Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում լույս է տեսել Ցեղասպանության մասին պատմող նոր վեպ


Քրիս Բոհջալյանի՝ «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի շնորհանդեսի հայտարարությունը:

Քրիս Բոհջալյանի՝ «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի շնորհանդեսի հայտարարությունը:

Վաղվանից ԱՄՆ-ում հրապարակ դուրս կգա ամերիկացի գրող, ծագումով հայ Քրիս Բոհջալյանի՝ «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը, որը իրական պատմության վրա հիմնված տպավորիչ վեպ է՝ ցեղասպանության, դաժան կոտորածների միջով անցնած մարդկանց ու օտար հողում նոր կյանք սկսելու նրանց փորձերի մասին։

50-ամյա Բոհջալյանը Միացյալ Նահանգներում բավական հայտնի գրող է: Նրա ստեղծագործությունները արդեն 20 տարուց ի վեր պարբերաբար բեսթսելլեր են ճանաչվում հեղինակավոր պարբերականների՝ New York Times-ի, USA Today-ի, Washington Post-ի կողմից, իսկ ամենահայտնի վեպերից մեկը՝ 1998 թվականին տպագրված «Մանկաբարձուհիները», ընդգրկվել էր ամերիկյան հայտնի հեռուաաստաղ Օֆա Վինֆրիի կազմած լավագույն գրքերի շարքում։ 25 լեզուներով թարգմանված այդ գրքի հիման վրա տպագրությունից մի քանի տարի անց նաեւ համանուն ֆիլմ էր նկարահանվել։

Միացյալ Նահանգների փոքրիկ քաղաքներից մեկում՝ մոտ 1000 բանկիչ ունեցող Լինկոլնում ապրող Բոհջալյանը ժամանակակից ամերիկյան գրականություն է մտել իր հյութեղ պատմություններով, հմտորեն կերտված հերոսներով ու զգայացունց պատկերներով։ Նոր գրքում, ըստ քննադատների, Բոհջալյանը պահպանել է իրեն բնորոշ այդ ոճը, սակայն ստեղծել է նախորդ գործերից տարբերվող «հզոր վեպ», որի հիմքում ընկած են ոչ թե այլոց պատմությունները, այլ սեփական հիշողություններն ու կենսագրությունը:

Սյուժեն կառուցված է Հալեպում իրար հանդիպած ամերիկացի կամավոր Էլիզաբեթ Էնդիքոթի եւ թրքական կոտորածներից փրկված հայ ինժեներ Արմեն Պետրոսյանի սիրավեպի վրա. երկու խիստ տարբեր մշակույթներ, լեզուներ ու կենսագրություն ունեցող մարդիկ, ովքեր տարիներ շարունակ խնամքով պահել են ընտանեկան գաղտնիքը՝ 1915-ին տեսած ահասարսուռ պատկերներն ու հիշողությունները:

Գրքում դրանք բացահայտում է նրանց թոռը, ով պատահաբար գտնում է տատի լուսանկարը՝ «Կոտորած, որի մասին մենք ոչինչ չգիտենք» վերնագրով ցուցահանդեսում: Սա, ըստ էության, հենց իր՝ Բոհջալյանի պատմությունն է, ով մի քանի շաբաթ առաջ Armenian Weekly-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ մշտապես ցանկացել է այս թեմայով գիրք գրել, անգամ փորձել է, սակայն, չի ստացվել:

Հետո՝ մի քանի տարի առաջ, երբ պապը հիվանդացել է, նրան այցի ժամանակ ինքը թերթել է ընտանեկան արխիվը ու խնդրել պատմել իր արմատների ու անցած ճանապարհի մասին: «Նրա պատությունն ու դրա արդյունքում ստեղծված այս գիրքը օգնեցին ինձ հասկանալ՝ ով եմ ես, ու ավելի լավ ճանաչել իմ իսկ հոգու աշխարհագրությունը», - ասել է Բոհջալյանը եւ ընդգծել. - «Սա լավագույն գիրքն է, որ ես երբեւէ կգրեմ ու ամենակարեւորն՝ իմ ըրածների մեջ: Սրտիս խորքում ես գիտեմ դա»:

Գրքին արդեն իսկ անդրադարձել են մի շարք հեղինակավոր ամերիկյան պարբերականներ: «Հզոր վեպ», - գրել է Publisher’s Weekly-ն` այն համարելով լավագույնը այս շաբաթ լույս տեսնող տասնյակ գրքերի շարքում:

«Այս գիրքը տարբերվում է մյուսներից: Այն ավելի ազդեցիկ է, ցեղասպանության ու ջարդերի դաժան պատկերումները գալիս են ապացուցելու, որ այս անգամ պատմությունը անձնական է՝ գրել է Seattle Times-ի քննադատը: Գրողի բնակավայր Վերմոնտում լույս Seven Days պարբերականն էլ փաստել է. - «Սա պատմություն է մահվան ու սիրո մասին, ջարդի ճանապարհին՝ անապատում, ավազից ամրոց կառուցող աղջիկների ու նրանց թողած ժառանգության մասին»:

Նշենք, որ Բոհջալյանը եղել է Հայաստանում եւ խոսելով այդ այցելության մասին՝ Amenian Weekly-ին ասել է. - «Որեւէ օտար երկրում իմ մասին այդքան լավ հոգ տարած չկային եւ ինքս էլ ինձ նվազ օտարական զգացած չկայի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG