Մատչելիության հղումներ

Իրանը փորձում է նպաստել Սիրիայում ներքին երկխոսություն սկսելուն


Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ողջում է իր իրանցի պաշտոնակից Մոհամմադ Մոհամմադիզադեհին:
Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ողջում է իր իրանցի պաշտոնակից Մոհամմադ Մոհամմադիզադեհին:
«Իրանը ջանքեր է գործադրում Սիրիայում իշխանությունների եւ ընդդիմադիր ուժերի միջեւ երկխոսություն սկսելու ուղղությամբ», - Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը:

Նրա խոսքով, Հայաստանն ու Իրանը, բարեբախտաբար, Սիրիայի վերաբերյալ հարցերում ունեն ընդհանուր դիրքորոշում:

«Իրանը գտնում է, որ այն ժողովրդավարական եւ ազատությունների ընդլայնման քաղաքականությունը, որն արդեն իսկ սկսվել է Սիրիայում, մասնավորապես խորհրդարանական ընտրությունների, կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունների տեսքով, թույլ են տալիս, որպեսզի աջակցություն ցուցաբերվի այդ գործընթացներին», - ասաց Մոհամմադիզադեհը: - «Կարծում եմ, որ օտար պետությունների միջամտությունը եւ, մասնավորապես, ընդդիմադիր ուժերի զինումը որեւէ կերպ չի լուծելու խնդիրը, այլ ավելի է բարդացնելու այն: Եվ կարծում ենք, որ այն ծրագիրը, որը առաջարկվել է Քոֆի Անանի կողմից եւ արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը, կարող է հաջողությամբ պսակվել` պայմանով, որ չլինի օտարերկրյա միջամտություն»:

Նրա ներկայացմամբ` մի շարք պետություններ ցանկանում են Սիրիայում կրկնել այն տարբերակը, որն իրականացրեցին Լիբիայում, եւ դրա նպատակը Իսրայելին օգնելն է. - «Ելնելով Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի դիրքորոշումից` մենք գրեթե բացառում ենք, որ Արեւմուտքի պետությունները կորոշեն ռազմական միջամտություն իրականացնել Սիրիայում: Հուսով ենք, որ դա տեղի չի ունենա: Հուսով ենք, որ միջազգային կազմակերպություններն ունեն այն կարողությունները, որպեսզի կյանքի կոչեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանն արժանացած նախագիծը»:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, անցած տարվա մարտից` Սիրիայում բռնկված ժողովրդական հուզումները Բաշար ալ-Ասադի վարչակազմի կողմից ճնշելու հետեւանքով արդեն զոհվել է մոտ 10 հազար մարդի: Սիրիացի ընդդիմադիրները նշում են շուրջ 15 հազար զոհվածների մասին:

Մոհամմադիզադեհը երեկ երեկոյան է ժամանել Երեւան եռօրյա աշխատանքային այցով: Այսօր առավոտյան նրան ընդունել է Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը (վարչապետ Տիգրան Սարգսյանը արձակուրդում է), նախատեսվում է, որ Իրանի փոխնախագահին այսօր կնդունի նաեւ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Մոհամմադիզադեհը նաեւ Իրանը բնապահպանական կազմակերպության ղեկավարն է, ու Երեւանում Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ քննարկել է բնապահպանական համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Նշենք, որ այցի նպատակը հենց սա է. մասնավորապես, քննարկվել են Արաքս գետի ջրօգտագործման` ջրի որակական եւ քանակական մոնիթորինգի եւ անդրսահմանային համատեղ այգու, որը կոչվելու է «Խաղաղության այգի», հիմնման հարցերը:

Վաղը Իրանի փոխնախագահը կմեկնի Սյունիքի մարզ` տեղում ծանոթանալու, թե ընդհանուր առմամբ մոտ 65 հազար հեկտար տարածության վրա հիմնվող «Խաղաղության այգու» համար ինչպիսի տարածքներ են նախատեսել Հայաստանում:

Բնապահպանության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ այգու համար Հայաստանը տարածքներ կհատկացնի Մեղրու մոտ գտնվող «Արեւիկ» ազգային պարկից:

Հավելենք, որ վերջին շաբաթներին հաճախակի են դարձել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները Երեւան: Այսպես, հունիսի սկզբին այստեղ էր Իրանի էներգետիկայի նախարարը, մոտ մեկ շաբաթ առաջ ժամանել էր Իրանի ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը:

Հիշեցնենք նաեւ, որ Իրանի ներքին գործերի նախարարի երեւանյան այցից հետո իրանական IRNA լրատվական գործակալությունը գրեց, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը` մասնակցելու այս սեպտեմբերին Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման երկրների գագաթնաժողովին:

please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG