Մատչելիության հղումներ

Վրաստանում Հայաստանի դեսպանը այցելել է Ջավախք


Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը երեկ հերթական այցն է կատարել հայաբնակ Սամցխե-Ջավախեթի տարածաշրջան:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցելության ընթացքում կայացել է Հայաստանի դեսպանի եւ տարածաշրջանում Վրաստանի նախագահի նորանշանակ լիազոր (նահանգապետ) Իվանե Ծիկլաուրիի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ - վրացական հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր` տնտեսական, սոցիալական եւ մշակութային բնագավառներում: Դեսպանն ու նահանգապետը մտքեր են փոխանակել տարածաշրջանային տնտեսական, ենթակառուցվածքների շարունակական արդիականացման, սոցիալական ծրագրերի, ինչպես նաեւ ջավախահայության ազգային ինքնության պահպանությանն ուղղված համատեղ քայլերի անհրաժեշտության մասին: Ձեռք է բերվել պայմանավորվածություն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ սերտ համագործակցության վերաբերյալ:

Նույն օրը Հովհաննես Մանուկյանը մասնակցել է Ախալքալաքի շրջանում` աշուղ Ջիվանու հայրենի Կարձախ գյուղում, վերանորոգված Սուրբ Կարապետ եկեղեցու դռնբացեքի հանդիսավոր արարողությանը:

Մոտ 100 տարի չգործած եկեղեցին վերանորոգվել է կարձախցիների համատեղ ջանքերով, այդ թվում` գյուղի այն բնակիչների, ովքեր վաղուց հեռացել են Կարձախից եւ այժմ բնակվում են Հայաստանի տարբեր վայրերում:

Արարողությունը կատարվել է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG