Մատչելիության հղումներ

Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրին, որը գլխավորում էր իսպանացի հանրահայտ կինոռեժիսոր Վիկտոր Էրիսեն, լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչել Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» գեղարվեստական ֆիլմը (Գերմանիա, Ռուսաստան, Լատվիա, Հոլանդիա եւ Բելառուս): Այս անվանակարգում «Արծաթե Ծիրան»-ին արժանացավ Անկա եւ Վիլհելմ Սասնալների (Լեհաստան) նկարահանած «Հեռվից սիրուն է երեւում» ֆիլմը:

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Ոսկե Ծիրան»-ը շնորհվեց պաղեստինցի Էմադ Բուռնաթի «Հինգ կոտրված տեսախցիկ» կինոնկարին, իսկ «Արծաթե Ծիրան»-ը` Ալեքսեյ Վախրուշեւի (Ռուսաստան) «Տուդրայի գիրքը» ֆիլմին:

Լավագույն հայկական խաղարկային ֆիլմ ճանաչվեց եւ «Ոսկե Ծիրան» մրցանակին արժանացավ «Եթե բոլորը» ֆիլմը (ռեժիսոր` Նատալյա Բելյաուսկենե, գլխավոր դերակատար` Միքայել Պողոսյան): Այս աշխատանքը ստացավ նաեւ Էկումենիկ ժյուրիի մրցականը: Այս ժյուրին հատուկ դիպլոմ հանձնեց թուրք ռեժիսոր Օզջան Ալփերի «Ապագան ձգվում է հավերժ կինոնկարին:

Հայաստանի ազգային կինոակադեմիայի մրցանակը ստացավ Սյուզան Խարդալյանի «Տատիկի դաշվածքները» ֆիլմը (Շվեդիա), Բրիտանական խորհրդի մրցանակը բաժին հասավ Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզան Կանանյանի եւ Գարի Կանանյանի (Բրազիլիա) «Հայկական ռապսոդիա»-ն: Այս ֆիլմը ճանաչվեց «Լավագույն հայկական վավերագրական ֆիլմ»:

«Հրանտ Մաթեւոսյան» մրցանակը շնորհվեց Տիգրան Ավետիքյանի «Վատ հայրը» կինոնկարը (Ֆրանսիա): Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության մրցանակին արժանացավ սերբ ռեժիսոր Գորան Ռադովանիչի «Ֆիդելի հետ` ինչ էլ որ լինի»:

Կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» մրցույթում «Ոսկե Ծիրան»-ը շահեց Էդուարդու Մուրուտոի (Բրազիլիա) «Երբ մեռնենք գիշերը»:

Կիրակի երեկոյան 9-րդ «Ոսկե Ծիրան»-ի ամփոփիչ ասուլիսում փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն ասաց. - «Ես գոհ եմ այն արդյունքներից, ինչ որ որոշեց ժյուրին: Շատերը կարող են համաձայնվել, շատերը` ոչ: Բայց այդպիսին է կյանքը»:

Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ Վիկտոր Էրիսեն նշեց, որ փառատոնի ֆիլմերի ընտրությունը «շատ լավն էր». - «Ցավոք, մրցանակները քիչ էին: Եթե ավելի շատ լինեին, ավելի շատ մրցանակներ կտայինք»:

«Այս փառատոնը գործ ունի արդեն իսկ այլ փառատոններում հաղթած ֆիլմերի հետ, եւ շատ հաճախ այս փաստը խնդիրներ է առաջացնում: Կարծում եմ, դա քաղաքական քաղաքականության խնդիր չէ, այլ կինեմատոգրաֆիստական քաղաքականության խնդիր է», - հավելեց նա:

Հարություն Խաչատրյանը նաեւ նշեց, որ «Ոսկե Ծիրան»-ի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է երկու հանգամանքով. - «Մեկը` տեսնելու համաշխարհային կինոարվեստում տեղի ունեցող պրոցեսները եւ արժեքները: Եվ տեսաք, որ ասեղ գցելու տեղ չկար որոշ սեանսներում: Իսկ հայկական ֆիլմերի հանդեպ կա նույնպես երկու հետաքրքրություն: Մեկը` մեր հյուրերինը, որ եկել են, ուզում են հայկական կինո տեսնել եւ հրավիրեն աշխարհ: Մյուսը` տեղայնացված հետաքրքրությունն է. դա հիմնականում մեր կինեմատոգրաֆիստների բարեկամների, ընկերների հախուռն հոսանքն է դեպի կինո: Եվ այն կռիվները եւ քաշքշոցները, որ ուզում են առանց տոմսի մտնել… մեծ դժգոհությունը նույնպես ուրախացնում է մեզ: Որպեսզի մեր երկրում կինոյով զբաղվող մարդիկ հասկանան, որ դահլիճներ են պետք: Մեկուկես կինոթատրոնով հնարավոր չէ միջազգային փառատոն անել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG