կասկածելի պարունակությամբ կայքէջ, ապա միայն դատարանի համապատասխան որոշումից հետո է հնարավոր լինում փակել այն:

Այս տարի դեկտեմբերին Դուբայում տեղի է ունենալու ՄԱԿ-ի Հեռահաղորդակցության միջազգային միության կոնֆերանսը, որտեղ քննարկվելու է մի փաստաթուղթ, որի ընդունման դեպքում կազմակերպության անդամ երկրներին ինտերնետը վերահսկելու հնարավորություն կտրվի:

Եթե այս փաստաթուղթը ընդունվի, ապա այն ինտերնետը վերահսկելու լայն հնարավորություններ կտա նաեւ Հայաստանի համապատասխան մարմիններին:

«Առաջարկվում է հեռահաղորդակցություն հասկացությունը սահմանել որպես ազդանշանի ստացում, հաղորդում եւ նոր հասկացություն` մշակում: Այսինքն օպերատորը մշակելու իրավունք կունենա: Մշակում բառը կարելի է տարբեր ձեւերով մեկնաբանել: Կարելի է ե'ւ տառասխալներ ուղղել, ե'ւ բովանդակություն փոխել»:

Կիբեռանվտանգության փորձագետ Կարեն Գասպարյանի խոսքով, հայկական տիրույթում հիմա ավելի շատ գործում է ինքնավերահսկողությունը: Խնդիրներ շատ քիչ են առաջանում, քանի որ մեզ մոտ գիտեն ինչ կարելի է տեղադրել կայքերում, իսկ ինչ` ոչ: Ինչ վերաբերվում է ոստիկանության կողմից սոցցանցերի վերահսկողությանը, ապա որպես այդպիսին դրանք նույնպես չեն վերահսկվում, չնայած եղել են դատական գործեր:

Եթե հիմա շատ օգտատերեր օրինակ, «Ֆեյսբուք»-ում ազատորեն արտահայտում են իրենց մտքերը այս կամ այն հարցի շուրջ, ապա, ըստ Գրիգոր Սաղյանի, փաստաթղթի ընդունման դեպքում համապատասխան մարմիններին հնարավորություն կտրվի վերահսկել նաեւ սոցցանցերը, կարելի է նաեւ ուղղակի երկրի տարածքում դադարեցնել որեւէ կայքի գործունեությունը: Այս դեպքում պետությանը գրաքննություն իրականացնելու հնարավորություն կտրվի:

ՄԱԿ-ի կոնֆերանսի ժամանակ ամեն երկիր պետք է ներկայացնի փաստաթղթի շուրջ իր տեսակետը: Կազմակերպությունում Հայաստանը ներկայացնում է Տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ որոշում դեռ չեն կայացրել: Հիմա իրենք դիմել են ինտերնետ պրովայդերներին նրանց կարծիքը փաստաթղթի շուրջ ճշտելու համար, ինչից հետո էլ կկայացվի վերջնական որոշումը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG