Մատչելիության հղումներ

Բակո Սահակյան. Քարոզարշավն անցնում է քաղաքակիրթ պայմաններում


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան

«Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցը Լեռնային Ղարաբաղի նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանի հետ:

«Ազատություն». - Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:

Սահակյան. - Բավականին համահունչ քարոզարշավի պահանջներին: Դուք գիտեք, որ մեր երկրի նվաճումների շարքին է դասվում այդ քաղաքական մշակույթի առկայությունը մեր կյանքում: Եվ այդ նախկին ժամանակաշրջանից կուտակված փորձը միանշանակ նպաստում է, որ այս քարոզարշավը լինի կազմակերպված, եւ կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են քարոզարշավին, հետեւում են, կարող են փաստել, որ քարոզարշավն անցնում է բավականին քաղաքակիրթ պայմաններում, եւ մենք շահագրգռված ենք, որ այս ընտրությունները շարունակությունը լինեն մեր նախկին ընտրությունների` այդ քաղաքական մշակույթի զարգացման ուղղությամբ: Ես հնարավորություն եմ ունեցել մինչ քարոզարշավը կոչ ուղղելու, պահանջներ ներկայացնելու, ինչպես նաեւ խնդրելու նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում ընտրությունները կազմակերպելու եւ անցկացնելու համար, որ այս ընտրարշավը եւ ընտրությունները լինեն մեր ընտրական հաղթական երեւույթների շարունակությունը:

«Ազատություն». - Ձեր մրցակիցը բավականին սուր քննադատում է թե Ձեզ, թե Ձեր թիմին, եւ թե անցած տարիների Ձեր գործունեությանը: Ինչպե՞ս եք վերաբերում այդ քննադատություններին:

Սահակյան. - Ընդդիմությունը թե՛ Արցախում, թե՛ աշխարհում հիմնականում իր գործունեությունը կառուցում է քննադատությունների վրա: Եվ քանի որ այս տարիների ընթացքում մենք բազմիցս նշել ենք, որ ինչպես եւ մյուս քաղաքակիրթ երկրները, Արցախը նույնպես ունի ընդդիմության անհրաժեշտություն, եւ միայն կարելի է ողջունել, որ ընդդիմությունը գործում է Արցախում: Եվ գտնում եմ, որ դա լավագույն քաղաքակիրթ միջոցներից է, որպեսզի իշխանությունը իր պարտականությունները կատարի ավելի արդյունավետ, որպեսզի իշխանությունները լինեն զգաստ, եւ այդ տեսակետից, իհարկե, կարեւորում եմ ընդդիմության գործունեությունը: Ես դեմ եմ եղել ձեւական ընդդիմության ձեւավորմանը, որովհետեւ դա կլիներ ժողովրդավարական սկզբունքների խախտման ամենակոպիտ ձեւը: Եվ իմ իսկ հնարավորության սահմաններում, իմ գործընկերների հետ միասին պատրաստ եմ ամեն ինչ անել, որպեսզի ընդդիմությունը կարողանա իրականացնել իր բնականոն գործունեությունը: Ինչ վերաբերում է այդ սուր քննադատություններին, ես կողմնակից եմ, որ այդ քննադատությունները լինեն հիմնավորված, որովհետեւ երբ մենք խոսում ենք իշխանության պարտականությունների մասին, այդ նույն պարտականություններն ունի նաեւ ընդդիմությունը, եւ ցանկալի է, որ Արցախում ընդդիմությունը ձեւավորվի այդ նույն քաղաքական մշակույթի պահանջների համապատասխան: Եվ սա կլինի մեր հերթական արձանագրած հաջողությունը մեր կյանքում:

«Ազատություն». - Պարոն նախագահ, բավականին ծանրաբեռնված գրաֆիկ ունեք, գրեթե ամեն օր լինում եք գյուղական վայրերում, հանգստանալու ժամանակ ունենո՞ւմ եք:

Սահակյան. - Նախընտրական քարոզարշավի աշխատանքները տարբերվում են իմ առօրյայի աշխատանքներից, բայց ոչ շատ: Մենք վաղուց արդեն աշխատում ենք գրեթե նույն առօրյայի, աշխատանքային այդ օրակարգի պահանջներին համապատասխան: Մենք ունեցել ենք գրեթե երկու հարյուր հանդիպում այս քարոզարշավի ընթացքում, եւ քանի որ կարեւորում են նման հանդիպումները, եւ նախորդ տարիներին ընթացքում միշտ գերադասել եմ կենդանի կապը, եւ պատճառներից մեկն էլ դա էր, որ հաճախակի էի հանդիպում մեր քաղաքացիների հետ հատկապես գյուղական վայրերում: Եվ միշտ նշել եմ, որ այդ աշխատաոճը բավականին արդյունավետ է, եւ քարոզարշավը ունի մեր կյանքի այն երեւույթները բացահայտելու հնարավորությունները, որոնք առօրյա պայմաններում շատ դեպքերում հնարավոր չի լինում: Իսկ հանգստանալու համար ժամանակ գտնում եմ, իհարկե, քիչ, որպեսզի այդ ժամանակը տրամադրեմ իմ ընտանիքի անդամներին, եթե հաջողվում է` նաեւ իմ ընկերներին:

«Ազատություն». - Պարոն նախագահ, գաղտնիք չէ, որ Ղարաբաղում դեռեւս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, առկա է սոցիալական լարվածություն, դրան զուգահեռ, սակայն, կառավարությունը վերջին հինգ տարիներին ձեռք է բերում բավականին թանկարժեք շքեղ ծառայողական մեքենաներ, պետական պաշտոնյաների կյանքն էլ գնալով է՛լ ավելի է բարելավվում. ինչպե՞ս եք մեկնաբանում այս ամենը։

Սահակյան. - Իշխանության ներկայացուցիչները, կառավարությունը մեր քաղաքացիների մի մասն են, եւ եթե նրանք այդ ամենին հասնում են իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ՝ միայն կարելի է ողջունել: Ես դեմ եմ, որպեսզի իշխանության ներկայացուցիչները իրենց իշխանության լծակները օգտագործեն եւ նման եղանակներով հասնեն այս կամ այն հաջողությունների: Եթե դա արդյունք է նրանց կողմից կատարված աշխատանքի, այդ թվում եւ` բիզնեսը, նրանց ընտանիքի անդամների ներգրավվածությունն է բիզնես աշխարհում ստեղծում այդ բարիքները՝ ես ոչ թե քննադատում եմ, այլ ողջունում եմ: Ինչ վերաբերում է այդ տարբերությանը իշխանության ներկայացուցիչների եւ քաղաքացիների, ինչպես Դուք եք նշում` այդ ճոխ մեքենաների, ես չեմ կիսում այդ կարծիքը, որովհետեւ այդ հնարավորությունները ստեղծվում են մեր կողմից գիտակցված, որովհետեւ իշխանությունների ներկայացուցիչները իրենց պարտականությունների` բարձր մակարդակով կատարման համար պիտի հագեցված լինեն անհրաժեշտ այդ ներուժով։ Եվ ես չեմ գտնում, [որ] եթե իշխանության ներկայացուցիչը այսօր իր գործունեությունը իրականացնում է, ինչպես ընդունված է ասել` «ջիփ մակնիշի» մեքենայով, դա շքեղություն է։ Որովհետեւ այդ մեքենաները ձեռք բերելուց մենք մի քանի մասնագիտական եզրակացություններ ենք իրականացրել, որի համաձայն պարզվել է, որ թե՛ պահպանման ծախսերը այդ մեքենաների` նախկինների համեմատ, մի քանի անգամ ավելի խնայողականություն են ապահովում մեզ համար, քան եթե մենք, ասենք, ռուսական կամ այլ երկրների մեքենաներ օգտագործեինք մեր ծառայողական պարտականությունները կատարելու համար։ Եվ այսօրվա իշխանության ներկայացուցչի պարտականությունները պահանջում են նաեւ արագաշարժ եւ արագ գործունեության հնարավորություն, եւ եթե այդ մեքենաները նպաստում են այդ աշխատանքները կատարելու որակով եւ մակարդակով, ես չեմ համարում, որ դա շքեղություն է. դա ուղղակի ծառայողական պահանջ է` ուրիշ ոչ մի բան։

«Ազատություն». - Ձեր հայտարարագիրը, որ Դուք ներկայացրել եք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, եւս քննարկման թեմա է դարձել։ Այնտեղ Դուք նշել էիք, որ ունեք ընդամենը մեկ առանձնատուն, եւ նշել էիք Ձեր դրամական եկամուտները։ Փաստորեն, այն, որ ժողովրդի մեջ է շրջանառվում` որ «Ռոսիա» ռեստորանը եւ որոշ տաքսի սերվիսներ Ձերն են, դա թյուրիմացությո՞ւն է, Դուք առնչություն չունե՞ք։

Սահակյան. - Գիտեք, ոչ միայն «Ռոսիա» համալիրը, ոչ միայն այդ տաքսի սերվիսը` ես անձամբ միջամտել եւ միջամտում եմ բազմաթիվ ծրագրերի կյանքի կոչելուն, այդ թվում նաեւ «Ռոսիա» համալիրը իմ անմիջական մասնակցությամբ է կառուցվել, եւ այսօր էլ շարունակում եմ մասնակցություն ունենալ բազմաթիվ նմանատիպ ծրագրերի իրականացմանը։ Ես կուզենայի, որպեսզի իմ մասնակցությունը, այդ թվում նաեւ այդպիսի կառույցների ստեղծման, կառուցման գործում, լիներ ավելի շատ, որովհետեւ դրանից շահում են մեր քաղաքացիները, մեր երկիրը ունի այդպիսի պահանջներ։ Այդ նույն հաջողությամբ կարելի է ասել, որ ես օդանավակայանի կամ հիվանդանոցի կամ ճանապարհաշինարարության այդ նույն հատվածների կամ այդ նույն բիզնեսների սեփականատերն եմ։ Ես գիտեմ այդ քննարկումների մասին, գիտեմ այդ գնահատականների մասին, դա մեր կենցաղի մի մասն է, եւ փորձում եմ հանգիստ վերաբերվել այդ ամենին եւ շարունակել իմ որոնումները` լրացուցիչ միջոցներ հայթայթելու, մեկ այլ կառույց կառուցելու, մեկ այլ նվեր մատուցելու մեր երկրին։ Եվ ինչքան շատ է հաջողվում ինձ նմանատիպ աշխատանքներ կատարելու` այնքան էլ ինձ բավարարված եմ զգում։

«Ազատություն». - Պարոն նախագահ, ընտրվելու դեպքում արդյո՞ք համագործակցելու եք Ձեր մրցակիցների հետ։

Սահակյան. - Ես կարծում եմ` դա լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն չունի, որովհետեւ մեր նախորդ տարիների գործունեությունը լավագույն ապացույցն է, որ մեր նպատակն է ոչ թե ավելորդ լարվածություն սերմանելու մեր երկրում, այլ` ամեն կերպ նպաստելու մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորմանը։ Եվ ես իմ հանդիպումների ժամանակ քանիցս նշել եմ` մեր քաղաքացիների հետ այդ հանդիպումների ժամանակ, որ հարգում եմ այն բարոյահոգեբանական մթնոլորտը, որը ձեւավորվել է մեր երկրում, եւ մեր տնտեսության զարգացման գործում, մեր հասարակական կյանքի ձեւավորման, մեր երկրի անվտանգության համակարգի ապահովման համար անհրաժեշտ պայման է նաեւ այդ ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը եւ այն համերաշխության աստիճանը, որը տեղ է գտել մեր կյանքում։ Ես կողմնակից եմ այդ ձեռքբերումները է՛լ ավելի զարգացնելու նպատակ հետապնդելու, որ դա նույնպես միջոց է մեր հիմնախնդիրներին լուծում տալու, ինչպես նաեւ մեր երկիրը ավելի արագ տեմպերով զարգացնելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG