Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, ուղերձ է հղել Ֆրանսուա Օլանդին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ շնորհավորում է Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին, Երեւան, 13-ը հուլիսի, 2012թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ շնորհավորում է Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին, Երեւան, 13-ը հուլիսի, 2012թ.

Հուլիսի 14-ին Ֆրանսիայում նշվող ազգային տոնի` Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:

Հայաստանի նախագահը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Մեծարգո պարոն Նախագահ, ջերմորեն շնորհավորում եւ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ եւ ֆրանսիացի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի` Հուլիսի 14-ի առթիվ: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ - ֆրանսիական դարավոր բարեկամության վրա խարսխված Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, սերտ գործակցությունը երկկողմ ձեւաչափով, եվրոպական կառույցների շրջանակներում եւ միջազգային ասպարեզում, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում հաստատված տնտեսական սերտ կապերը, միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված արդյունավետ համագործակցությունն ավելի կամրապնդվեն եւ նոր լիցք կստանան՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության խորացման»:

Հայաստանի նախագահը վերստին շնորհակալություն է հայտնել «այն կարեւոր առաքելության համար, որ իրականացնում է Ֆրանսիան որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության եւ համագործակցության հաստատման»:

«Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը, որոնց եւս մեկ արտահայտությունն էր Ձեր, Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների Նախագահների կողմից հունիսի 19-ին Լոս Կաբոսում արված համատեղ հայտարարությունը», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում։

«Մենք մեծապես կարեւորում ենք Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցմանը եւ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված ջանքերին», - ֆրանսիացի գործընկերոջը գրում է Հայաստանի նախագահը` մաղթելով Օլանդին նորանոր հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամն ժողովրդի` երջանկություն եւ բարօրություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG