Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն իրեն պատասխանատու չի համարում ստորագրահավաքի ձախողման համար


Խորհրդարանի նիստերի դահլիճը, արխիվ

Խորհրդարանի նիստերի դահլիճը, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը իրեն պատասխանատու չի համարում Ազգային ժողովում «Հարսնաքար»-ի գործով ստորագրահավաքի ձախողման համար։

Հիշեցնենք, անցած շաբաթ Հայ ազգային կոնգրեսը հանդես էր եկել երիտասարդ զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվանն հանգեցրած դաժան ծեծկռտուքի առնչությամբ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար ստորագրահավաք անցկացնելու նախաձեռնությամբ, սակայն անհրաժեշտ 44 ստորագրություններից հաջողվեց հավաքել ընդամենը 21-ը, քանի որ իշխող կոալիցիայի մաս չկազմող ուժերից ամենմեծի՝ ԲՀԿ-ի 37 պատգամավորներից նախաձեռնությանը միացան ընդամենը 7-ը։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց, որ իրենք որեւէ պատասխանատվություն չեն կարող ունենալ, քանի որ նման նիստ հրավիրելու անհրաժեշտություն այս պահին չեն տեսնում եւ այդ մասին ի սկզբանե հայտարարել են ոչ կոալիցիոն 4 խմբակցությունների քննարկման ժամանակ։

Ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ամառային արձակուրդների շրջանում իրատեսական չի համարում, որ բավարար թվով ստորագրություններ կհավաքվեն, քանի որ խմբակցության պատգամավորների զգալի մասը հանրապետությունում չեն։

«Նույնիսկ եթե «Բարգավաճ Հայաստան»-ի բոլոր պատգամավորները լինեին Հայաստանում, մենք արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն այս պահին չենք տեսել», - նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը, հավելելով, որ իրենց այն պատգամավորները, որոնք նպատակահարմար են գտել միանալ նախաձեռնությանը, դա արել են սեփական ցանկությամբ։

«Երբ Ազգային ժողովի նախագահը մերժեց 4 քաղաքական ուժերի ստորագրությամբ նախաձեռնությունը՝ հրավիրել «Հարսնաքար»-ի գործով քննչական խմբի ներկայացուցիչներին, հաջորդ քայլը պիտի լիներ այն, որ այն հարցերը, որոնք պիտի բարձրաձայնեինք, եթե Ազգային ժողովում նման հանդիպում կայանար, այդ հարցերը ուղղենք գրավոր», - հիմնավորեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով․ - «Մնացած հարցերը՝ արտահերթ նիստ, ժամանակավոր հանձնաժողով եւ այլն, կարելի կլիներ քննարկել կամ չքննարկել արդեն ավելի ուշ։ Սա մեր դիրքորոշումն է»։

Այն հարցին, թե ԲՀԿ-ն կմիանա՞ աշնանը նույն հարցով ստորագրահավաքի, խմբակցության քարտուղարը պատասխանեց, որ եթե նման նախաձեռնություն լինի՝ կքննարկեն միանալ-չմիանալու հարցը։

Անցած շաբաթավերջին այս ստորագրահավաքը նախաձեռնած Հայ ազգային կոնգրեսը ձախողում չի համարում Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ քանակի ստորագրություններ չհավաքելը։

Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ այս քաղաքական ակցիայի շնորհիվ հնարավոր դարձավ բացահայտել՝ «իշխանությունների կողմից «Հարսնաքար»-ի գործի պարտակման ձգտումը»:

«Մասնավորապես՝ Հանրապետական կուսակցության պատգամավորների մերժումը նշանակում է, որ նրանք շահագրգռված չեն գործի թափանցիկ, օրինական քննության մեջ», - հայտարարեց Զուրաբյանը։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին՝ Լեւոն Զուրաբյանը շարունակում է չմեկնաբանել նրանց կեցվածքը այս հարցում, հայտարարելով, որ Կոնգրեսը պատասխանատու է իր քայլերի համար։

«Իրենք թող պատասխանեն կամ մեկնաբանեն։ Մենք պատասխանատու ենք մեզ համար։ Մեր ֆրակցիայի բոլոր 7 անդամները ստորագրեցին այդ նախաձեռնությունը», - նշում է Լեւոն Զուրաբյանը. - «Ես կարծում եմ, որ ստորագրությունների այն քանակը, որ հավաքվել է, լուրջ նախազգուշական ուղերձ է այս իշխանություններին, որ եթե իշխանությունները դաս չքաղեն, մի քանի շաբաթ հետո մենք կարող է 44-ից ավելի հավաքենք»:

Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ընդդիմության վերջին նախաձեռնությունը որակեց «քաղաքական հնարք», որի «հեռանկարային չլինելը» պարզ է եղել ի սկզբանե:

«Հստակ քաղաքական հնարք է, որը իր մեջ պարունակում է քաղաքական շոուի էլեմենտներ, որովհետեւ եթե իրավապահ մարմինները շատ հստակ, բաց, հրապարակային աշխատում են, երեք օրվա ընթացքում չորս անգամ ասուլիս են հրավիրում, կան ձերբակալվածներ, գնում է նախաքննություն, որեւէ մեկը փաստեր չունի, որ պատգամավոր Հայրապետյանը որեւէ տեղ, որեւէ օրենք խախտել… ոչ այլ կերպ, քան քաղաքական շոու ես չեմ կարող որակել: Եթե հինգ կամ յոթ հոգանոց խմբակցությունը ուզում է 70 խմբակցությանը թասիբի քաշել, դա չի ստացվի, որովհետեւ անօգուտ գործ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի խոսնակը:

Շարմազանովը համոզված է, որ այդ իրավական խնդրին «քաղաքական աստառ» տալու եւ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու հարցը քննարկելու անհրաժեշտություն չկա ոչ հիմա, ոչ էլ աշնանը:

«Արտահերթ նիստը պատվերով համերգ չէ, որ ով երբ ուզի, արտահերթ նիստ հրավիրի: Եթե Հանրապետականը գտնում է, որ մի բան անհրաժեշտ է հասարակությանը, ինքն է նախաձեռնում: ՀՀԿ-ն ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ է նախաձեռնող, այլ նաեւ` ներքին: Մենք գտնում ենք, որ եթե մի բան արդարացված չէ, ուրեմն դրա կարիքը չկա», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG