Մատչելիության հղումներ

Բալասանյանը ԼՂ իշխանություններին կոչ է անում արդար ընտրություններ անցկացնել


Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյան

Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյան

«Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցը Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հետ:

«Ազատություն». - Պարոն Բալասանյան, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը:

Բալասանյան. - Իմ քարոզարշավը կազմակերպվում է իմ շտաբի կողմից, եւ ես այն իրականացնում եմ: Ավելի քան 180 հանդիպում եմ ունեցել, պահպանել եմ օրենքի տառը եւ համոզված եմ, որ հանդիպումների ժամանակ բոլոր ընտրողները, ճիշտն ասած, երեւի բավարարված են իրենց հնչեցրած հարցերի բավարար պատասխաններից եւ ծրագրային դրույթների ներկայացումով:

«Ազատություն». - Իսկ խոչընդոտներ, ճնշումներ ձեր կողմնակիցների, շտաբի անդամների նկատմամբ կա՞ն:

Բալասանյան. - Ճիշտն ասած, եղել են դեպքեր տարբեր շրջաններում՝ Մարտակերտի, Հադրութի, Քարվաճառի, Ասկերանի, Մարտունու եւ նույնիսկ Շուշիի: Ստեփանակերտում համարյա թե խոչընդոտներ չեն եղել: Վերջին անգամ, երբ Շուշիի շրջանում մասնակցում էինք, լույսերն էին անջատել, եւ չէինք կարողանում բարձրախոսով խոսել: Շտաբի պետը զանգեց վարչակազմի ղեկավարին, տեղեկացավ, որ իսկապես վարչակազմի ցուցումով է հատուկ կազմակերպվել, որպեսզի մեր հանդիպումները չկայանան: Նմանատիպ դեպքեր տեղի են ունեցել տարբեր շրջաններում, սակայն ժողովուրդը մասնակցել է, եւ ես համոզված եմ, որ ժողովուրդը չի գնա այդ ճնշումներին: Բայց ճնշումները շարունակվում են:

«Ազատություն». - Պարոն Բալասանյան, ինչպե՞ս որոշեցիք առաջադրվել: Դուք իշխանություններին մոտ կանգնած մարդ եք եղել, 2007 թվականին սատարել եք Բակո Սահակյանին: Ի՞նչ պատահեց:

Բալասանյան. - 2005 թվականին, երբ ես զորացրվեցի, չէի աշխատում ընդհանրապես: Եվ 2007 թվականի նախագահական ընտրությունների նախօրյակին Արա Հարությունյանի միջոցով եւ Բակո Սահակյանի առաջարկով հանդիպել եմ Բակո Սահակյանի հետ: Ճիշտն ասած, ես չէի հավատում եւ չէի վստահում, բայց քանի որ մենք միասին ծառայել ենք Պաշտպանության բանակում երկար տարիներ, ինքը ինձ համոզում էր, որ կաշխատի եւ կպահի օրենքի տառը, կվերականգնի բարոյական արժեքները, եւ ես հավանություն տվեցի ծրագրերին՝ մանավանդ երկրի պաշտպանության, անվտանգության եւ ԼՂՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Բայց երբ Բակո Սահակյանը ընտրվեց նախագահ, երդման արարողությունից հետո ես զբաղեցնում էի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, բազմաթիվ ծրագրեր եմ ներկայացրել` անվտանգության խորհրդի կազմի կառուցվածքը, կանոնակարգը, կանոնադրությունը, հանձնաժողովները, հանձնաժողովների կազմը, որոնք չընդունվեցին Բակո Սահակյանի կողմից: Եվ պատկերացնում եք, սեպտեմբերի 7-ին եղավ երդման արարողությունը, քսան օրվա ընթացքում ձեւավորվեց կառավարությունը եւ կառավարման ձեւավորման հաջորդ իսկ օրվանից՝ ըստ Սահմանադրության, պետք է ըստ պաշտոնի հրավիրվեր անվտանգության խորհրդի նիստ եւ հրամանագրվեին անդամները: Սակայն անվտանգության խորհուրդը ձեւավորվեց 2008 թվականի մայիսի 12-ին` ավելի քան ութ ամիս անց: Երեւի թե այստեղից էլ սկսվեց մեր տարաձայնությունները: Եվ նամանավանդ երբ որ արտաքին քաղաքականությամբ չէր զբաղվում, այնքանով, որքանով... Ես ունեմ ԼՂ հիմնահարցի լուծման ուղիների մասին համապատասխան քսանից ավելի էջից բաղկացած առաջարկություն, ժամանակին ներկայացրել եմ Բակո Սահակյանին, Ազգային ժողովին, արտաքին գործերին նախարարությանը, եւ դա նույնպես մնաց օդում, եւ այստեղից էլ սկսվեցին տարաձայնությունները: Եվ ես դիմում գրեցի ու հրաժարվեցի, այսպես ասած, փափուկ պաշտոնից, որովհետեւ պաշտոնն ինձ համար երբեւիցե ինքնանպատակ չի եղել:

«Ազատություն». - Դուք լսե՞լ եք , որ ձեր թիմի ընդդիմադիր կեցվածքը բնորոշում են որպես սեզոնային ընդդիմություն: Ինչպե՞ս եք վերաբերում այդ բնորոշմանը:

Բալասանյան. - Ճիշտն ասած, կարելի է եւ ընդունված սեզոնային ընդդիմություն հասկացությունը, քանի որ Ղարաբաղում ձեւավորված ընդդիմություն չկա, ինչն էլ շատ սխալ է: Եթե Ղարաբաղում չկա ընդդիմություն, չի կայանա քաղաքական դաշտը, ես համոզված եմ դրանում: Անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից` վստահ եմ, որ կկայանա ընդդիմադիր դաշտը, որը ապագա Ղարաբաղի կայունացման եւ պետականաշինության հիմքում մեծ ներդրում ու լումա կբերի:

«Ազատություն».- Ձեր չընտրվելու դեպքում կարելի՞ է ենթադրել, որ դուք կգլխավորենք ղարաբաղյան ընդդիմությունը:

Բալասանյան. - Ճիշտ կլիներ` հարցը ճիշտ տայիք. իմ ընտրվելու դեպքում ովքե՞ր են լինելու ընդդիմություն... Բակո Սահակյանը եւ այն կուսակցությունները, որոնք մինչ Սահակյանի գրանցումը, առաջադրման օրվանից սատարեցին Բակո Սահակյանին: Կարծում եմ` դրանք կլինեն ընդդիմադիր դաշտում:

«Ազատություն».- Իսկ հակառակ դեպքո՞ւմ:

Բալասանյան. - Եթե հակառակը լինի, Աստված մի արասցե, մենք կառաջնորդենք այդ ընդդիմադիր դաշտում:

«Ազատություն». - Խորհրդարանում ձեզ ներկայացրած կուսակցությունը չսատարեց Ձեր թեկնածությունը: Իսկ ճի՞շտ է, որ Դաշնակցության շարքային կուսակցականներն այսօր Ձեր կողքին են, օգնում են Ձեզ:

Բալասանյան. - Ես բարոյական իրավունք ունեմ խոսելու մի կուսակցության մասին եւ համարժեք գնահատականներ տալ այդ կուսակցության գործունեությանը: Ես միակ մարդն եմ, որ եղել եմ պատգամավոր 2005-ից առայսօր եւ մինչ այդ: Իմ գաղափարներն ավելի դաշնակցական են, քան այսօրվա Կենտրոնական Կոմիտեի ցանկացած անդամի, քանի որ իմ արմատներում կան դաշնակցական մարդիկ՝ իմ երկու պապերը, ովքեր մինչ խորհրդային տարիները եղել են դաշնակցական հրամանատարներ եւ քաղաքական գործիչներ: Եթե ես դաշնակցական չեմ, դա չի նշանակում, որ իմ գաղափարները դաշնակցական չեն: Կոռեկտ չէ Դաշնակցության Կենտրոնական Կոմիտեի մի խումբ անդամների պահվածքը, որոնց մեջ իսկապես կար նյութականը եւ ստրուկը, եւ պահը եկավ, որպեսզի նրանք պատռեն իրենց դիմակները, եւ մենք բոլորս տեսանք նրանց իսկական դեմքը՝ նյութապաշտ եւ ստրկամիտ: Ինչ վերաբերում է նրան շարքային դաշնակցականների աջակցությանը, նախ ասեմ, որ Դաշնակցության շարքային անդամների 90 տոկոսը, ինչու չէ նաեւ վերին մարմինների, խմբերի ղեկավարներն իմ կողքին են: Դա ժամանակը ցույց կտա: Կտեսնեք ընտրությունների ժամանակ, թե ինչպիսի ակտիվություն կցուցաբերեն շարքային դաշնակցականները, քանի որ նրանց մեծամասնությունը իմ մարտական ընկերներն են եւ իմ հրամանատարության տակ ծառայել են: Դավաճանել հրամանատարին այն չէ, ինչ որ պատկերացնում են ոմանք:

«Ազատություն». - Կա մի բան, որ չեմ հարցրել, բայց կուզենայիք ասել:

Բալասանյան. - Ես կոչ կանեի մեր իշխանություններին ձեռնպահ մնալ խարդախություններից, ամեն ինչ անել, որպեսզի ազատ ու արդար ընտրություններ կայանան, որովհետեւ դա մեր ապագան է: Որպեսզի իշխանությունը վերարտադրվի ու պահի իր նյութական արժեքները,1923 թվականին նույնպես կային մի այնպիսի խումբ մարդիկ՝ ստոր խումբ, որ հանրաքվեի ժամանակ մենք ստիպված եղանք ձայն տալ Ադրբեջանին: Եվ այսօր, եթե կլինեն նմանատիպ մարդիկ, ուրեմն դրանք նրանց թոռներն են, որոնք 1923 թվականին կատարեցին այդ ստոր քայլը: Դրանք կհայտնվեն հայոց պատմության դավաճանների ցուցակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG