Մատչելիության հղումներ

«Կան մասնագիտություններ, որոնք մասնագետների հետ ծերանում են: Չկան կամ շատ քիչ են երիտասարդները, ովքեր ցանկանում են աշխատել, ասենք, խառատ, զոդող կամ կռունկավար: Երիտասարդները չեն ցանկանում դժվար աշխատանք կատարել, նրանք ձգտում են գրասենյակային աշխատանքի», - ասում է Առեւտրաարդյունաբերական պալատի գործարար ուսումնական ծրագրի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը:

«Ի տարբերություն բարձրագույն կրթության` ծառայություններ մատուցող եւ սպասարման ոլորտի մասնագետների գործատուների կողմից պահանջարկը երբեմն գերազանցում է առաջարկը, սակայն ազգային մտածելակերպն այսօր շատերին խանգարում է սովորել եւ դառնալ, ասենք, հրուշակագործ կամ փախանագործ», - նշում է Կրթության եւ գիտության նախարարության մասնագիտական կրթության բաժնի պետ Կարեն Վարդանյանը:

Երիտասարդներին ներգրավելու եւ ոլորտն ավելի գրավիչ դարձնելու համար նախարարությունը քոլեջներում անցյալ տարվանից ընդունելությունն անցկացնում է առանց քննությունների, իսկ այս տարի անվճար տեղերի քանակն ավելացրել է 50 տոկոսով:

Վարդանյանը նաեւ նշեց, որ անկախությունից հետո միայն վերջին տարիներին են ներդրումներ կատարվում ոլորտում, թարմացվում մասնագիտությունները, սակայն անելիքները դեռեւս շատ են:

Այսօր Հայաստանում գործում են 100-ից ավելի միջին մասնագիտական հաստատություններ: 2011 թվականի տվյալների համաձայն, քոլեջներում եւ ուսումնարաններում սովորում են 30 000 երիտասարդներ:

Հաստատությունների շրջանավարտներից ոմանք սակայն, ովքեր մասնագիտությամբ դերձակներ, մոդելավորողներ են, նշում են, որ չեն կարողանում աշխատանք գտնել, իսկ սեփական բիզնեսը սկսելու համար ներդրումներ են անհրաժեշտ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG