Մատչելիության հղումներ

Քաղաքացիական ակտիվ հասարակություն ձեւավորելու ճանապարհին Հայաստանում լուրջ խթան հանդիսացավ համացանցը, իսկ ավելի ստույգ` սոցիալական ցանցերը:

Սա փաստւմ են տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները` հավելելով, որ արդեն ասյօր միայն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից օգտվողների թիվը հասել է 300.000-ի:

Հետաքրքիր, ինֆորմատիվ ու երբեմն էլ հասարակութան լայն շերտերին մոբիլիզացնելու լավ գործիք լինելուց բացի, այն նաեւ վտանգավոր է` եթե դրանից անվտանգ օգտվելու միջոցներին ծանոթ չես: BBC լրատվական գործակալության հաղորդմամբ` աշխարհում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից օգտվողների թիվը մոտ 900 միլիոն է, սակայն նրանց շուրջ 5-6 տոկոսը կեղծ են:

Կեղծ հաշիվները շատ դժվար է տարանջատել իրականներից եւ հաճախ հազարավոր կեղծ հաշիվներ ղեկավարվում են ոչ միայն մեկ անձի, այլ նույնիսկ ռոբոտի կողմից: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ասած, որ Հայաստանում դեռ կեղծարարությունը ռոբոտիզացիայի չի հասել եւ ղեկավարվում է անհատների կողմից` անձնական բնույթի հարցեր լուծելու, գովազդելու եւ քաղաքական պատվերներ կատարելու համար:

«Նախորդ ընտրություններում տեսանք, որ ահռելի քանակի կեղծ պրոֆիլներ օգտագործվում էին նյութեր տարածելու, քվեարկելու եւ այլն եւ այլն», - ասաց նա:

Մարտիրոսյանը բացատրեց, որ կան հատուկ ալգորիթմներ կեղծ օգտատերերին բացահայտելու համար: Նա դժվարացավ նշել, թե Հայաստանում դրանց թիվն ինչքան կլինի` ասելով, որ այդ ալգորիթմներն հիմնականում արեւմտյան հոգեբանության վրա հիմնված հաշվարկներ են, որոնք արեւելյան երկրներում կարող են չգործել. - «Այդքան հեշտ չէ առաջին հայացքով բռնացնել, որովհետեւ Հայաստանում այդ ամեն ինչը ձեռքի գործ է»:

ՏՏ անվտանգության տեսանկյունից կեղծ օգտատերերը կարող են սադրանքների եւ անառողջ մթնոլորտի պատճառ դառնալ: Օրինակ, բլոգեր Կարեն Վրթանեսյանն ասում է, որ բլոգոսֆերայում այսպիսիներին չեն հարգում, սակայն դա նաեւ մարդու իրավունքն է` գրել կեղծ անունի տակ:

Վրթանեսյանը, այդուհանդերձ, հավելեց. - «Որոշ դեպքերում դա [սուտ տեղեկություններ տարածելը] կարող է բերել շատ լուրջ հետեւանքների, մարդկային զոհերի եւ այլն»:

Օրեր առաջ Ռուսաստանում «Տեղեկատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Պետդումայում լսումների երկրորդ փուլն էր: «Երեխաներին առողջությանը եւ զարգացմանը վնաս պատճառող տեղեկություններից պաշտպանելու մասին» դաշնային օրենքում փոփոխություն կատարելով` կառավարությունը ուզում է պաշտպանել երեխաներին անցանկալի ինֆորմացիայից` կասեցնել մանկապղծության վտանգը, մանկական պոռնոգրաֆիայի տարածումը եւ այլ: Սակայն այս օրենքը ռուս հասարակության մի մասի մոտ անհանգստության պատճառ դարձավ: Անգամ «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի ռուսալեզու տարբերակը մեկօրյա բողոքի ակցիա արեց: Մտահոգության պատճառն այն է, որ օրինագիծը կարող է հանգեցնել Ռուսաստանում ամբողջ համացանցի արտադատարանային կարգով գրաքննության ստեղծմանը:

«Սեւ ցուցակներ կազմել կայքերի` առանց դատական որոշման: Այսինքն` ինտերնետի ինչ-որ մի մասը Ռուսաստանի այցելուների համար պարզապես փակ կլինի», - պարզաբանեց Սամվել Մարտիրոսյանը:

Մարտիորսյանի խոսքով, սա առաջացնում է երկակի խնդիր. մի կողմից ազգային անվտանգության հարց կա, իսկ մյուս կողմից` փաստորեն բախվում ենք գրաքննության հետ:

Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը պահանջում են, որ համացանցը վերահսկելի լինի, մինչդեռ ըստ ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւի` այն իրավունքներն ու ազատությունները, որոնք պաշտպանվում են իրական կյանքում, պետք է պաշտպանվեն նաեւ առցանց:

Ըստ Մարտիրոյսանի, այսօրվա ամենալուրջ վտանգն այն է, որ «պետական անվտանգություն» ձեւակերպման ներքո ճնշում է գործադրվելու ազատ խոսքի իրավունքի վրա:

Բլոգեր Կարեն Վրթանեսյանը, սակայն, կարծում է, որ այսպես յուրաքանչյուր արարք կարելի է քողարկել խոսքի ազատության դրոշով. - «Ես, օրինակ, դեպքեր գիտեմ, երբ դպրոցներում երեխաները հնարավորություն են ստանում նաեւ այցելել դպրոցի ինտերնետով պոռնոգրաֆիկ կայքեր: Հարց է ծագում` արդյո՞ք չպետք է դա խստագույնս վերահսկվի»:

Սա թերեւս հենց այն օրենսդարական բացերից մեկն է, որը դեռեւս մեր երկրում ուշադրության չի արժանացել:

Սամվել Մարտիորսյանը նույնպես խոսեց օրենսդրական լուրջ ու փակուղային մեկ այլ բացի մասին: Խոսքը մարդկանց անձնական տվյալերի մասին է, որոնք բացեիբաց տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Անձնագրերի ու վիզաների վարչության կայքէջերում (ինչը ենթադրում է ժողովրդավարական ռեժիմը). - «Մյուս կողմից` դա անձնական տվյալների պաշտպանության ոտնահարում է, այն էլ` բռի եւ գռեհիկ ձեւով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG