Մատչելիության հղումներ

Դատախազը 2-ից մինչեւ 6 տարի պահանջեց ՀԱԿ-ի ակտիվիստների համար


ՀԱԿ-ի ակտիվիստներ (ձախից` աջ) Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արտակ Կարապետյանը եւ Տիգրան Առաքելյանը դատարանի դահլիճում, Երեւան, 14-ը հուլիսի, 2012թ.

ՀԱԿ-ի ակտիվիստներ (ձախից` աջ) Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արտակ Կարապետյանը եւ Տիգրան Առաքելյանը դատարանի դահլիճում, Երեւան, 14-ը հուլիսի, 2012թ.

Ամենամեծ պատժաչափը` 6 տարվա ազատազրկում, սպառնում է Տիգրան Առաքելյանին։

Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը շաբաթ օրը ազատազրկում պահանջեց ե՛ւ անցած տարվա օգոստոսից կալանավորված Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստ Տիգրան Առաքելյանի, ե՛ւ Կարապի լճի շրջակայքում տեղի ունեցած նույն միջադեպի առնչությամբ մեղադրվող ակտիվիստներ Արտակ Կարապետյանի եւ Սարգիս Գեւորգյանի համար, որոնք ժամանակին ստորագրությամբ ազատ էին արձակվել։

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նիստի ժամանակ դատախազը միջնորդեց Առաքելյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման, Կարապետյանի համար պահանջեց երեքեւկես տարվա, իսկ Գեւորգյանի համար` երկու տարվա ազատազրկում։ Միաժամանակ, մեղադրողը նպատակահարմար գտավ, որպեսզի մինչ դատավճիռը չփոխվի նրանց խափանման միջոցը` Առաքելյանը մնա կալանավորված, իսկ մյուս երկուսը՝ ազատության մեջ` չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նույն գործով անցնող չորրորդ ակտիվիստի՝ Դավիթ Քիրամիջյանի համար Հակոբ Մարտիրոսյանը պահանջեց երկու տարվա ազատազրկում, միաժամանակ միջնորդելով պայմանականորեն չկիրառել պատիժը` հաշվի առնելով մեղմացուցիչ մի շարք հանգամանքներ։

Տիգրան Առաքելյանը, ում համար մեղադրողը պահանջեց ամենամեծ պատժաչափը, մեղադրվում է խուլիգանության, իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու, ոստիկանի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ՝ կապված նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Արտակ Կարապետյանը մեղադրվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, իսկ Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ:

«Մեղադրանքները հիմնավորված են»


Մեղադրողը հայտարարեց, որ ակտիվիստներին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են, եւ նրանք «իրենց կատարած արարքի համար ենթակա են պատիժը կրելու»։

«Ոստիկանների գործողություններին ապօրինի միջամտություն են ցույց տվել ամբաստանյալները։ Նրանք գործել են խուլիգանական մղումներով, հասարակության եւ բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքով, եւ ամբաստանյալների վարքը բացահայտ մարտահրավեր է եղել` ուղղված հասարակության եւ հասարակական կարգի դեմ», - հայտարարեց Հակոբ Մարտիրոսյանը։

Մեղադրողը դատաքննությամբ հիմնավորված է համարում «առանց դնչկալի շան» վարկածը, ըստ որի` անցյալ տարվա օգոստոսի 9-ի երեկոյան քաղաքացի Զաքար Զաքարյանը շանը ման է տվել Տերյան փողոցի բնակելի շենքի մոտակայքում, ոստիկանները մոտեցել են, դիտողություն են արել, շատ տերը ներողություն է խնդրել եւ հեռացել, ինչից հետո սկզբում Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանն ու Արտակ Կարապետյանը, հետո՝ մյուսները մոտեցել եւ սկսել են, ըստ մեղադրող կողմի, վիրավորել, բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ, խանգարել են շրջապատի քաղաքաքացիների անդորրը։ Ոստիկանները ստիպված են եղել նրանց բերման ենթարկել, ինչի ընթացքում Տիգրան Առաքելյանը չի ենթարկվել, դատախազի բնորոշմամբ, ոստիկանի օրինական պահանջներին, գլխով հարվածել է նրա քթին` պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք։ Հետո երիտասարդները ագրեսիվ վարք են ցուցաբերել ոստիկանության բաժանմունքում։

«Ամբաստանյալների գործողությունները ուղղված են եղել ոչ միայն միջադեպի մասնակից ոստիկանության դեմ, այլ նաեւ ողջ հասարակության նկատմամբ», - ասաց Մարտիրոսյանը։

Ի դեպ, ոստիկան Տիգրան Ավետիսյանի քթի կոտրվածքի եւ գլխուղեղի ցնցման պատճառով է դատախազը Տիգրան Առաքելյանի համար 6 տարվա ազատազրկում պահանջում։

«Պատիժը շատ խիստ է»


Ե՛վ Առաքելյանը, ե՛ւ պաշտպանը ի սկզբանե հերքում են մեղադրող կողմի վարկածը` պնդելով, որ ոստիկանները գործել են օրենքից դուրս, որեւէ շուն չի եղել տարածքում, սկզբում իրավապահները «ռազբորկա» են արել ինչ-որ քաղաքացիների հետ, հետո՝ վիճաբանել եւ ծեծի են ենթարկել Կոնգրեսի ակտիվիստներին, բռնի կերպով՝ մեջքից գրկած եւ պարանոցը թեւերով սեղմելով ցանկացել են Առաքելյանին մտցնել ոստիկանական մեքենան՝ բերման ենթարկելու համար, վերջինս գլխի կտրուկ շարժում է արել` գլուխն ազատելու համար, ինչի հետեւանքն է եղել ոստիկանի քթի կոտրվածքը:

Փաստաբան Ստեփան Ոսկանյանը այսօր նիստից հետո հայտարարեց, որ մեղադրանքը դատարանում չի հիմնավորվել, եւ երիտասարդների նկատմամբ մեղադրողի պահանջած պատիժը «շատ խիստ է», եթե նույնիսկ իրոք նման արարքներ գործած լինեին։

«Այն բոլոր ապացույցները, որոնք ձեռք են բերվել եւ, ըստ մեղադրանքի կողմի, ներկայացվեցին, հիմնականում ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներն են, եւ այլ ապացույցներով դրանք հիմնավորված չեն։ Իսկ այլ վկաների ցուցմունքները նախաքննական մարմինը հարմարեցրել է գործի հանգամանքներին», - ասաց փաստաբանը` ամփոփելով. - «Այսինքն, այդ ցուցմունքները շինծու ցուցմունքներ են»։

Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի միջնորդությունը այսօր զայրացրեց դատական նիստի մասնակիցներին։ Տիգրան Առաքելյանը հայտարարեց, որ «մեղադրանքը տապալված է»` խոստանալով դա ապացուցել: Դավիթ Քիրամիջյանի հայրը նիստի ավարտին վիճաբանության մեջ մտավ մեղադրողի հետ, իսկ նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ե՛ւ նա, ե՛ւ մյուսները միաբերան հայտարարեցին, թե մեղադրողը «պատվեր է կատարում»։

ՀԱԿ-ը դատապարտում է


Հայ ազգային կոնգրեսը պաշտոնապես դատապարտում է իր ակտիվիստներին 2-ից մինչեւ 6 տարվա ազատազրկման դատապարտելու՝ մեղադրող կողմի միջնորդությունը: Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այն պայմանավորեց «Հարսնաքար»-ի հետ կապված վերջին բողոքի ակցիաներին այս երիտասարդների ակտիվ մասնակցությամբ։

«Դատախազի այս քայլը, որը չէր կարող կայանալ առանց հրամանի` նախագահականից, նշանակում է մի բան, որ իշխանությունները մտահոգված են «Հարսնաքար»-ի դեպքերի հետ կապված այս շարժման թափից եւ ցանկանում են ամեն ինչ անել, որ կարողանան այդ շարժման թափը կոտրել։ Մենք շատ լավ գիտենք, որ այդ տղաները ակտիվորեն մասնակցում են այդ շարժմանը, եւ հիմա փորձում են նրանց վախեցնել։ Սա քաղաքական ահաբեկում է», - հայտարարեց Զուրաբյանը։


Ամբաստանյալներն ու պաշտպանական կողմը խոսքով հանդես կգան հուլիսի 19-ի նիստում, որին կհաջորդի դատավճիռը:

XS
SM
MD
LG