Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` դժգոհել է. - «Մինսկի խմբի 20-ամյա միջնորդական առաքելությունը, պարզվեց, ապարդյուն է: Ադրբեջանական հողերը դեռ մնում են օկուպացված, եւ շուրջ մեկ միլիոն փախստականներ եի բռնի տեղահանվածներ դեռ չեն կարող վերադառնալ իրենց հարազատ բնօրրանը»:

Էլմար Մամեյարովը քննադատել է նաեւ ստատուս քվոյի իրավիճակը: Նա, մասնավորապես, ասել է, թե ստատուս քվոյի պահպանումը կարող է տարածաշրջանում հանգեցնել «անորոշության շարունակության, անկանխատեսելիության եւ վտանգավորության»:


«Մամեդյարովի ասածը ճշմարիտ չէ»


Մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունը, որը հետեւել է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Իրականում, ինչ խոսք, պարոն Մամեդյարովի ասածը ճշմարիտ չէ: Շնորհիվ Մինսկի խմբի համանախագահների գործունեության, կարգավորման գործըթնացը տեղից շարժվում է, ցավոք սրտի՝ ոչ ի նպաստ հայկական կողմի: Եվ այդ առումով ադրբեջանական կողմը պարզապես հզորացնում է իր ճնշումը համանախագահների վրա՝ ստատուս քվոն փոփոխելու ներքին պահանջ ներկայացնելով: Այսինքն այդ դժգոհությունը դրանով է պայմանավորված»:


Խաղաղության համաձայնագրի մասին

Մամեդյարովը այդ հարցազրույցում անդրադարձել է նաեւ բազմակողմանի խաղաղության համաձայնագրի հարցին. - «Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարները բացեիբաց հայտարարել են, որ անընդունելի է տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանումը: Երեք համանախագահող երկրների առաջարկները՝ մադրիդյան սկզբունքների հիման վրա, ներկայացված են կողմերին: Այս կապակցությամբ Ադրբեջանը հայտնել է բանակցությունները շարունակելու պատրաստակամություն, այդ թվում՝ նաեւ բազմակողմանի խաղաղության համաձայնագրի շուրջ»:

Էլմար Մամեդյարովը նաեւ ասել է, թե հայկական կողմը չի ընդունել այդ առաջարկը:


Ադրբեջանական մոտեցումը՝ «անիրագործելի»

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այս կապակցությամբ ասաց. - «Ձեւակերպումը բավական անորոշ է: Ադրբեջանի միակ առաջարկը հետեւյալն է՝ հայկական զինուժ Արցախում եւ շրջակա տարածքներում չպետք է լինի: Դրանից հետո բոլոր հարցերը ինքնաբերաբար կլուծվեն: Այդ տեսանկյունից ադրբեջանական մոտեցումը, իհարկե, մաքսիմալիստական է եւ անիրագործելի: Ես կարծում եմ, որ ստատուս քվոյի այս իրավիճակը, որով մտահոգ է պարոն Մամեդյարովը, դեռեւս կշարունակվի»:
XS
SM
MD
LG