Մատչելիության հղումներ

Ապամոնտաժված կրպակների տեղում հանրային զուգարան կլինի


Ապամոնտաժված կրպակների տեղում հանրային զուգարան կլինի
please wait

No media source currently available

0:00 0:01:26 0:00
Աբովյան 19 հասցեում կկառուցվի հանրային զուգարան: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը` պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ նպատակով էր երկուշաբթի օրը քանդվում այս տարածքը:

Բնապահպանները երկուշաբթի օրը ահազանգ էին հնչեցրել հունվարին Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների տեղում իրականացվող շինարարական աշխատանքների մասին` նշելով, որ այդ աշխատանքների պատճառով վնասվում են մայթի հաստաբուն ծառերի արմատները։ Լրագրողների եւ բնապահպան ակտիվիստների տարածք կատարած այցից հետո շինարարական աշխատանքները դադարեցվել էին:

«Խոսքը այդտեղ եղած մասնավոր զուգարանի մասին է: Մասնավորի հետ բանակցությունների արդյունքում եկել ենք ընդհանուր հայտարարի, որ այդ մասնավոր զուգարանը դառնա հասարական օգտագործման, որի պահանջը մշտապես բարձրաձայնվել է թե մեր քաղաքացիների, թե մեր գործընկերների կողմից», - ասաց Գեւորգյանը:

Այսօր կեսօրին տարածքում այլեւ շինարարական ոչ մի աշխատանք չէր իրականացվում: Անցորդներից էլ տեղեկացանք, որ «Այստեղ կառուցվում է հանրային զուգարան» ցուցանակը մեր այցից 5 րոպե առաջ էր փակցվել:
Հարցին, թե ինչո՞ւ են շինարարական աշխատանքները դադարեցվել, եթե օրենքի ոչ մի խախտում չկար, Գեւորգյանը պատասխանեց. - «Աշխատանքների դադարեցման մասին ես որեւէ տեղեկություն չունեմ, բայց որ այդտեղ որեւէ ապօրինություն չի կատարվում, դա կարող եմ միանշանակ վստահեցնել»:

Խոսելով շինթույլտվության բացակայության մասին` Գեւորգյանը նշեց. - «Շինթույլտվության խնդիր այստեղ չի կարող լինել, որովհետեւ նոր բան չի կառուցվում: Եղածի մասին է խոսքը»:

Ըստ քաղաքապետարանի աշխատակցի` այս տարածքում ժամանակին եղել է զուգարան, եւ հիմա տարվող շինարարական աշխատանքների արդյունքում այն նորից վերականգնվում է: Գեւորգյանը շեշտեց, որ դա լինելու է ստորգետնյա զուգարան եւ բացառեց բոլոր այն լուրերը, թե տարածքում կարող է սրճարան կառուցվել:

«Նմանատիպ խոսակցությունները, թե այդտեղ պետք է լինի սրճարան, կձեւակերպեմ որպես ապատեղեկատվություն», - ասաց նա:

Գեւորգյանն նաեւ ասաց, որ փողոցային զուգարանների բացակայությունը միշտ թիրախային է եղել եւ հիմա, մասնավոր ընկերության հետ բանակցությունների գնալով, քաղաքապետարանը ինչ-որ լուծում տալիս է այս խնդրին:

«Մեր գործընկերների կողմից քանիցս բարձրացվել է այս խնդիրը, նշվել է, որ պետք է հասարական զուգարաններ լինեն հենց թեկուզ զբոսաշրջիկների համար: Իսկապես մենք այդ մասով խնդիր քաղաքում ունենք», - ասաց Գեւորգյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG