Մատչելիության հղումներ

Բնապահպանները բողոքում են, որ Ազգային ժողովը Սեւանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու համար օրենքում փոփոխությունն ընդունեց առանց իրենց հետ քննարկումների:

Օրենսդրական այս փոփոխության նախաձեռնողը կառավարությունն էր, որը, համաձայն միջազգային փաստաթղթերի ու Հայաստանի օրենսդրության, պարտավոր էր այն քննարկել հանրության ու շահագրգիռ անձանց հետ:

Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային էջում նշվում է, որ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումները խորհրդարանը կատարել է դեռ հունիսի 22-ին` ամբողջությամբ ընդունելով այս նախագիծը: Մինչդեռ բնապահպաններն այդ մասին իմացել են երկու օր առաջ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում այս հարցի վերաբերյալ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ կառավարությունն այս կերպ խախտել է շրջակա միջավայրի վերաբերյալ ընդունվող որոշումներում հասարակության մասնակցության իրավունքը:

Օմբուդսմենը, իր հերթին, այս մասին արդեն հայտարարություն է տարածել` անընդունելի համարելով կառավարության նման մոտեցումը: «Անընդունելի է շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ սահմանված ընթացակարգային կանոնների անտեսումը, որի արդյունքում խախտվում են շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացման թափանցիկության, հանրային մասնակցության ապահովման սկզբունքները», - ասված է, մասնավորապես, Կարեն Անդրեասյանի հայտարարությունում։ Պաշտպանը կոչ է անում հետեւել օրենքների կատարմանն ու հանրությանը մասնակից դարձնել որոշումների կայացման գործում:

Կառավարությունը Սեւանա լճից տարվա ընթացքում լրացուցիչ 150 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու իր նախաձեռնությունը պայմանավորում է Արարատյան դաշտի ոռոգման խնդիրներով: Անցած ամիս վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ արտակարգ իրավիճակ է ստեղծվել ջրի սակավության պատճառով։ Մինչդեռ բնապահպանները նշում են, որ նման խնդիր չկա:

«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ մի շարք հարցերի: Օրենքով սահմանված առավելագույն քանակը այս փոփոխություններից առաջ տարեկան մինչեւ 170 միլիոն խորանարդ մետր էր, իսկ օրենքում կատարված փոփոխությամբ առավելագույն քանակ է սահմանվել 320 միլիոն խորանարդ մետրը: Բնապահպանների տվյալներով, այս տարվա մայիսին Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 145 միլիոն խորանարդ մետր ջուր` այն դեպքում, երբ նախորդ տարիներին դա տեղի էր ունենում հուլիսի կեսերից հետո: Բնապահպաններն ասում են, որ սա կատարվել է ջրի լրացուցիչ բացթողնման` կառավարության նախաձեռնության անհրաժեշտությունը հիմնավորելու համար:

«Իմաստը ո՞րն է, որ մայիսին 170 միլիոն խորանարդ մետրից բաց թողեցին 145 խորանարդ մետր, ի՞նչ արեցին այդ քանակը, ո՞ւմ էր այդ ժամանակ պետք», - նշեց Զարաֆյանը։

Կառավարությունը մայիսին Սեւանից ջուր բաց թողեց ոռոգման նպատակներով` այն ժամանակ նշելով, որ բավարար տեղումներ չկան:

Զարաֆյանի պնդմամբ, մինչդեռ, կառավարությունն այս քայլին գնաց, որպեսզի մի շարք խնդիրներ լուծի` առաջին հերթին պաշտպանի լճի ափերին տեղակայված շինությունները, որոնք Սեւանի մակարդակի բարձրացումից հետո պետք է քանդվեն:

«Այդ օբյեկտների հարցը լուծված չի: Հայաստանի նախագահին առընթեր [Սեւանա լճի հարցերով] հանձնաժողովը պետք է այդ հարցը լուծեր, բայց չի լուծել: Հիմա էլ այնտեղ շինարարարություն է կատարվում», -ընդգծեց բնապահպանը:

Հայաստանի նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերով հանձնաժողովի անդամ Կարինե Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե իրենց համար մի քիչ անհասկանալի է կառավարության նման նախաձեռնությունը: Այդուհանդերձ, նա հույս հայտնեց, որ հաշվի առնելով այժմյան անձրեւները` լճից բաց թողնվելիք ջրի ծավալը չի հասնի 320 միլիոն խորանարդ մետրի:

Ինչպես բնապահպաններից ոմանք, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտի մասնագետներն ասում են, որ այս տարին երաշտային չէ ու հետեւաբար` ջրի սակավության հարց չկա:

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ոռոգման ջրի խնդիր այս տարի չկա:

«Անընդհատ անձրեւներ են գալիս, ոռոգման խնդիր այս առումով չկա», - ասաց նա։

Արմավիրի մարզի գյուղատնտեսներն ասում են, թե այս տարի ոռոգման ջրի խնդիր չունեին, բերքն արդեն հավաքել են ու այլեւս լրացուցիչ ջրի կարիք չունեն։

XS
SM
MD
LG